ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ քրեական գործերի շրջանակներում Հայաստանից հեռացած պաշտոնյաներին:

Նրա խոսքով՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը Հայաստանից հեռացավ մի պայմաններում, երբ պարզ է, որ նրան մեղադրանք պետք է առաջադրվեր: «Այո, շատ օբյեկտիվ մեղադրանք է հնչում՝ բա ինչու՞ ինքը գնաց: Բայց դա քաղաքական մեղադրանք է, իրավական չէ: Եթե իրավապահ մարմիններն իրեն թույլ չտային գնալ, նա՝ Ազգային ժողովի պատգամավոր, անձեռնմխելիության իրավունքից օգտվող, լինելու էր ապօրինություն»,- ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ կա անձ, ով գիտի, որ շուտով իրեն մեղադրանք է առաջադրվելու: Եվ մեծ հավանականություն կա, որ երբ այդ մեղադրանքն առաջադրելու պահը հասունանա, ՀՀ-ում չի լինի: «Երեկ ես այդ հարցը տալիս էի, ասում էի՝ կարո՞ղ ենք արգելել իրեն ՀՀ-ից ելքը: Ինձ ասում են՝ եթե մեր սկզբունքն օրինականությունն է, մենք օրենքով նման բան անել չենք կարող: Սկզբունքները կարող ենք ուղղակի փակել ու թույլ չտալ, բայց մենք հանրայնորեն պետք է որոշենք՝ ինչ ենք ուզում: Սա շատ բարդ թեմա է»,- ասաց նա: Վարչապետը հավելեց, որ բարդ թեմա է նաև նրանց Հայաստանը վերադարձնելը, բայց այդ ուղղությամբ կաշխատեն՝ մի մասին կհաջողվի վերադարձնել, մյուս մասին չի հաջողվի:
Նա նշեց, որ երբ ասում են՝ իշխանությունը թույլ է, պետք է հասկանալ, թե ինչ նկատի ունեն: «Եթե նախկինում ուժեղ էր այն իշխանությունը, որը պադեզդներում սպանում էր քաղաքական հակառակորդներին, մենք մեր արժեքային համակարգով ուժեղ իշխանություն ասելով՝ նկատի ունենք իշխանություն, որն ունի սկզբունքներ, այդ սկզբունքները հրապարակային են և արժանացել են ժողովրդի աջակցությունը, իրականացնում է այդ սկզբունքները: Համենայնդեպս, իմ պատկերացմամբ, ուժեղ իշխանությունը բիրտ իշխանությունը չէ»,- ասաց Փաշինյանը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...