Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հեռանկարը, նաեւ Արցախի հարցի գործընթացի հետ կապված իրադրությունը, խաղաղությանն ուղղված ջանքերի կարեւորությունը:
Հայաստանի արտգործնախարարն ու ԱՄՆ փոխարտգործնախարարը այդ մասին խոսել են դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն անդրադարձի շրջանակում: Հանդիպումից հետո հայտարարություն տարածեցին համանախագահ երկրների արտգործնախարարները՝ ՌԴ արտգործնախարար Լավրովը, Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարը եւ ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի փոխարեն՝ նրա տեղակալ Ռիքերը, որ ներկայացրել է Վաշինգտոնը Բրատիսլավայի համաժողովում:

Հայտարարության մեջ կարեւոր համարելով խաղաղությանն ուղղված ջանքերը, երեք համանախագահ երկրները կոչ են արել կողմերին քայլեր ձեռնարկել առարկայական բանակցության ուղղությամբ:

Բրատիսլավայի հանդիպումից առաջ Բաքու այցելած ՌԴ արտգործնախարար Լավրովն Ադրբեջանի մայրաքաղաքում հույս էր հայտնել, որ հնարավոր կլինի Բրատիսլավայի հանդիպումից հետո անել հնգակողմ հայտարարություն՝ երեք համանախագահները, Հայաստանը եւ Ադրբեջանը:

Փաստորեն, այդպիսին չեղավ: Ո՞վ չի համաձայնել հնգակողմ հայտարարությանը: Որեւէ համանախագահ երկի՞ր, թե՞ Հայաստանը կամ Ադրբեջանը: Այն, որ համանախագահները տարածել էին եռակողմ հայտարարություն, հուշում է, որ նրանց միջեւ կարծես թե չի եղել խնդիր: Մյուս կողմից, հնգակողմ հայտարարության բացակայությունը թույլ է տալիս նշմարել հետաքրքիր մի նրբերանգ:

Բանն այն է, որ Արցախի այսպես ասած բանակցային գործընթացի օրակարգ հայկական կողմը բերել է Ստեփանակերտի մասնակցության հարցը: Ավելին, Բրատիսլավայի հանդիպումից առաջ Երեւանում տեղի ունեցավ երկու հատկանշական պաշտոնական հանդիպում՝ Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարների միջեւ, եւ երկու նախարարների մասնակցությամբ հանդիպում Հայաստանի վարչապետի մոտ: Ավելին, Բրատիսլավայի հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանը անդրադարձել է Երեւանում այդ հանդիպումներին: Այսինքն, դրանք բերել է օրակարգ:

Ըստ այդմ, հնգակողմ հայտարարությունն այլեւս չի կարող արտացոլել կարգավորման գործընթացի այսպես ասած բուն ֆորմատը կամ համենայն դեպս տրենդը, որ փորձում է հաղորդել Երեւանը՝ նկատելի հաջողությամբ, ինչի մասին վկայում էին նաեւ Բաքվում Լավրովի հայտարարությունները:

Հետեւաբար, հնարավոր է հնգակողմ հայտարարությանը չի համաձայնել Հայաստանը, որովհետեւ գործընթացը այդ իմաստով պետք է դիտվի «վեցակողմ», եթե բանն այդ չափումն է, կամ պետք է հայտարարություններ արվեն առավելապես համանախագահների եռակողմ ամբողջական ձեւաչափով: Համենայն դեպս, այդ տրամաբանությունը համահունչ կլինի երեւանյան օրակարգին: Այդպիսով, հնգակողմ հայտարարության բացակայությունը թերեւս կարող է դիտվել Հայաստանի փոքր, սակայն նկատելի հաջողություն:

Կամ, եթե լինում են հնգակողմ հայտարարություններ, ապա պայմանով, որ դրանց բովանդակությունը ներառելու է Ստեփանակերտի սուբյեկտության հիշատակումը: