Նոր զարգացումներ Գյումրիում Զապի քրոջորդու մասնակցությամբ տեղի ունեցած կրակոցների ու սպանության փորձի գործով

- in Իրավունք

Վերաքննիչ քրեական դատարանում՝ Տ. Սահակյան, Ռ. Բարսեղյան, Ս. Մարաբյան կազմով մեկնարկեց Արտյոմ Ղազարյանի և Կարեն Սարգսյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Միսակյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝  քրեական աշխարհում «Զապ» մականունով հայտնի Ա. Սողոյանի քրոջորդի, «գյումրեցի  «օրենքով գող» համարվող, նախկինում չդատված 35-ամյա Արտյոմ Ղազարյանը ապօրինի ձեռք է բերել ու պահել 9 մմ տրամաչափի առնվազն 4 փամփուշտով լիցքավորված ակոսափող հրազեն:

2017 թվականի հունիսի 25-ին, ժամը 22-ն անց 45-ի սահմաններում, ըստ մեղադրանքի, գտնվելով Գյումրի քաղաքի «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի մոտ, «գործով չպարզված շարժառիթով» վիճաբանության ժամանակ Արտյոմ Ղազարյանն իր մոտ եղած ակոսափող հրազենից, ինչպես նաև ինքնությունը չպարզված անձը՝ «Կալաշնիկովի» «կոնստրուկցիայի» հրազենից  30-ամյա Գեորգի Հ.-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ դեպքի վայրում գտնվող քաղաքացիների առկայության պայմաններում՝ մարդաշատ վայրում, կրակոցներ են արձակել Գեորգի Հ.-ի ուղղությամբ: Արդյունքում վերջինիս առողջությանը՝ որովայնի աջ կեսի հրազենային գնդակային չթափանցող վիրավորման՝ փափուկ հյուսվածքների վնասումով, որովայնի առաջնային պատի ձախ կեսի հրազենային գնդակային թափանցող՝ բարակ աղեգալարների ու նրանց միջընդերքի վնասումով, կույր վիրավորման ձևով պատճառել են կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Միջադեպից անմիջապես հետո Արտյոմ Ղազարյանը, ըստ մեղադրանքի, նստել է «ԲՄՎ X5» մեքենան, որը վարել է Կարեն Սարգսյանը, և հեռացել է դեպքի վայրից:

Ըստ մեղադրանքի՝ Գեորգի Հ.-ին սպանելու՝ Արտյոմ Ղազարյանի դիտավորությունը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ քանի որ ծանր վնասվածք  ստացած տուժողին անմիջապես տեղափոխել են Գյումրիի  բժշկական կենտրոն, և բժշկական միջամտության արդյունքում նրա կյանքը փրկվել է:

31-ամյա Կարեն Սարգսյանը մեղադրվել է այն բանի համար, որ կրակոցներից անմիջապես հետո կրակողներին ու հանցագործության գործիք զենքերը իր վարած մեքենայով հեռացրել է դեպքի վայրից՝ այդ կերպ օգնություն ցուցաբերելով նրանց ու պարտակում կատարելով:

Արտյոմ Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել  խմբի կազմում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Կարեն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածի 1-ին մասով:

Դեպքից հետո Արտյոմ Ղազարյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, նա հայտնաբերվել է 2017 թվականի օգոստոսին՝ մոտ մեկուկես ամիս անց: Գտնվել է կալանքի տակ, ապա ընդհանուր իրավասության դատարանը նրան 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել, բայց վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի այդ որոշումը և գրավի կիրառումը ճանաչել է անթույլատրելի: Արտյոմ Ղազարյանը 2018 թվականի նոյեմբերի 14-ին նորից կալանքի տակ է առնվել:

Դատարանում Արտյոմ Ղազարյանն իրեն մեղավոր չի ճանաչել, նշել է, թե գործով տուժող Գեորգի Հ.-ն իր բարեկամն է, նրա հետ ինքը լավ հարաբերությունների մեջ է: Դեպքի օրը՝ 2017 թվականի հունիսի  25-ին, ժամը 22-ն անց 45-ի սահմաններում ինքը Գյումրիի «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի մոտ չի եղել, տուժողին  վնասվածքներ չի պատճառել:

Կարեն Սարգսյանը, ում «Չախալ Կարեն» են ասում, դատարանում չի ցանկացել ցուցմունք տալ: Հրապարակվել է նրա նախաքննական ցուցմունքը: Նա հայտարարել էր, թե ինքն է կրակոցներ արձակել, նույնիսկ իրեն մեղավոր է ճանաչել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով: Հրաժարվել է որևէ այլ ցուցմունք տալուց, հարցերին պատասխանելուց: Լրացուցիչ հարցաքննության ժամանակ նա հայտնել է, թե շուրջ 4 ամիս գտնվում է ՔԿՀ-ում, խիղճը հանգիստ չի տալիս, քանի որ տեսնում է՝ իր արածի համար ուրիշն է մեղադրվում: Նա պնդել է, թե ինքն է Գեորգի Հ.-ին մարմնական վնասվածքներ պատճառել: Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածի 1-ին մասով՝ հանցագործության պարտակման համար    առաջադրված մեղադրանքի վերաբերյալ Կարեն Սարգսյանը դիրքորոշում չի հայտնել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Տուժող Գեորգի Հ.-ն (Գոգան) հայտնել է, թե դեպքի պահին ինքը կանգնած է եղել «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի դիմաց, երբ իր ուղղությամբ կրակոց է հնչել, գնդակը դիպել է իր փորին, կրակողն իրեն անծանոթ անձ էր: Մինչև օրս իր համար անհասկանալի է՝ ով է եղել իր վրա կրակողը, ինչու է կրակել, քանի որ ինքը թշնամիներ չուներ ու չունի, որևէ մեկի հետ կոնֆլիկտի մեջ չի եղել: Տուժողը նշել է, թե գործի նյութերին ծանոթանալու ժամանակ է իմացել,  որ իր վրա կրակելու համար մեղադրվում է  իր բարեկամ Արտյոմը, բայց իրենց հարաբերությունները նորմալ են, իր կարծիքով՝ իր վրա կրակողը հաստատ Արտյոմը չի, իրենց մեջ թշնամանք չի եղել ու չկա:Կարեն Սարգսյանին ինքը չի ճանաչում, իր վրա կրակողը Կարենն էլ չի եղել, ինքը տեսել է կրակողին, դա անծանոթ մեկն էր:

Վկաները նշել են, որ դեպքի վայրում քաոսային իրավիճակ էր, մարդիկ վազում էին այսուայն կողմ:

Այս գործով եղել են վկաներ, ում նկատմամբ  պաշտպանության միջոց է կիրառվել:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ դատարանը հաստատված է գնահատել, որ անհայտ պատճառով վիճաբանության ընթացքում Արտյոմ Ղազարյանը իր մոտ գտնվող ակոսափող հրազենն ուղղել է Գեորգի Հ.-ի որովայնին ու մոտ տարածությունից՝ մոտ 1,5 մետրից, առնվազն 2 կրակոց է արձակել՝ Գեորգի Հ.-ին որովայնի շրջանում պատճառելով ծանր վնասվածք:  Կրակոցներից հետո Արտյոմ Ղազարյանը նստել է սրճարանի դիմաց կայանված մեքենայի դիմացի աջ նստատեղին ու հեռացել է: Դատարանը հաստատված է գնահատել, որ Արտյոմ Ղազարյանի դիտավորությունը եղել է տուժողին սպանելը: Այդ դիտավորությունն ավարտին չի հասցվել՝ տուժողին ժամանակին բժշկական օգնություն ցուցաբերելու արդյունքում:

Ընդհանուր իրավասության դատարանը վերաորակել է Արտյոմ Ղազարյանին մեղսագրված արարքը: Բոլոր չփարատված կասկածները մեկնաբանելով ամբաստանյալի օգտին՝ դատարանը նրա մեղադրանքը փոքր-ինչ մեղմացրել, նրան մեղավոր է ճանաչել ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով՝  խմբի կազմում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարած սպանության փորձի, այլ՝ պարզապես սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Արդյունքում՝ Արտյոմ Ղազարյանը մեղավոր է ճանաչվել  ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով, դատապարտվել է 8 տարի 6 ամիս ազատազրկման, այս պատժին հաշվակցվել է նախնական կալանքի տակ նրա գտնված ժամանակահատվածը, վերջնական պատիժ է նշանակվել 7 տարի 5 ամիս 5 օր ազատազրկում: Պատժի սկիզբը՝  2018 թվականի նոյեմբերի 14-ից:

Կարեն Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2017 թվականի հունիսի 28-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել փաստաբան Ե. Սարգսյանն ու ամբաստանյալ Կարեն Սարգսյանը:

Պաշտպանը իր բողոքում միջնորդել է բեկանել դատավճիռը, Արտյոմ Ղազարյանի ու Կարեն Սարգսյանի  վերաբերյալ կայացնել արդարացման դատական ակտ: Սպանության փորձի մեղադրանքում Արտյոմ Ղազարյանին չարդարացնելու դեպքում պաշտպանը միջնորդել է մասնակիորեն՝ այդ մեղադրանքի մասով, բեկանել դատավճիռը, վերաորակել արարքը՝ որպես տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնասի պատճառում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, ու նշանակել արդարացի պատիժ:

Ամբաստանյալ Կարեն Սարգսյանն իր բերած բողոքով միջնորդել է իր մասով բեկանել դատավճիռը, կայացնել արդարացման դատական ակտ:

Վերաքննիչ քրեական դատարան չէր ներկայացել ու չէր ցանկացել պաշտպանի բերած բողոքի քննությանը ներկա գտնվել Արտյոմ Ղազարյանը:

Դատական այս նիստի ավարտին ամբաստանյալ Կարեն Սարգսյանի պաշտպան, փաստաբան Պիվազյանը հայտնեց, թե իր պաշտպանյալը հայտարարություն ունի անելու՝ նա ևս չի ցանկանում ներկա գտնվել վերաքննիչի նիստերին, դրանց կմասնակցի ինքը՝ պաշտպանը:

Դատավորների հարցին ամբաստանյալ Կարեն Սարգսյանը պատասխանեց, թե Գյումրիում իր վերաբերյալ ևս մի գործ է քննվում, ավելի նպատակահարմար կլինի, եթե իրեն միայն Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան տանեն մեկուսարանից: Նախագահողը նշեց, որ ամբաստանյալի իրավունքն է՝ եթե չի ցանկանում մասնակցել վերաքննիչի նիստերին, կարող է չմասնակցել, կմասնակցի նրա շահերի պաշտպանը:

Վերաքննիչ բողոքը սկսեց ներկայացնել Արտյոմ Ղազարյանի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը: Նա նշեց, որ գործի նախաքննությամբ ու առաջին ատյանի դատարանում դատաքննության ընթացքում ձեռք չի բերվել իր պաշտպանյալի մեղավորությունը հաստատող վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ  ապացույցների անհրաժեշտ համակցություն:

Պաշտպանը մեկ առ մեկ թվարկեց մեղադրանքի հիմքում դրված ու դատավճռում տեղ գտած բոլոր ապացույցները՝ յուրաքանչյուր ապացույցի վերաբերյալ շեշտելով՝ այս ապացույցը կոնկրետ Արտյոմ Ղազարյանի անձի հետ ոչ մի առնչություն չունի: Մասնավորապես՝ դեպքի վայրի զննության արձանագրություն, առգրավումներ կատարելու արձանագրություններ, դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննությունների եզրակացություններ և այլն:

Գործով ձեռք բերված եզակի ապացույցները կապ ունեն Արտյոմ Ղազարյանի անվան հետ, այդ ապացույցներն էլ, ըստ պաշտպանի, չեն կարող թույլատրելի, վերաբերելի համարվել, քանի որ հիմնականում ձեռք են բերվել օրենքով սահմանված կարգի խախտմամբ և որևէ կերպ չեն հաստատում մեղսագրված արարքները Արտյոմ Ղազարյանի կողմից կատարված լինելը:

Մասնավորապես՝ հեռախոսային վերծանումների զննության արձանագրությունը, որտեղ ոստիկանության ներկայացրած տեղեկության համաձայն՝ հաստատված է գնահատվել է, որ նշված երկու հեռախոսահամարները Արտյոմ Ղազարյանի կողմից են օգտագործվել, սակայն, ըստ պաշտպանի, այդ հանգամանքը չի ստուգվել, չի ստուգվել նաև՝ այդ հեռախոսահամարները Արտյոմ Ղազարյանի անունո՞վ են հաշվառված եղել, հիմք է ընդունվել լոկ  ոստիկանության տրամադրած տեղեկությունը: Վերծանման մեջ նշվել է, որ հիշյալ երկու հեռախոսահամարները դեպքի ժամանակաընթացքում սպասարկվել են դեպքի վայրն ու դրա հարակից տարածքները սպասարկող ալեհավաքի կողմից: Ըստ պաշտպանի՝ հիշյալ հեռախոսահամարներից մեկի վերաբերյալ նման տեղեկություն չի ստացվել, իսկ մյուս հեռախոսահամարը դեպքի վայրն ու հարակից տարածքները սպասարկող ալեհավաքի կողմից սպասարկվել է դեպքից ժամեր առաջ:

Մյուս ապացույցը, որ կոնկրետ առնչվում է Արտյոմ Ղազարյանի անվան հետ, լուսանկարով անձին ճանաչման ներկայացնելու արձանագրությունն է: Չորս անձի գունավոր լուսանկար է ներկայացվել ոստիկանության Կումայրիի բաժանմունքի պետի կողմից, նշվել է, որ լուսանկարներից մեկում պատկերված է Արտյոմ Ղազարյանը: Չի պարզվել՝ այդ գունավոր լուսանկարներն ինչպե՞ս են ձեռք բերվել, որտեղի՞ց են ձեռք բերվել և իրո՞ք՝ երկրորդ տեղում տեղադրված լուսանկարը Արտյոմ Ղազարյանինն է:

Լուսանկարները ճանաչման են ներկայացվել պաշտպանության միջոց կիրառված կին վկային, ով ճանաչել ու մատնացույց է արել Արտյոմ Ղազարյանի լուսանկարը: Պաշտպանը նշեց՝ օրենքի պահանջով՝ ճանաչման գործողությունից առաջ վկան հարցաքննվում է, նշում է ճանաչման ներկայացվելիք անձի արտաքին հատկանիշները, որոնք մտապահել է: Իսկ ճանաչման գործողության ժամանակ որևէ մեկի լուսանկարը ճանաչելու դեպքում պարտադիր նշում է՝ ո՞ր հատկանիշների հիման վրա ճանաչեց:

Վկան տվյալ դեպքում նշել է, թե մոտ հինգ մետր տարածությունից տեսել է կրակոց արձակած երիտասարդին՝ բաց գույնի հագուստով, «կզիրոկով» գլխարկով, 30-33 տարեկան, մոտ 175 սմ հասակով, սև մազերով: Պաշտպանը թերահավատություն արտահայտեց, որ օրվա մութ ժամին, լարված վիճակում գտնվող վկան կարողացել էր «կզիրոկով» գլխարկի տակից տեսնել սև մազերը, որոնք նաև ճակատի վրա էին իջած: Ճանաչման ներկայացված լուսանկարում անձը ո՛չ բաց գույնի հագուստով է, ո՛չ «կզիրոկով» գլխարկով, ո՛չ գլխարկի տակից երևացող սև մազերով, նա այդ լուսանկարում հաստատ 30-33 տարեկան չէ, լուսանկարն էլ գոտկատեղից վերև է պատկերում անձին, այնպես որ՝ նրա հասակը՝ մոտ 175 սմ է, թե ոչ՝ չի երևում: Հետևաբար՝ ի՞նչ հատկանիշներով է անձին լուսանկարով ճանաչել վկան՝ անհասկանալի է: Վկան իր ցուցմունքում նաև նշել է, թե նախորդ օրը հեռուստացույցով տեսել է, որ կրակոցներ արձակելու համար կասկածվում է Արտյոմ Ղազարյանը, տեսել է նրան ու միգուցե հեռուստաեթերի հուշումո՞վ է ճանաչել անձի  լուսանկարը:

Իրավական քննարկում տեղի ունեցավ դատարանի ու պաշտպանի միջև՝ ճանաչման ներկայացնելու գործողության համար անձի լուսանկարը ձեռք բերելու օրինականության հարցի շուրջ: Օրենքով լուսանկար ձեռք բերելու կարգ սահմանված չէ, ոստիկանությունը նախաքննական մարմնին կարող է տրամադրել անձի լուսանկարը, էական հարցն այն է, որ տրամադրվի կոնկրետ տվյալ անձի, ոչ թե ուրիշի լուսանկարը: Ըստ պաշտպանի՝ ոստիկանությունը պարտավոր էր  նաև տեղեկանք ներկայացնել՝ որտեղի՞ց, ինչպե՞ս, ումի՞ց  է ձեռք բերվել լուսանկարը: Պաշտպանը մատնանշեց այս խնդրի վերաբերյալ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումը: ՍԴ-ն անձի լուսանկարը դիտելով որպես ինքնությունը նույնականացնելու՝ անձի անհատական տվյալի աղբյուր, պարտադիր էր համարել, որ լուսանկարը ձեռք բերելը համաձայնեցվի անձի հետ: ՍԴ դիրքորոշմամբ՝ տվյալ խնդրում օրենսդրական բաց կա, որը կարող է կարգավորվել անհատական տվյալների պաշտպանության օրենքով, այդ տրամաբանությամբ՝ պետք է ճանաչման ներկայացվի ոչ թե լուսանկարը, այլ՝ անձը…

Անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու արձանագրությունը, ըստ պաշտպանի, տվյալ գործում անթույլատրելի, անարժանահավատ ապացույց է, չի կարող դրվել Արտյոմ Ղազարյանի մեղադրանքի հիմքում…

Վերաքննիչ բողոքը բավական ծավալուն է, պաշտպանը դատական այս նիստում չհասցրեց հիմնավորել ամբողջ բողոքը, իր հիմնավորումները նա կշարունակի ներկայացնել հաջորդ նիստին՝ դեկտեմբերի 3-ին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...