«Պիճ» Ռուբոյի ղեկավարած հանցախումբը տաքսի նստելով՝ դանակի գործադրմամբ կողոպտում էր վարորդներին

- in Իրավունք
TAXI

1972 թվականի ապրիլյան մի օր՝ կեսգիշերից հետո, Երևանի 26 Կոմիսարների ՆԳ բաժին էր դիմել մի տղամարդ: Նա հայտնել էր, թե անունը Հակոբ է, ինքը տաքսու վարորդ է, մեկ ժամ առաջ ուղևորները դանակի սպառնալիքով կողոպտել էին իրեն:

Հակոբը նշել էր, թե իր վրա հարձակվածները հինգ երիտասարդներ էին՝ չորսը՝ տղա, մեկը՝ աղջիկ:

Գիշերվա ժամը 11-ի սահմաններում Մերգելյան ինստիտուտի մոտակայքում երիտասարդները կանգնեցրել էին տաքսին, պատվիրել էին իրենց տանել Զեյթուն:

ուտուզովի փողոցի անկյունում գտնվող հացի փռի մոտ մեքենայի հետևի նստատեղին նստած տղաներից մեկը դանակը պահել էր տաքսիստի պարանոցին ու պահանջել էր փողերը:

Հակոբը հասկացել էր, որ հինգ հոգու դիմադրել չի կարող, սուսուփուս տվել էր մոտը եղած ամբողջ փողը՝ 170 ռուբլի: Ավազակները պահանջել էին, որ Հակոբը կատարվածի մասին ոչ մեկին չասի, այլապես կգտնեն ու հաշվեհարդար կտեսնեն: Վտանգավոր ուղևորներին իջեցնելուց հետո Հակոբը քաղաքում մի քիչ պտտվել ու մտել էր միլիցիայի բաժին՝ հաղորդում տալու:

Մի քանի օր ուշ ժամերին տաքսիստ Հակոբը քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակցի հետ, մեկ այլ տաքսու ղեկին նստած՝ Մերգելյան ինստիտուտի մոտակայքում էր լինում: Փնտրում էին ավազակներին:

Չորրորդ օրը Հակոբը Մերգելյան ինստիտուտի հարակից պուրակի կանգառում հանկարծ նկատել էր իր վրա հարձակված ավազակախմբի աղջկան՝ ծաղիկները ձեռքին: Նրա հետ մի երիտասարդ կար, որին Հակոբը նմանեցրել էր ավազակախմբի տղաներից մեկին: Զույգը կանգառում կանգնած՝ անհամբեր դեսուդեն էր նայում, ու դանդաղ կանգառին մոտեցող տաքսին նրանց ակնհայտորեն ուրախացրել էր: Վարորդի կողքին նստած ուղևորը՝ իրականում՝ միլիցիայի աշխատակիցը, կանգառում անշտապ իջել էր մեքենայից: Աղջիկն արագ նստել էր հետևի նստատեղին, իսկ երիտասարդը՝ վարորդի կողքին: Հենց որ նա փակել էր դուռը, մեքենայից ծանրումեծ իջած ուղևորը զարմանալի ճարպկությամբ նստել էր հետևի նստատեղին՝ աղջկա կողքին, ու զենքը պահել էր տղայի թիկունքին. «Չշարժվե՛ս, գնում ենք քաղմաս»:

Երիտասարդն ուրիշ ելք չուներ, լուռ ենթարկվել էր:

Մի քանի րոպե անց զույգը միլիցիայի բաժնում էր: Նրանք համարյա անմիջապես խոստովանել էին կատարածը, նաև՝ առերեսվել էին տուժող վարորդի հետ:

Շուտով բերման էին ենթարկվել նաև հանցավոր խմբի մյուս երեք անդամները, որոնք սկզբում ժխտել էին իրենց մասնակցությունը հանցավոր արարքին, հետո փաստերի ճնշման տակ և տուժողի հետ առերեսվելուց հետո խոստովանել էին, ավելին՝ խոստովանել էին ևս մի քանի ավազակային հարձակում տաքսու վարորդների վրա, որոնց վերաբերյալ տուժողները հաղորդումներ չէին ներկայացրել:

Հանցախումբը վնասազերծվել էր, բայց իրավապահները կասկածներ ունեին, որ երիտասարդներին ուղղորդող էր եղել, խումբը ղեկավար էր ունեցել, որի մասին բոլորը լռում էին:

Իրավապահները հանցախմբի ղեկավարի բացահայտման նպատակով սկսել էին խմբի աղջկա հետ աշխատանքներ տանել: Վերջինս խմբում հայտնվել, «թակարդն» էր ընկել թեթև վարքի պատճառով:

Քրեական հետախուզության աշխատողները սկսել էին համոզել աղջկան. «Ջահել, սիրուն աղջիկ ես, եթե հայտնես՝ ով էր ձեզ ղեկավարում, կարող ես շուտ ազատվել ու փրկվել հանցագործներից… Հոգիդ ազատիր տիղմից…»:

Հոգեբանական զրույցներն ի վերջո իրենց արդյունքը տվել էին՝ աղջիկը հայտնել էր իրենց խմբին ավազակությունների ուղարկողի անունը:

Պարզվել էր՝ հանցախմբի ղեկավարը «Պիճ» մականունով Ռուբոն էր, որն աշխատում էր… ռելեի գործարանում ու քրեական հետախուզության աշխատողներից մեկին ամեն աշխատանքային օրվա առավոտյան հանդիպում էր նույն տրոլեյբուսում: Ռուբոն նույնիսկ հարգանքով բարևում էր միլիցիայի աշխատողին:

Հերթական առավոտյան Ռուբոն ու քրեականի աշխատողը դարձյալ հանդիպել էին տրոլեյբուսում: Վերջինս կանգնել էր հենց Ռուբոյի կողքին: Լուռ շարունակել էին ճանապարհը: Երբ տրոլեյբուսը կանգնել էր ՆԳ բաժնի կանգառում, քրեականի աշխատողն անսպասելի բռնել էր Ռուբոյի թևից ու ականջին ասել էր. «Չաղմկե՛ս, սուսուփուս իջիր հետս»: Տրոլեյբուսի ուղևորները ոչինչ չէին նկատել: Ռուբոն լուռ իջել էր միլիցիայի աշխատողի հետ:

Նա այդպես էլ չէր խոստովանել, որ ղեկավարել էր երիտասարդներից կազմված ավազակախումբը, բայց երիտասարդները առերես հարցաքննությունների ժամանակ պնդել էին իրենց ցուցմունքները:

Մի քանի ավազակային հարձակումների համար խումբը մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել: Ամենամեղմ պատիժը նշանակվել էր աղջկան, իսկ ամենախիստ պատիժը՝ «Պիճ» Ռուբոյին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...