ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ֆիլմարտադրությանը հատկացվող պետական բյուջեի  շուրջ 45 տոկոսը  տրամադրել է դեբյուտային ծրագրերին, ինչը վկայում է  երիտասարդ ստեղծագործողների շրջանում պետական կառույցի հանդեպ վստահության մակարդակի բարձրացման մասին:

Այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Ես հուսադրված եմ կինոյի ոլորտի աշխատաոճով. կինոյի ոլորտի ներկայացուցիչները ոչ թե իրենց հատկացվող ֆինանսավորման ավելացման հարց դրեցին, այլ ինստիտուցիոնալ բարեփոխումների ճանապարհով գնացին ու բարձրացրին օրենքի նախագիծ ունենալու խնդիրը։ Կինոյի մասին օրենքի` այժմ երկու նախագիծ կա, որոնք պետք է համադրել ու մեկ փաթեթով մտնել Ազգային ժողով»,-ասաց փոխնախարարը։

Խզմալյանի խոսքով` կինոգործիչների ընտրած ճանապարհը պետք է օրինակելի լինի մյուս ոլորտի ներկայացուցիչների համար։ Փոխնախարարը նշեց նաև, որ հաջորդ տարի թվայնացման մասնագետներ կհյուրընկալվեն Հայաստանում: «Հայաստանը պետք է մշակի կինոժառանգության պահպանման ու դրա հանրայնացման ծրագիր»,-շեշտեց փոխնախարարը։

Հարցին, թե ի՞նչ է լինելու «Հայֆիլմ»-ի ճակատագիրը, Խզմալյանը պատասխանեց, որ այն չի կարող ունենալ այն անցյալը, որն ունեցել է։ «Աշխարհը վաղուց այլ ճանապարհով է գնում, և պետությունը չի զբաղվում կինոարտադրությամբ։ «Հայֆիլմ»-ի շենքն ու տարածքը պետք է առանձնացնենք «Հայֆիլմ» բրենդից»,-ընդգծեց նա:

Մեկ այլ հարցի, թե հնարավո՞ր է` ընկերության տարածքը սեփականաշնորհվի ու ոչ ֆիլմարտադրության համար օգտագործվի, Խզմալյանը պատասխանեց, որ ամեն ինչ հնարավոր է։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեր երկիրն առաջին անգամ ազգային տաղավարով կներկայանա Բեռլինի կինոփառատոնին կից կինոշուկայում:

«Սա էապես կընդլայնի այս ոլորտում աշխատողների և արտասահմանցի կինոարտադրողների համագործակցությունը, նոր ծրագրերի մշակումը:  Նախագիծը հաստատվել է նոյեմբերին»,-նշեց նա:
Անդրադառնալով կինոարտադրության և կինոժառանգության ոլորտի այլ ծրագրերին` Խզմալյանն ընդգծեց, որ կինոկենտրոնի նախաձեռնությամբ և իրենց աջակցությամբ ստեղծվում է միջազգային ճանաչում ունեցող ծագումով հայ կինոգործիչների հարթակ, որի նպատակն է Համահայկական կինոֆորումի ստեղծումը, նրանց օժանդակությամբ  միջազգային չափանիշների յուրացումն ու  համագործակցության ընդլայնումը:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ առաջին հանդիպումը տեղի է ունեցել  դեկտեմբերի 14-16-ը: «Հաճախ ենք խոսում, որ դրսում ունենք հարուստ ներուժ, մարդիկ, որոնք տարբեր բնագավառներում մեծ հաջողությունների են հասել, հսկայական փորձառություն ունեն, շատ լավ պատկերացնում են կինոշուկայի տրամաբանությունը, ունեն միջազգային կապեր: Կարծում եմ` այս ծրագիրը  այդ ներուժը կապիտալիզացնելու առաջին քայլն է»,-շեշտեց նա:

Փոխնախարարը հավելեց, որ մշակվել է նաև հայկական կինոժառանգության պահպանման, թվային վերականգնման ու հանրայնացման ծրագիր, որի շրջանակում հաջորդ տարի տեղի կունենան ցուցահանդեսներ Վաշինգտոնի ազգային պատկերասրահում, Հոնկոնգի միջազգային կինոփառատոնում և Կոպենհագենի  «Cinemateket» կինոթատրոնում: