Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարությունն իր գործունեության ընթացում բախվում է, այսպես ասած, սոցիալ-հոգեբանական կամ քաղաքակրթական մի շարք խնդիրների:

«Մեկի հարցը լուծում ես, մյուսը նեղվածությունից գալիս կառավարության դռների տակն է պառկում: Ինչքա՞ն կարելի է, այս մտածելակերպը պետք է փոխվի»,- ասաց Փաշինյանը:
«Մենք նպատակաուղղված ենք ՀՀ-ում լուծել շատ կոնկրետ շոշափելի և տեսանելի խնդիրներ: Եվ փառք Աստծո, դա սկսել է մեզ մոտ ստացվել: Բայց մենք ի՞նչ խնդրի հետ ենք բախվում: Երբ մեկ խմբի, բնակավայրի խնդիր լուծում ենք, պարտադիր չուզող հարևանի տրամաբանությամբ ի հայտ է գալիս մեկ այլ խումբ, բնակավայր, սուբյեկտ և ասում է՝ ինչո՞ւ իր հարցը լուծեցիր, ոչ թե մեր: Սա իրականում քաղաքակրթական և սոցիալ-հոգեբանական խնդիր է, և երբեմն տպավորություն է ստեղծվում, թե ավելի լավ է ընդհանրապես ոչ մի բան չանել, որպեսզի բոլորը հանգիստ, համակերպված հուսահատության հետ, իրենց յուղի մեջ տապակվեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ տարիներով կուտակված խնդիրները մեկ գործողությամբ հնարավոր չէ լուծել:

«Երբ մտածում եմ, թե որն է այս երևույթի հիմքը, եկա այն եզրակացության, որ Հայաստանը միշտ էլ առանձնապես ուժեղ չի եղել շատ պրիմիտիվ մի քաղաքակրթական մեխանիզմում՝ հերթ կանգելու գործում: Միշտ էլ, երբ ինչ-որ տեղ ինչ-որ ծառայություն է մատուցվել, բոլորն աշխատել են հնարավորինս շուտ վազել և բռնել այդ ծառայությունը մատուցողի կոկորդից, որպեսզի նա առաջինը հենց իրենց այդ ծառայությունը մատուցի: Ես ուրախ եմ, որ հիմա ՀՀ-ում սկսել է տարածվել, մասնավորապես, բանկային համակարգում, մաքսային ծառայությունում, այլ վայրերում այդ հերթ արձանագրող մեքենաները տեղադրվել են: Եվ ես ուզում եմ ասել, որ մենք պետք է ըստ էության բոլոր այն տեղերում, որտեղ այսպիսի խնդիր կա, պետք է պարտադիր դարձնենք հերթ սահմանող մեքենաների տեղադրումը և գործունեությունը»,- հավելեց նա:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ տեղեկություն ունեն, որ Արծվաշենի բնակիչները նորից պատրաստվում են կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անել: Նրանք լսել են, որ կառավարությունը որոշել է լուծել փախստականների խնդիրները:

«Արծվաշենցիները ստորագրել են պարտավորություն, որ պետությունն իրենց նկատմամբ ունեցած պարտավորությունները կատարել է՝ նոտարով հաստատված: Մենք հանդիպում ենք, ասում են՝ այո, այն ժամանակ իշխանությունը բիրտ է եղել, մեզ պարտադրել է, որ մենք այդ փաստաթուղթը ստորագրենք: Հասկանում ենք, բայց հիմա ի՞նչն է պատճառը, որ նորից այս դրսևորումը տեղի է ունենում: Պարզ պատճառ, որովհետև մենք 1.2 մլրդ դրամ տրամադրել ենք փախստականների համար կոնկրետ խնդիրներ լուծելու համար: Բայց այդ փախստախանները նույնիսկ դա չէին ստացել ժամանակին: Էս ինչ երևույթ ա, էտ չուզող հարևանի տրամաբանությամբ ասել՝ ինչո՞ւ իր հարցը լուծեցիք: Կամ ի՞նչ են ակնկալում, մենք էլ բիրտ լինե՞նք: Նույնն էլ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ էր: Ասում էինք՝ բա հինգ տարի այդ ամենը ձեր աչքի առաջ էր տեղի ունենում, ինչո՞ւ ձայն  չէիք բարձրացնում: Ասում էին՝ դե մեզ կբռնեին, բիրտ էր իշխանոթյունը: Այսինքն՝ ուզում եք ասել, որ ՀՀ-ում կարելի է նորմալ հարաբերություն հաստատել միայն բիրտ ուժի կիրառմա՞մբ, դա է մեր ակնկալիքը, մեր ուզածը: Ասում եմ՝ եթե մենք հարցեր լուծենք՝ առաջնորդվելով մեզ տված կաշառքներով, կոռուպցիայով, մեր նեղ անձնային կամ քաղաքական շահերով, մեր հորեղբոր որդիների կամ հորքուրի թոռների նկատմամբ առաձնահատուկ վերաբերմունքով, էս ամեն ինչը հասկանալի կլինի: Բայց ընդհանրապես հարաբերությունների այդ ձևը բացարձակապես անընդունելի է, որովհետև սա Հայաստանն էլի քաղաքակրթական առումով փորձ է հետ գլորել լրիվ ուրիշ տրամաբանության մեջ: Մենք այստեղ, կներեք, նեյնիմ-նեյնիմ չենք անելու, մենք չենք վախենալու հարցեր լուծել, ինչ է թե ում հարցը լուծում ենք, չուզող հարևանը դուրս է գալու ասի՝ բա ինչո՞ւ մեր հարցերը չեք լուծում: Հերթ կանգնեք, մենք բոլորի հարցերն էլ քննարկելու ենք, բայց զոռբայությամբ հարցերը լուծելու տրամաբանությունից եկեք դուրս գանք, որովհետև դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է»,- ասաց վարչապետը:

Ըստ նրա՝ նույն իրավիճակը աղետի գոտու խնդիրների լուծման հարցում է: Պետությունը հստակ ասում է՝ այս պահին ՀՀ 453 քաղաքացու նկատմամբ է արձանագրված պետության դե յուրե պարտականությունը: Ուրիշ որևէ մարդ ՀՀ-ում չկա, որ փաստաթուղթ լինի, որ պետությունն իր նկատմամբ ունի պարտավորություն: «Այս 453 շահառուի հարցը, երբ մենք լուծենք, իսկ մենք դա 2020 թվի արդյունքներով վստահաբար լուծելու ենք, կռահում եմ, որ այստեղ էլ են ասելու՝ ինչո՞ւ իրենց հարցը լուծեցիք, մերը՝ ոչ: Անեկդոտ կա, ասում է՝ իմ դարդը ինձ քիչ էր, հարևանս էլ 06 է շահել: Այս տրամաբանությունը դարձել է Հայաստանում հանրային հարաբերությունների կանոն, սա չի կարելի, անթույլատրելի է: Հերիք է, ամեն ինչին սահման ու տրամաբանություն կա»,- ասաց վարաչապետը: