Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը տարեվերջյան ասուլիսում անդրադարձել է անձանց, որոնք Հայաստանում անցնելով տարբեր քրեական գործերով, ապաստանել են Ռուսաստանում:

Դրանք նախկին իշխող համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ կամ օդիոզ դեմքեր են, որոնք անցնում են աղմկոտ գործերով: Վերջինը դատավոր Սամվել Ուզունյանն է, որը օրերս է հեռացել Ռուսաստան, երբ նրան պետք է կալանավորեին:

ՌԴ դեսպանն ասում է, որ այդ անձանց հանգամանքը չպետք է փչացնի երկկողմ հարաբերությունը, դրանք իրավական հարցեր են, որոնք իրենց լուծումն են ստանում իրավական հարթության վրա:
Առայժմ իհարկե այդ հարթության վրա որեւէ լուծմամբ որեւէ մեկը չի վերադարձվել Հայաստան եւ պատասխանատվություն կրել օրենքի առաջ: Մյուս կողմից, սակայն, Ռուսաստանի դեսպանն ըստ ամենայնի շոշափում է հայ-ռուսական հարաբերության բավական նուրբ մի պահ:

Նա հայտարարել է, թե այդ հարաբերությունը պետք է ադապտացվի փոփոխվող աշխարհին: Այդ ադապտացիան պետք է ենթադրի Ռուսաստանի հետ հարաբերությունում Հայաստանի ինքնիշխանության սահմանում, այլապես չկա ադապտացիայի որեւէ իմաստ: Մինչեւ հեղափոխությունը հարաբեությունը եղել է միակողմանի: Ապրիլի պատերազմից հետո ինչ որ բան թեթեւակի շարժվեց, սակայն ոչ համարժեք դինամիկայով ու ծավալով, քանի որ Հայաստանում իշխող համակարգը չուներ դա ապահովելու քաղաքական լեգիտիմություն:

Հեղափոխությունից հետո այդ հարցերը դրվել են եւ արվել աննախադեպ հայտարարություններ Երեւանից:

Դրա ֆոնին, եղել են աղմկոտ դեպքերը, երբ Հայաստանում օրենքի առաջ պատասխան տալու փոխարեն, մարդիկ ապաստան են ստացել ու ստանում Ռուսաստանում:

Դեսպանն ասում է, որ չպետք է խառնել իրավունքն ու քաղաքականությունը: Առերեւույթ, ակնառու է, որ այստեղ դրանք ունեն սերտ առնչություն, եւ չնկատելը պարզապես ինքնախաբեություն է: Բայց, Կոպիրկինի տողատակը թերեւս այլ է: Նա ըստ երեւույթին ակնարկում է, որ,  Հայաստանն ինքնիշխանության իրավունքն է պաշտպանում, իսկ դրա դիմաց Ռուսաստանը պաշտպանում է Հայաստանից իր «քարերը» հավաքելու իրավունքը, որն ավելի կոպիտ նույնիսկ հնարավոր է բնութագրել «փասափուսա հավաքելու իրավունք»:

Այդ համատեքստում է, որ դեսպան Կոպիրկինը Հայաստանի հանրությանը հորդորում է չվրդովվել, եթե դրվում է Հայաստանի ինքնիշխանության հարց: Մոսկվան փախածներին դիտարկում է Հայաստանի ինքնիշխանության գին, բայց, միեւնույն ժամանակ նաեւ ինքնիշխան Հայաստանից Ռուսաստանի ապահովագրության գին կամ երաշխիք:

Ռուսաստանում ապաստան ստացածները անձինք են, որոնք առնչվում են Հայաստանի նախորդ քառորդ դարի բավականին աղմկոտ պատմությունների, որոնք ունեցել են հանգուցային նշանակություն եւ որոնց առնչությամբ հանրության մոտ առնվազն հիմնավոր կամ ինչպես ասում են ողջամիտ կասկածներ են եղել արտաքին առնչությունների կամ թելերի կապակցությամբ: Ինքնիշխան Հայաստանն ունակ է քաշել այդ թելերը, իհարկե անհրաժեշտության դեպքում:

Ըստ ամենայնի, քանի դեռ Հայաստանն ինքնիշխան չէ այդ աստիճան, Ռուսաստանն է նախընտրում քաշել դրանք իր  մոտ, որքան հնարավոր է, քանի դեռ կարող է:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •