Պեկինը Թուրքիային ցույց կտա Հայաստանի ուժը

- in Միջազգային
Erdoghan

Անցնող օրերին տեղի ունեցան երկու «զուգահեռ» իրադարձություններ: Թուրքիայում բացվեց ՏԱՆԱՊ գազատարի եվրոպական հատվածը, որն ադրբեջանական գազը պետք է տեղափոխի Եվրոպա:

Էրդողանը գլխավոր դերում էր՝ Ադրբեջանի նախագահի եւ Վրաստանի վարչապետի հետ միասին: Ընդ որում, գազատարի բացումը նշանավորվել է նաեւ սկանդալով՝ Էրդողանի ելույթի ժամանակ հեռացել է Հունաստանի էներգետիկայի նախարարը, այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահը հայտարարել է Կիպրոսի մերձակա ջրերի հորատումը չդադարեցնելու մասին:

Ռուսաստանի արեւելքում տեղի է ունեցել Սիբիրի ուժ ռուս-չինական գազատարի հատվածներից մեկի բացման արարողությունը, որտեղ գազատարի մեկնարկը Սկայպի միջոցով տվել են ՌԴ նախագահ Պուտինն ու Չինաստանի նախագահ Սի Ծինպինը: Ռուս-չինական գազատարի շուրջ պայմանավորվածություն Ռուսաստանը ձեռք բերեց Արեւմուտքի հետ ղրիմյան ճգնաժամի ֆոնին, դա ներկայացնելով որպես այլընտրանք:

Գործնականում սակայն, Սիբիրի ուժը ՏԱՆԱՊ-ի թուրքական խրախճանքի ֆոնին արտացոլում է Ռուսաստանի այլընտրանքը ոչ թե Արեւմուտքի, այլ Թուրքիայի նկատմամբ: Չինաստանը Մոսկվայի համար այլընտրանք չէ Արեւմուտքին, որովհետեւ միայն Արեւմուտքի աջակցութամբ Ռուսաստանը կկարողանա քիչ թե շատ դիմադրել չինական էքսպանսիային, թեկուզ ամբողջապես կուլ չգնալու համար:

Իսկ ահա Թուրքիայի էքսպանսիային՝ որի թարմ բարձրաձայնումը Էրդողանի ելույթներն էին շաբաթներ առաջ Բաքվում, Ռուսաստանը կարող է դիմագրավել թերեւս Չինաստանի օգնությամբ միայն: Իսկ օգնությունը Ռուսաստանին անհրաժեշտ է, որովհետեւ թյուրքական գործոնը ոչ միայն շրջապատել է Ռուսաստանը, այլ գործնականում վաղուց արդեն Ռուսաստանում է եւ բավական մեծ ժողովրդագրական դինամիկայով:

Ահա այդ իմաստով հատկանշական է, որ հակառուսական ՏԱՆԱՊ-ին Պուտինը պատասխանում է Սիբիրի իրականում վաղուց արդեն չինական ուժի կոճակը սեղմելով:

Ազդարարվել է, ու հունվարի 8-ին կհանդիպեն Պուտինն ու Էրդողանը: Նրանց հանդիպումների օրակարգում հայկական թեման թերեւս անխուսափելի է: Միաժամանակ, հայկական խնդիրը էական է մոտեցող ռուս-թուրքական «իքս ժամի»՝ 1921 թվականի մոսկովյան պայմանագրի 100-ամյակի ֆոնին, երբ Մոսկվան ու Անկարան պետք է որոշեն, թե ինչ բազայի վրա են հարաբերվելու հետագա ժամանակահատվածում՝ հավատարիմ եմ մնալու հայկական գործոնի ոչնչացման մասին պայմանագրի՞ն, թե ճանաչելու են հայկական սուբյեկտությունը՝ յուրաքանչյուրի համար դրանից բխող թե խնդիրներով, թե նաեւ հնարավորությամբ:

Չինաստանի օգնությունը Ռուսաստանին անհրաժեշտ է նաեւ այդ հարցում: Մոսկվան Անկարայի առաջ միայնակ ի զորու չէ դրսեւորել հայկական սուբյեկտությունը ճանաչելու համարձակություն, առանց ուժեղ փաստարկի կամ Արեւմուտքից, կամ Արեւելքից: Այս դեպքում առավել նախընտրելի է դիտվում Արեւելքը, Կովկասի հարցում Արեւմուտքից կախվածությունը որոշակի զսպելու համար: Պեկինը, որը Երեւանում կառուցում է Եվրասիական ռեգիոնում մեծությամբ երկրորդ դեսպանատունը՝ Մոսկվայից հետո, Ռուսաստանի համար հույժ կարեւոր է:

Անկարան անշուշտ տեսնում է Երեւանում կառուցվող չինական դեսպանության մասշտաբը, ինչպես որ տեսնում էր Սանկտ-Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին Պուտինի եւ Սի Ծինպինի կողքին Նիկոլ Փաշինյանի ներկայությունը, իսկ դրանից առաջ էլ Պեկինում Փաշինյանին նախագահ Ծինպինի մակարդակով տրվող հավաստիացումը՝  թույլ չտալ քաղաքկրթական գործընկեր «հայ ժողովրդի ողբերգական պատմության կրկնություն»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...