Նիկոլ Փաշինյանը Սիսում հանդիպել է երեխային, որն իրեն մեղադրել էր «գլխառադ» անելու մեջ

- in Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզի Սիս գյուղ: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սիս գյուղի երեխաներին խոստացել էի, որ կառավարությունը կվերանորոգի տեղի ավտոճանապարհը։ Այժմ այցելել եմ Սիս՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին»։

Այս գուղի ճանապարհի հարցը, հիշեցնենք, ամիսներ առաջ բարձրացրել էին գյուղի երեխաները: Մասնավորապես, նրանցից մեկը հայտարարել էր. «Նիկոլը եկավ, խոստացավ, բայց գլխառադ արեց գնաց»:

Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հանձնարարել էր կառուցել Սիս գյուղի ճանապարհը: Այսօր ճանապարհի բացումն էր, և վարչապետը զրույցի բռնվեց ամիսներ առաջ վերոնշյալ հայտարարությունն արած երեխայի հետ:

«Իմ խնդրանքն էն էր, որ ասֆալտը լինի, հիմա ասֆալտը եղավ, էն մնացածը ես չգիտեմ, էտ արդեն իմ գործը չէ, դուք ձեր մեջ մտածեք՝ քանդվելու ա, թե չի քանդվելու»,- վարչապետին դիմեց երեխան:

«Այսինքն՝ դու որակի համար պատասխանատվություն չես կրո՞ւմ»,- հարցեց վարչապետը:

«Չէ, դե էտ արդեն ասֆալտ անող ընկերությունը թող կրի»,- պատասխանեց նա:

Նիկոլ Փաշինյանը հարցեց՝ իսկ ինչո՞ւ ընկերներով չեն հետևել ասֆալտի որակին:

«Նայել ենք, Պարոն Փաշինյան, ընկերներիս՝ Նարեկի, Աշոտի, Սարգիսի, Մհերի հետ ամեն օր եկել ենք, հետևել ենք»,- արձագանքեց երեխան:

«Բա շինարարներին չեք ասե՞լ՝ սարքում եք, որակով սարքեք»,- հարցրեց վարչապետը:

«Շինարարներին էլ ենք ասել, ասաց՝ աշխատում ենք որակով սարքենք»,- պատասխանեց նա:

Սիս գյուղի 10-ամյա բնակիչ Սամվել Հովհաննիսյանը, ում բարձրացրած հարցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր արագ վերանորոգել Սիսի ճանապարհը, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ այլևս գյուղացիները ոչինչ չեն խնդրելու վարչապետից: Ըստ նրա՝ կարող են վարչապետին «տուպիկ գցել», որ մյուս հարցերն էլ լուծվեն, բայց չեն ուզում:

«Մենակ հո էս ճանապարհով չէր, մենք պետք է մեր երազած գյուղն ունենանք: Կոպիտ ասած, կներեք արտահայտությանս համար, կարանք պարոն վարչապետին տուպիկ գցենք, սարքի, բայց դե պետք չի ըտենց: Ախր էնքան մեծ խնդիր էր էդ ճանապարհը մեզ համար, որ գյուղացիներն ասում էին՝ գլոբալ հարց է, դիմենք վարչապետին: Էլ ուրիշ մեծ հարց մենք չենք ուզում ներկայացնենք: Որ սպասենք ուրիշը մեզ ինչ-որ բան տա, ոչ մի բանի չենք հասնելու: Մենք մեր երազած գյուղը ստեղծելու ենք մեր գյուղապետի հետ մեր համայնքով: Գյուղապետին ասել եմ՝ Հայկ ձյաձյա, էլ ես ոչ մի բան չեմ ուզելու վարչապետից, ինքն էլ ասել ա՝ շատ ճիշտ ես անելու: Մենք շատ պլաններ ունենք գյուղի հետ կապված, եկեղեցու հատակագիծն արդեն ունենք, գյուղապետարանում կա: Նաև գյուղապետարանի դեմը այգու պես ինչ-որ բան են սարքում: Ես գյուղապետին էլ եմ հետևում, գյուղին էլ»,- ասաց Սամվելը:

Արարատի մարզի Ռանչպար գյուղում ավարտվել է մանկապարտեզի շինարարությունը, որի կառուցման խոստումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տվել էր մարտի 16-ին իր կատարած այցի ընթացքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետ Փաշինյանն այցելել և շրջայց է կատարում նորակառույց մանկապարտեզում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019-ի մարտին նախապես չծրագրավորված այցով Արարատի մարզի Ռանչպար գյուղում գտնվելով՝ ծանոթացել էր համայնքի խնդիրներին ու հանձնարարել զբաղվել դրանցով՝ առաջին հերթին կենտրոնանալով մանկապարտեզի խնդրի վրա:

Հոկտեմբերին վարչապետը հայտնել էր, որ մանկապարտեզի շինարարությունը սկսվել է:

Մանկապարտեզն իր միջոցներով կառուցել է ռուսաստանցի գործարար Մամիկոն Կարապետյանը: Փաշինյանը հայտնել էր, որ սա փորձնական ծրագիր է, որի արդյունքներով պիտի որոշում կայացնեն Հայաստանում մանկապարտեզաշինության լայնածավալ ծրագիր իրականացնելու մարտավարության վերաբերյալ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...