Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի տարեվերջյան գալա-համերգը ներկայացրեց Կոմիտասի ստեղծագործությունից առնված հայրենաբաղձ երգերի ու նվագների մի փունջ:

Ներքին տրամաբանությամբ կապված ու տրամադրությունների, զգացմունքների հետզհետե զարգացմամբ – շիկացմամբ կառուցված «կոմիտասյան» այս համերգը միայն ձևով էր ավարտական ակորդներից մեկը Մեծ երգահանի հոբելյանական տարվա, իսկ իրականում «Տաղարանը» շարունակաբար և հետևողականորեն իր երգացանկում ընդգրկում է Կոմիտասի ստեղծագործությունները՝ շերտ առ շերտ բացահայտելով մեզ հայտնի ու նույնքան անհայտ հանճարի արվեստի գաղտնիքները՝ պեղելով դրանց նոր շերտեր, զարմանքի ու հիացման նորանոր առիթներ տալով հանդիսականին:

Հայրենակարոտի, հարազատ եզերքի բաղձանքի, սիրուն միախառն ցավի արտահայտություններն անհամար են մեր մշակույթում՝ գրականությունում, երգարվեստում: Քուչակյան պանդխտության բանաստեղծությունից մինչև մեր օրերի «կարոտի գրականությունը» դրա ապացույցն են: Նույնն էլ՝ երաժշտարվեստում: Եվ, ուրեմն, պատահական չեն հայրենաբաղձության գերագույն արտահայտությունները նաև Կոմիտասի ստեղծագործության մեջ, ընդ որում, դրանցից շատերը գլուխգործոցների արժեք ունեն:

Կոմիտասյան երաժշտական գանձարանը մեզ ուղեկցեց «Տաղարանի» գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Մաեստրո Սեդրակ Երկանյանը 2019-ի տարեվերջյան գալա-համերգին, որին հնչեցին սիրո, հայրենիքի ուխտի, կարոտից տոչորման, ընձալի սպասման, հուսառատ հարցման, հայրենի վայրերին մտովի փարվելու երաժշտական գողտրիկ պատումներ, հույս, հավատ ու պանծացում բովանդակող երգեր ու նվագներ: Համույթի նվագակցությամբ սրտահույզ նվագներ հնչեցրեց դուդուկահար Արտակ Ասատրյանը:

Հանդես եկան «Տաղարանի» ողջ երգչական խումբը՝ մեներգիչներ Պերճ Քարազյանը, Լուսինե Մարկոսյանը, Հովսեփ Նշանյանը, Գալինա Ցոլակյանը և հրավիրյալ երկու երգչուհիները՝ Գայանե Ղամբարյանն ու Սիրանույշ Առաքելյանը:

Սա նաև «Տաղարանի» հետ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհի Սիրանույշ Առաքելյանի համագործակցության անդրանիկ քայլն էր, որ հավանաբար շարունակություն կունենա…

Հարուստ և ճկուն ձայներ, նուրբ և գեղարվեստորեն պարզ կատարումներ, Կոմիտասի ստեղծագործության բնույթի և ոճի ճիշտ զգացում,- սա՛ էր հատուկ տաղարանական կատարումներին:

Համերգը հերթական տուրքն էր Կոմիտասի վառ կերպարին ու արած գործին: «Քաջություն ունենանք տեսնելու մեր՝ ազգակիցներիս մեղքի բաժինը Կոմիտասի ճակատագրի մեջ և նույն քաջությամբ ասենք. մեղավոր ենք Կոմիտասի առաջ…,- սրանք Սեդրակ Երկանյանի մտածումներն են կոմիտասյան թեմայի շուրջ,- մեղավոր ենք, ուրեմն, ողջ հայ երաժշտության առաջ, ուրեմն նաև՝ մեր նախնյաց ոգու առաջ: Ու եթե չթվարկենք մեկ առ մեկ մեր մեղքերը, առանց վախենալու, թե ով, որտեղ ինչ կասի, չենք փրկվի շատ-շատ լայն առումով, ու չենք վերադարձնի մեր վարդապետին, չենք կարող շիտակ ընդառաջ գնալ մեր իրավունքներին:

Արժանիորեն ողողենք մեր միտքն ու հոգին ազգային խորախորհուրդ պաշտպան կոմիտասյան ձայների հնչյուններով: Իր ծիածանվող երգերի ամենժամյա, ամենօրյա մտմտուքով արժանին հատուցենք Կոմիտասին, որպեսզի բարին շատանա:

Միշտ բաց պահենք մեր հոգու ու մտքի դռներն ու պատուհանները, որպեսզի ներս ու դուրս ղողանջի հայր Կոմիտասի քաղցրիկ ձայնը՝ որպես նախնյաց ոգու կանչ,
ապրել այնպես, որ բավ լինի այլևս երթալ
«ու ձի թալել էն ելման գետեր,
ըլնիլ մեծ ձկներու ձագերացն կեր».
որ մեր կռունկներին ոչ թե Բաղդադներից ու Հալեպներից կանչենք ու հարցնենք՝
Կռունկ, խաբրիկ մը չունի՞ս,
որ հայրենի անդաստաններից հետ կանչենք մեր կռունկներին ու լորիկներին ու տնավորվենք:
Այնպես ապրենք, որ մեր արոտներից ոչ միայն առատ բերք հնձենք, այլև երազներ ու կարոտներ, ձայներ ու ղողանջներ…»:

«Հայաստան, երկիր դրախտավայր,
Դու մարդկայնո ցեղիս օրրան,
Դու և բնիկ իմ հայրենիք,
Հայաստա՜ն, Հայաստա՜ն…»:

Այս վեհացնող խոսքերով և կոմիտասյան երաժշտությամբ ավարտվեց Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի տարեվերջյան գալա-համերգը, որն ասես ամփոփումը եղավ՝ ողջ 2019-ին կոմիտասյան հարուստ ժառանգությանը համույթի և Մաեստրո Սեդրակ Երկանյանի բազմապիսի, հաճախ անակնկալ, երբեմն էլ՝ հայտնությունների համահավասար անդրադարձների:

Հասմիկ Սարգսյան

На изображении может находиться: 6 человек, люди улыбаются, люди стоят, костюм и в помещенииНа изображении может находиться: 5 человек, люди стоят и в помещенииНа изображении может находиться: 4 человека, люди улыбаются, люди стоят, костюм и в помещенииНа изображении может находиться: 4 человека, в том числе Haykuhi  Hakobyan, в помещенииНа изображении может находиться: 3 человека, люди стоят и в помещенииНа изображении может находиться: 3 человека, в том числе Kristina Chtchyan, люди стоят, костюм и в помещении