Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ մեկնարկեց առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և Հանրապետական հիվանդանոցի ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործի դատական քննությունը:

Փոխնախարար Արսեն Դավթյանը ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել էր 2019 թվականի մարտի 30-ին իր աշխատասենյակում Հանրապետական հիվանդանոցի ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանից 3 հազար դոլար կաշառք ստանալու պահին: Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին՝ նկատի ունենալով նրա տարիքն ու առողջական վիճակը, իսկ Արսեն Դավթյանի նկատմամբ՝ կալանավորումը: Այնուհետև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արսեն Դավթյանն ազատ էր արձակվել 15  միլիոն դրամ գրավի դիմաց:

Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել  այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ՝ առողջապահության փոխնախարար, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել՝ ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու,  իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ ի նպաստ կաշառատուի գործողություններ կատարելու համար:

Ըստ մեղադրանքի՝ փոխնախարար Արսեն Դավթյանը նպաստել է, որ, մասնավորապես, Աբրահամյանի ղեկավարած ինստիտուտում հղիության պաթոլոգիայի գծով ֆինանսավորումը՝ նախարարության կողմից անցկացվող ֆինանսական համահարթեցման արդյունքում կրճատվի ոչ թե 240 միլիոն, այլ՝ 110 միլիոն դրամով:

Արսեն Դավթյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Ռազմիկ Աբրահամյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի  312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Դատարանը ճշտեց ամբաստանյալների ինքնությունը:

Արսեն Դավթյանը 44 տարեկան է: Ներկայումս աշխատում է որպես «Արմենիա» բժշկական կենտրոնի տնօրենի խորհրդատու և Մանկական վերականգնողական կենտրոնի՝ զարգացման գծով պատասխանատու: Արսեն Դավթյանի խնամքին են երեք անչափահաս երեխաները՝ 17,  7 և 5 տարեկան:

Ռազմիկ Աբրահամյանը 76 տարեկան է: Նա ունի 3 դուստր, 5 թոռ:

Հանրապետական հիվանդանոցի ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի անունը կապվում է նաև վերջերս մեծ աղմուկ բարձրացրած՝ նորածիններին արտերկրի քաղաքացիներին որդեգրման հանձնելու գործի հետ:

Դատարանը որպես Արսեն Դավթյանի շահերի պաշտպանի՝ ի լրումն նրա ունեցած երկու պաշտպանների, ներգրավեց նաև փաստաբան Ա. Թումասյանին:

Ռազմիկ Աբրահամյանի շահերը պաշտպանում է փաստաբան Ս. Դիլբանդյանը:

Կողմերը նոր ապացույցներ ձեռք բերելու հետ կապված միջնորդություններ չունեին:

Մեղադրող դատախազ Ա. Մանուկյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Արսեն Դավթյանն իրեն մեղավոր չճանաչեց:

Ռազմիկ Աբրահամյանն իրեն մեղավոր ճանաչեց՝ հավելելով, թե մեղադրանքն ընդունում է ձևակերպման հետ կապված որոշ վերապահումներով, որոնք հետագայում կմանրամասնի իր շահերի պաշտպանը:

Դատարանը կողմերի լիակատար համաձայնության մթնոլորտում սահմանեց ապացույցների հետազոտման կարգը՝ կհետազոտվեն քրեական գործում առկա գրավոր փաստաթղթերը և այլ ապացույցները, կհարցաքննվեն վկաները, ապա՝ ամբաստանյալները:

Դատարանն անցավ փաստաթղթերի հրապարակմանը:

Հենց սկզբում Արսեն Դավթյանի հեռախոսահամարների նկատմամբ դատարանի որոշմամբ հսկողություն սահմանելու արդյունքում կատարված գաղտնալսումների ձայնագրությունների վերծանումների զննության արձանագրությունն էր:

Մինչև արձանագրության հրապարակումը՝ նախագահողն առաջարկեց հրապարակել հենց լազերային սկավառակի պարունակությունը՝ գաղտնալսված խոսակցությունների ձայնագրությունները, և զուգահեռ հետևել այդ խոսակցությունների վերծանման զննության արձանագրությանը:

Կողմերը չառարկեցին: Բայց մինչ լազերային սկավառակի պարունակության հետազոտումը՝ Արսեն Դավթյանի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Թումասյանը միջնորդեց, որ դատարանը սահմանափակի լրագրողների աշխատանքը՝ տվյալ ապացույցի հետազոտման ընթացքում արգելելով տեսանկարահանում և ձայնագրություն կատարելը, քանի որ գաղտնալսված հեռախոսազրույցներում առկա են իր պաշտպանյալի անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ, որոնք դռնբաց դատական նիստում, լրատվամիջոցների ներկայությամբ հրապարակման ենթակա չեն:

Այս միջնորդությունն ավելի «զարգացրեց» Ռազմիկ Աբրահամյանի շահերի պաշտպան, փաստաբան Ս. Դիլբանդյանը: Նա նշեց, թե իր պաշտպանյալի կոնվենցիոն իրավունքի մասին է խոսք գնում՝ անձնական կյանքի գաղտնիության, անձնական տվյալների հրապարակման անթույլատրելիության մասին: Պաշտպանը միջնորդեց ապացույցների հետազոտման փուլը, մասնավորապես՝ հեռախոսային գաղտնալսումների վերծանումները և «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման տեսագրությունը հետազոտել դռնփակ պայմաններում, իսկ դատաքննության մնացած մասն իրականացնել դռնբաց, քանի որ իրենք կողմ են գործի հրապարակային քննությանը:

Մեղադրող դատախազ Ա. Մանուկյանն առարկեց պաշտպանների միջնորդության դեմ՝ նշելով, թե չի առարկում միայն, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների վերծանումների հրապարակման ընթացքում արգելվի տեսաձայնագրառումը: Բայց այս գործով դատական քննության որևէ փուլ դռնփակ անցկացնելուն մեղադրողը դեմ արտահայտվեց՝ նշելով, թե այդպիսով կխախտվի դատաքննության հրապարակայնության սկզբունքը. ամբաստանյալներին մեղսագրված արարքներն առնչություն չունեն նրանց անձնական կյանքի գաղտնի տվյալների հետ:

Դատարանը որոշեց շարունակել գործի դռնբաց քննությունը՝ միայն հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների վերծանումների հետազոտման ընթացքում սահմանափակել լրատվամիջոցների գործունեությունը՝ արգելելով տեսաձայնագրառում կատարելը:

Դատարանի դահլիճում ներկա էին միայն դատավարության կողմերն ու լրատվամիջոցների ներկայացուցիչները, այնպես որ՝ տեսաձայնագրառումն արգելելու որոշումից հետո դահլիճը շուտով համարյա դատարկվեց:

Հրապարակվեցին Արսեն Դավթյանի՝ գաղտնալսված հեռախոսազրույցների ձայնագրությունների վերծանումների այն հատվածները միայն, որոնք, մեղադրողի մատնանշմամբ՝ առնչություն ունեին առաջադրված մեղադրանքի հետ:

Արսեն Դավթյանի հետ հեռախոսազրույցներում Ռազմիկ Աբրահամյանը ջերմության մարմնացում էր՝ հնչում էին արտահայտություններ՝ «Ցավդ տանեմ, խնդրում եմ… Համբուրում եմ…»: Ձերբակալման նախորդ օրվա հեռախոսազրույցում Ռազմիկ Աբրահամյանը պայմանավորվել է Արսեն Դավթյանի հետ՝ հաջորդ օրը հանդիպելու մասին:

Արսեն Դավթյանի հետ հեռախոսային խոսակցություններ է ունեցել նաև նախարար Արսեն Թորոսյանը: Խոսակցությունների նյութը հիմնականում տարբեր բուժհաստատությունների ֆինանսավորման  հարցերն էին, մասնավորապես՝ պետպատվերի բաշխումներն ու վերաբաշխումները:

Դատական հաջորդ նիստին՝ 2020 թվականի հունվարի 16-ին, դատարանը կշարունակի քրեական գործում առկա գրավոր և այլ  ապացույցների հետազոտումը: