Մոսկվայի իրենց փաստացի վերադասներին կհորդորե՞ն մահաբեր սպառազինություն չմատակարարել Ադրբեջանին

- in Ով ով է ...

Ռուսական «Վեդոմոստի» պարբերականը տեղեկություն է հրապարակել, որ քաղաքական բարձր մակարդակում հավանության է արժանացած ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական նոր գործարքը՝ Սու 57 բազմաֆունկցիոնալ նորագույն կործանիչների գնման շուրջ:

«Վեդոմոստին» հայտնում է, որ այդպիսով Ադրբեջանը փորձում է յուրօրինակ կերպով արձագանքել Սու 30 ՍՄ չորրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչների Հայաստանի ձեռք բերման իրողությանը: Կլինի՞ ռուս-ադրբեջանական նոր գործարք և բազմամիլիարդ սպառազինության նոր վաճառք Բաքվին:

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը Ռուսաստանի առաջ դնում է ռազմաքաղաքական հարաբերության նոր նշաձողեր և պատերազմի կանխման համար հստակ պատասխանատվություն: Ռուս-ադրբեջանական գործարքը որևէ կերպ չի կարող համարժեք լինել այդ իրողություններին, թեև ինքնին հասկանալի է, որ խոսքն անշուշտ մեկ-երկու օրում կամ տարում տեղի ունենալիք գործարքի մասին չէ:

«Վեդոմոստիի» տեղեկությունը, սակայն, հետաքրքիր կամ ուշադրության է արժանի մեկ այլ տեսանկյունից, մեկ այլ իրողության ֆոնին: Օրերս Հայաստանում տարածվեց տեղեկություն, թե ինչպես են մի քանի տասնյակ «աստղեր» հայտարարություն տարածել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու կոչով ու հորդորով, այդ թվում՝ Հայաստանի և Արցախի մասին մտահոգությամբ: Իրենց գործն է, իհարկե, և այդ թվում նաև՝ հայտարարությունը ստորագրած մոտ մեկ տասնյակի չափ ռուսաստանցի անվանի հայերի և հայուհիների գործը՝ որևէ բան հայտարարել Ռոբերտ Քոչարյանի կամ որևէ մեկի ազատության համար կամ որևէ կերպ մտածել Հայաստանի ու Արցախի մասին: Բայց մարգարիտսիմոնյանները, տիգրանքեոսայանները, կանդելակիները, ստասնամինները և այլք արդյոք երբևէ համարձակվե՞լ են կամ կհամարձակվե՞ն Ռուսաստանում տարածել մի հայտարարություն, որով Մոսկվայի իրենց փաստացի վերադասներին կհորդորեն երբեք մահաբեր սպառազինություն չմատակարարել Հայաստանին ու Արցախին պատերազմով սպառնացող Ադրբեջանին: Հայաստանի և Արցախի մասին մտածող նրանցից որևէ մեկը, գոնե ապրիլյան քառօրյայից հետո, ունի՞ համարձակություն անելու որևէ հայտարարություն, որով կշոշափի Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարման անթույլատրելիության հարցը:

Փաստը, որ առայժմ չի եղել որևէ նման հայտարարություն կամ կոչ, հորդոր՝ ուղղված պաշտոնական Մոսկվային, վկայում է կամ հուշում, որ չկա այդպիսի համարձակություն: Հայաստանն ու Արցախը նրանց համար իրականում մտահոգության առարկա չեն, այլապես մենք կլինեինք բոլորովին այլ վարքագծի ականատես: Հայաստանն ու Արցախը նրանց համար ընդամենը փոխարկելի միջոց են կամ նրանց համար ավելի հասկանալի ասած՝ разменная монета, որ պետք է կարողանալ օգտագործել ճիշտ պահին ճիշտ տեղում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...