Ով է դավաճանել Սերժ Սարգսյանին

- in Պնակալեզներ
Serj Sargsyan

Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը դավաճան է: Այդ միտքը համացանցում շրջանառվում է այն բանից հետո, երբ ՀՔԾ-ն դիզվառելիքի սուբսիդավորման ծրագրով մեղադրանք է ներկայացրել Սերժ Սարգսյանին, ՀՀԿ նախագահի խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը:

Մամուլում եղել են հրապարակումներ, որ մեղադրանքը ներկայացվել է Սերգո Կարապետյանի ցուցմունքի հիման վրա: Ըստ մեղադրանքի, Սերժ Սարգսյանը կառավարությանը հանձնարարել է դիզվառելիքի սուբսիդավորման ծրագրով վառելիք ձեռք բերել Ֆլեշ ընկերությունից, որը պատկանում է նրա ընկեր Բարսեղ Բեգլարյանին: Մինչդեռ, ըստ ՀՔԾ-ի, եղել է ընկերություն, որն առաջարկել է ավելի էժան վառելիք, եւ այդ կերպ պետությունը կխնայեր մոտ կես միլիարդ դրամ:

Բարսեղ Բեգլարյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի հետ ունի մտերիմ հարաբերություն, բայց կապ չունի նրա գործերին:

Ավելի հետաքրքիր է, կամ առնվազն պակաս հետաքրքիր չէ այն, թե ում հետ է մտերիմ Սերգո Կարապետյանը: Համենայն դեպս, հատկանշական է, որ նա դե ֆակտո Արտֆուդ ընկերության 50 տոկոս բաժնետեր էր, իսկ մյուս 50 տոկոսը պատկանում էր Հովիկ Աբրահամյանին: Այլ կերպ ասած, Հովիկ Աբրահամյանն ու Սերգո Կարապետյանը եղել են վերամշակող ընկերության համասեփականատեր, փայընկերներ:

Հովիկ Աբրահամյանի հեռանալուց եւ կառավարության փոփոխությունից հետո գյուղնախարարի պաշտոնից հեռացավ նաեւ Սերգո Կարապետյանը: Թե ինչպես հեռացավ Հովիկ Աբրահամյանը, թերեւս հիշում են բոլորը կամ շատերը: Նա հեռացավ Սերժ Սարգսյանի հետ հեռակա բանավեճով, լքելով նաեւ ՀՀԿ-ն: Հովիկ Աբրահամյանը չափազանց սուր արձագանքեց այն հանգամանքին, որ դադարում է լինել իշխանության ժառանգորդի հավակնորդ: Նա Սերժ Սարգսյանին մեղադրում էր մայր գետը մաքուր պահել չկարողանալու, դրան օտար վտակներ խառնելու համար, նկատի ունենալով Կարեն Կարապետյանին:

Հետո իհարկե հեռակա բանավեճը դադարեց: Չի բացառվում սակայն, որ նստվածքը մնացել է, եթե ոչ Աբրահամյանի մոտ, ապա նրա թիմի որեւէ անդամի, կամ նրա մերձավոր շջապատի, գործընկերներից որեւէ մեկի մոտ: Ի դեպ, մինչեւ թավշյա հեղափոխությունը հայտնի էր դարձել նաեւ, որ Արտֆուդ ընկերությունը վաճառվել է, եւ դրա սեփականատեր է դարձել ռուսաստանցի հայ գործարար Կամո Ավագիմյանը, որը Կարեն Կարապետյանի կառավարության աջակցության նպատակով ստեղծված Հայաստանի նրդրողների ակումբի անդամ էր:

Արդյոք Սերգո Կարապետյանի մեջ ցուցմունքի տեսքով խոսել է Սերժ Սարգսյանի հանդեպ նստվածքը: Եթե իհարկե ճիշտ են մամուլի հրապարակումները, որ հենց նրա ցուցմունքով է մեղադանք ներկայացվել Սերժ Սարգսյանին:

Միաժամանակ, Կարապետյանին տրվող դավաճան որակումը հետաքրքիր է: Հետաքրքիր այն իմաստով, թե՝ Կարապետյանը զրպարտել է եւ դրա՞ համար է դավաճան, թե Կարապետյանը գաղտնիք է բացել եւ դավաճան է դրա համար: Միեւնույն ժամանակ, կասկած չկա, որ դավաճանության թեման նախկին իշխող համակարգում բավական բազմավեկտոր թեմա է, բավականին հեռվից եկող արմատներով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...