Նիկոլ Փաշինյանի հեգնանքը Ծառուկյանին. Ինչու է վարչապետը հիշել այդ պատմությունը

- in Ով ով է ...

Կառավարության դեկտեմբերի 20-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության ոլորտում ներդրումային աշխուժության մասին խոսելիս հիշել է «գահաժառանգի ներկայացուցիչների» հայտնի պատմությունը:

Նիկոլ Փաշինյանը ասել է, թե ոլորտում ներդրումային աշխուժությունն այնքան է մեծացել, որ շեյխերն են անգամ ուզում ներդրում կատարել Երեւանի կենտրոնում, ու եթե տեղ չգտնվի, ստիպված պետք է տալ հրապարակի տոնածառի տեղը: «Բանը հասել է այնտեղ, որ նույնիսկ շեյխերն են ուզում Երևանի կենտրոնում հիվանդանոց կառուցել, և եթե տեսնենք, որ չենք կարողանում հարցը լուծել, ստիպված ՀՀ հրապարակի տոնածառի տեղն ենք տալու, որ մեր հարգելի շեյխերը կառուցեն իրենց երազանքների հիվանդանոցը, որտեղ, ըստ որոշ տեղեկությունների, 50 տոկոս տեղական փայի խնդիր կա», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Ինչու՞ է նա արել այդ ակնարկը, որն ըստ ամենայնի ուղղված է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն ակնարկում է, որ այդտեղ եղել է նրա փայատիրական շահագրգռությունը:

Ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե ցանկացել են կառուցել անվճար, բարեգործական հիվանդանոց: Թեեւ, իհարկե, մեկը մյուսին չի հակասում, որովհետեւ հանրության մի մասի համար հիվանդանոցը կարող էր լինել անվճար, իսկ մյուս մասի համար՝ վճարովի: Առավել եւս, որ հետաքրքիր հարց է, թե ինչու՞ հենց կենտրոնում: Խնդիրն այն է, որ բարեգործական լինելու դեպքում, հանրությունը հաստատ կհասներ անգամ «աշխարհի ծայրը», եթե հիվանդանոցը շեյխերը կառուցեին այնտեղ:

Այդուհանդերձ, ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը որոշել կառավարության նիստում առիթն օգտագործել պատմությունը հիշելու եւ Գագիկ Ծառուկյանին «կսմթելու» համար, որը այդ պատմությունից հետո հայտնվելով բավականին անհարմար վիճակում, երբ պարզվեց, որ նա թագավորի որդուն ինքնըստինքյան կարգել է գահաժառանգ, տեւական ժամանակ է պահպանում է լռություն:

Վարչապետ Փաշինյանն ուզում է, որ Գագիկ Ծառուկյանը խախտի՞ լռությունը: Զուտ քաղաքական իրողությունների տեսանկյունից կարծես թե միարժեք է, չլռելը Ծառուկյանի այնքան էլ շահեկան քաղաքական դրությունը չէ: Նիկոլ Փաշինյանը առաջնորդվում է ա՞յդ հաշվարկով: Հազիվ թե, քանի որ լռի, թե ոչ, Գագիկ Ծառուկյանը ներկայում Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական ազդեցիկ մրցակից չէ: Ըստ ամենայնի, խնդիրն այլ է, եւ Գագիկ Ծառուկյանին հրավիրելով նոր «բանավեճի», Նիկոլ Փաշինյանը թերեւս ակնկալում է անհարմար դրություն ստանալ այլ քաղաքական միավորների համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...