«Միջանկյալ» բանկից «թռցրած» պարկերով փողը թաքցրել էին Թատերականի կիսակառույց շենքի նկուղում՝ աղբի մեջ

- in Իրավունք
Dolar

Անցած դարի 50-ականներին Երևանի ներկա՝ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում մի «միջանկյալ» բանկ կար, որտեղ հավաքվում էին քաղաքի մթերային խանութներից ստացված գումարները, հաշվառվում, պարկերի մեջ էին լցվում, ու երեկոյան պարկերը տեղափոխում էին Կենտրոնական բանկի հայկական գրասենյակ:

1953 թվականի ձմռանը դիմակավորված տղամարդկանց մի խումբ երեկոյան՝ մինչև Կենտրոնական բանկի ինկասատորի գալը, մտել էր «միջանկյալ» բանկ և պարկերի մեջ լցված ամբողջ գումարը հափշտակել էր:

Գործի քննության ընթացքում պարզվեց, որ փողով լի պարկերը հափշտակելով՝ խումբը դուրս էր եկել միջանկյալ բանկից, բայց պայմանավորված վայրում պայմանավորված մեքենան չէին գտել: Այդ մեքենան «միջանկյալ» բանկին մոտեցել էր փոքր-ինչ ուշացումով, բայց տեսնելով, որ բանկն արդեն շրջապատված է միլիցիայի աշխատողներով, վարորդը մեքենան թողել ու փախել էր…

Իսկ գողերը, բանկից դուրս գալով ու իրենց մեքենան չգտնելով, ոտքով փախել էին դեպի այն ժամանակվա Թատերական ինստիտուտի կիսակառույց շենքը: Փողը թաքցրել էին կիսակառույցի նկուղում կուտակված շինարարական աղբի մեջ ու գնացել էին գարաժ՝ մեքենայի հետևից: Ոչ մեկին չէին կարգել թաքցրած փողը հսկելու, մտածել էին՝ կարճ ժամանակվա մեջ ո՞վ է մտնելու շինարարական աղբով լցված նկուղը:

Բայց ստացվել էր այնպես, որ մի տարեց, աղքատ կին մտել էր նկուղ ու շինարարական աղբի միջից սկսել էր վառելափայտ հավաքել: Ու անսպասելի՝ գտել էր փողով լցված պարկերից մեկը: Կինը վառելափայտի մասին մոռացել ու սկսել էր փողը լցնել գոգնոցի մեջ: Այդ պահին նկուղ էին մտել գողերը ու, տեսնելով իրենց ավարից մի գոգնոց վերցնող կնոջը, փորձել էին վախեցնել, բայց կինը աղմկել էր: Գողերը թույլ էին տվել, որ նա վերցրածը տանի, միայն թե աղմուկ չբարձրացնի:

Կնոջ հեռանալուց հետո գողերը փողի պարկերը դրել էին կիսակառույցի մոտ բերված մեքենան, գնացել էին իրենց թաքստոց ու փողերը բաժանել էին իրար մեջ:

«Միջանկյալ» բանկի կողոպուտից որոշ ժամանակ անց փոստից տեղեկություն ստացվեց, որ Կոնդի բնակիչ Ժորա Մ.-ի անունով հեռագիր է եկել, թե նա Նալչիկ քաղաքի հյուրանոցում թողել է… 37 հազար ռուբլի:

Իրավապահներն արագ պարզեցին Կոնդի բնակիչ Ժորայի ինքնությունը: Հաջորդ օրը նրան Կենտրոնական բանկ հրավիրեցին՝ Նալչիկում կորցրած փողերը վերադարձնելու: Ժորան ներկայացավ բանկ, փողերը ստացավ, սակայն բանկից դուրս գալու ժամանակ նրան շրջապատեցին, բռնեցին ու բերման ենթարկեցին…

Պարզվեց, որ Ժորան փողը ստիպված էր թողել Նալչիկի հյուրանոցում ու փախել-փրկվել էր, որովհետև տեղի հանցավոր խմբավորումն իմացել էր հյուրերից մեկի մոտ մեծ գումարի առկայության մասին ու ներխուժել էր հյուրանոց…

Ժորան խոստովանեց կատարածը: Մի քանի օրվա մեջ ձերբակալվեցին նաև նրա հանցակիցները: Բոլորը դատապարտվեցին տևական ազատազրկման: Հափշտակված ամբողջ գումարը, բացառությամբ տարեց կնոջ տարած մի գոգնոց փողից, վերադարձվեց Կենտրոնական բանկ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...