Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը հայտնել է Ռուսաստանի և Բելառուսի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման մանրամասները՝ փոխանցում է TASS-ը:

Ինչպես ասել է Օրեշկինը՝ բանակցություններից հետո կողմերի միջև վիճահարույց հարցերը զգալիորեն նվազել են: Մասնավորապես, հաջողվել է զգալիորեն մերձեցնել նավթի և գազի հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները:

Բացի այդ, մշակվել են այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են նավթային շուկայի կարգավորումը, գյուղատնտեսությունը, կապը և մաքսատունը՝ նշել է նախարարը: «Շատ արդյունավետ աշխատել են»,- եզրափակել է նա:

Հանդիպման ընթացքում ստացված ցուցումների փորձագիտական մակարդակով մանրակրկիտ աշխատանքը կսկսվի դեկտեմբերի 9-ից:

Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունները սկսվել են դեկտեմբերի 7-ին՝ Սոչիում. դրանք ձգվել են ավելի քան 5 ժամ: Ռուսաստանի և Բելառուսի առաջնորդների հաջորդ հանդիպումը կանցկացվի դեկտեմբերի 20-ին՝ Սանկտ Պետերբուրգում:

Հայտնի է դարձել, թե Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը ինչ են կերել Սոչիում հանդիսավոր ճաշին՝ նվիրված միութենական համաձայնագրի ստորագրման 20-ամյակին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:

Բելառուսի և Ռուսաստանի ղեկավարները հանդիպել են Սոչիի «Բոչարով ռուչեյ» նստավայրում շաբաթ օրը կեսօրին: Լայն ձևաչափով բանակցությունների մեկնարկից անմիջապես հետո Պուտինը պատվիրակությանը հրավիրել է հանդիսավոր ճաշկերույթի՝ նվիրված Միութենական պետության ստեղծման 20-ամյակին:

Ճաշացանկում եղել է օրիգինալ ուտեստ: Նախագահներին մատուցել են դդումի աղցան՝ տոմատի մածուկով ու պանրով, կաղամարի սուկի՝ գազարի խյուսով, կանաչ ոլոռից ապուր, մանդարինի շարբաթ, հորթի միս: Որպես աղանդեր՝ ելակի տորթ, իսկ որպես խմիչք՝ Պուտինն ու Լուկաշենկոն կարող էին ընտրել Շարդոնե և Մերլո գինիներ:

Պուտինն ու Լուկաշենկոն ճաշի շուրջը զրուցել են տետ ա տետ: Ճաշի շուրջ բանակցությունները շարունակվել են նաև պատվիրակության անդամների հետ. ռուսական պատվիրակությունը գլխավորում է Դմիտրի Մեդվեդևը, իսկ բելառուսականը՝ նրա գործընկեր Սերգեյ Ռումասը:
Spread the love