Նոր սերունդը կսատարի Մասիս Մաիլյանին

- in Ընտրություններ

Արցախի Ինքնություն և միասնություն կուսակցությունը հայտարարություն է տարածել 2020 թվականի նախագահական ընտրություններին Մասիս Մաիլյանին սատարելու մասին: Սա արդեն երկրորդ «նոր սերնդի» կուսակցությունն է, որն նման ընտրություն է կատարում: Դեկտեմբերի 12-ին կայացել է «Ինքնություն և միասնություն» կուսակցության վարչության նիստը:

«Ամփոփելով վերջին շրջանում քաղաքական ուժերի հետ հանդիպումների արդյունքները, հավատարիմ մնալով կուսակցության միասնականության և համերաշխության գաղափարին և հաշվի առնելով Մասիս Մայիլյանի քաղաքական երկարամյա փորձը, նրա քաղաքական հայացքներն ու տեսլականները Արցախի հիմնահարցի վերաբերյալ, մասնագիտական և մարդկային բարձր որակները, համբավը, նիստի արդյունքում վարչությունը որոշում է կայացրել առաջիկա նախագահական ընտրություններում նրա թեկնածությունը սատարելու հարցը ընդգրկել կուսակցության կայանալիք համագումարի օրակարգում:

Մենք գտնում ենք, որ Մասիս Մայիլյանը այն թեկնածուն է, որի շուրջ կարող են համախմբվել Արցախում գործող առողջ քաղաքական ուժերն ու հասարակության լայն շրջանակները՝ ի բարօրություն Արցախի ապագայի», ասված է հայտարարության մեջ: Ավելի վաղ «Վաղվա Արցախի» կուսակցությունն է հանդես եկել նման հայտարարությամբ: Այս ժամանակահատվածում ՀՀ-ի կողմից տարվում է քաղաքականություն՝ Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու ուղղությամբ, և մենք համոզված ենք, որ Արցախին այս փուլում անհրաժեշտ է ղեկավար, որն օժտված է համապատասխան գիտելիքներով, փորձով և ի զորու է պրոֆեսիոնալ բանակցություններ վարել:

Մասիս Մայիլյանը, լինելով պրոֆեսիոնալ դիվանագետ, տեղյակ լինելով բանակցային գործընթացի բոլոր նրբություններին, առկա թեկնածուներից միակն է, ով կարող է վարել բարձր մակարդակով, արդյունավետ բանակցություններ։ Բացի արտաքին քաղաքականության ասպարեզում անմրցելի լինելուց, միաժամանակ, լինելով բարձրաստիճան պաշտոնյա մի համակարգում, որտեղ գրեթե բոլոր բարձր պաշտոն զբաղեցնող անձիք կոռումպացված են եղել, կարողացել է դիմանալ, չտրվել գայթակղությանը և «չկեղտոտել» իր անունը: Դա բարձրագույն մարդկային այն որակներից է, որը ցույց է տալիս մարդու էությունը, նրա գաղափարն ու արժեքները։ Դա մարդկային հզոր ուժի դրսևորում է։

Բացի այդ, Մասիս Մայիլյանը այն մարդն է, ով 2007-ին, գիտակցելով հնարավոր հետևանքները, դուրս է եկել գործող համակարգի դեմ։ Նա այն մարդն է, որի ղեկավարած կառույցը փայլուն իրականացնում է իր կողմից ստանձնած առաքելությունը։ Եվ վերջապես, նա այն մարդն է, ով ընտրություններից հետո ենթարկվել է քաղաքական հետապնդումների, բայց չի հանձնվել և այսօր պատրաստ է նորից պայքարել հանուն Արցախի ապագայի։

«Վաղվա Արցախ» կուսակցության որոշումը, նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանին աջակցելու վերաբերյալ, կայացվել է Արցախի առջև ծառացած խնդիրների խորը ուսումնասիրության, թեկնածուների առավելությունների և թերությունների ուսումնասիրության հիման վրա, այն տրամաբանական է և բխում է միայն ու միայն հանրային, պետական շահից, ասված է հայտարարության մեջ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...