Փորձ էր արվում ներկայացնել, որ երկրորդ նախագահ Քոչարյանն ատելի է հասարակության համար, բայց արվեստի և մշակույթի գործիչների, երգիչների հայտարարությունը ցույց տվեց հակառակը, և իշխանությունը որոշեց հաշվեհարդար տեսնել:

Այդպես է մեկնաբանել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը Ռոբերտ Քոչարյանի մերձավորներից, «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալությունը: Այն, որ ցանկացած համակրի հետ առնչվող իրավական որևէ գործընթացի Ռոբերտ Քոչարյանի շրջապատը վերագրում է քաղաքական շարժառիթ, շատ պարզ է, հասկանալի: Դա գործնականում հատուկ է պաշտպանական մարտավարությանը ոչ միայն հայաստանյան քաղաքական պայքարում: Ատելի է Ռոբերտ Քոչարյանը հանրության համար, թե ոչ, թերևս յուրաքանչյուրի չափման հարցն է, այդ առումով հազիվ թե կան գիտական կամ մաթեմատիկական արձանագրումներ:

Վերջին հաշվով, Հայաստանը փոքր երկիր է և այստեղ հանրային վարկի և վերաբերմունքի իմաստով գաղտնիքներ առանձնապես չկան: Ավելին, հանրային շոշափելի վստահություն ունենալու պարագայում երկրորդ նախագահը հազիվ թե ունենար այսպես ասած՝ «աստղերի» սատարման անհրաժեշտություն, այն էլ Ռուսաստանից, կամ հազիվ թե իրավական հետապնդման առաջին իսկ օրերից «դիմեր» ՌԴ նախագահ Պուտինին՝ հանրային աջակցության դիմելու փոխարեն: Մյուս կողմից, Ռոբերտ Քոչարյանն այդ իմաստով գտնվում է բավականին բարդ ու ծանր վիճակում և նա ստանում է թերևս ոչ թե հանրային արձագանքներ՝ իր հանդեպ վերաբերմունքի մասով, այլ հակառակը՝ արձագանքներ իր շրջապատից: Եվ այդ իմաստով նրան թերևս համոզում են կամ հավաստիացնում, որ երևանյան փողոցները լի են նրա պաշտպանության համար պայքարող հոծ զանգվածներով և մի քիչ էլ, ու Նիկոլ Փաշինյանը «կփոշմանի, որ գլուխ է դրել իր հետ», ինչպես հարցազրույցներից մեկում ասում էր Ռոբերտ Քոչարյանը, երբ դեռ ազատության մեջ էր:

Ռոբերտ Քոչարյանի դրության առումով ամենածանրն այն չէ, որ նա զրկված է ազատությունից, և անգամ այն չէ, որ նա, իր կարծիքով, անարդար է զրկված ազատությունից: Ամենածանրն այն է, որ նա զրկված է իրականությունը մոտիկից և ամբողջապես գնահատելու հնարավորությունից, և զրկված է այդ իրականությունն իրեն մատուցելու շահագրգռություն ունեցող ընկերակցությունից: Որովհետև մատուցել նրան իրականությունը, կնշանակի, թերևս, քանդել այն ամբողջ պաշտպանական մարտավարությունը կամ ռազմավարությունը, որ կառուցվում է Ռոբերտ Քոչարյանի շուրջ: Որովհետև այդ ամենը նրան ոչ միայն չի օգնում և չի կարող օգնել, այլ դնում է էլ ավելի բարդ ու փակուղային իրողությունների առաջ, դարձնելով մի հանգամանք, որի շուրջ ամենատարբեր շահեր են կառուցում ներքին ու արտաքին ամենատարբեր սուբյեկտներ: Ու ամենատարօրինակը կամ տարակուսելին այն է, որ Ռոբերտ Քոչարյանը, ըստ երևույթին, այդ ամենի համար նաև վճարում է:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •