Ռոբերտ Քոչարյանի փրկագործական առաքելությանը փոխարինելու է գալիս Սերժ Սարգսյանի ճակատագրապաշտությունը

- in Ով ով է ...
Serj Robert

Քարոզչական պատերազմը նոր երանգներ է ստանում։ Վերստին շահարկման նյութ է դարձել ղարաբաղյան հիմնախնդիրը։ Ռոբերտ Քոչարյանի փրկագործական առաքելությանը փոխարինելու է գալիս Սերժ Սարգսյանի ճակատագրապաշտությունը։

Այսինքն՝ երրորդ նախագահի և Ղարաբաղյան հակամարտության ճակատագրերը փոխկապակցված են ու միահյուսված։ Եթե չկա մեկը, ապա չի կարող լինել նաև մյուսը, եթե կործանվում է առաջինը, ապա նույն ճակատագրին պետք է արժանան նաև երկրորդը։ Ասվածի համատեքստում պատահական չէ, որ սարգսյանական պրոպագանդիստները երրորդ նախագահին առաջադրված մեղադրանքն ու Բրատիսլավայում տեղի ունեցող գործընթացը հետևողականորեն միահյուսեցին իրար։ Փաստորեն, երկրորդ և երրորդ նախագահները, մեկը մյուսին հերթ չտալով՝ փորձում են փրկել Արցախը, և այս պարագայում օդից կախված է մնում հետևյալ հարցադրումը․ փրկել ումի՞ց կամ էլ ինչի՞ց։ Գուցե նրանք Արցախը փրկում են մեկը մյուսից և դրանով է պայմանավորված փրկագործական այս մրցավազքը։ Ով ավելի շատ կփրկի, նա էլ առաջինը կխուսափի հայրենի արդարադատությունից։ Իրավիճակն այս, իհարկե, զավեշտալի է, հատկապես երբ փրկիչների թիվը ավելացել է ևս մեկով։ Բայց արդեն ոչ թե Հայաստանում, այլ Արցախում (տարանջատումը զուտ վարչական բնույթ ունի)։ Խոսքը, իհարկե, գեներալ Վիտալի Բալասանյանի մասին է, ավելի ճիշտ՝ նախկին գեներալի, իսկ ներկայումս՝ Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված նախագահի թեկնածուի։ Իհարկե, Քոչարյանն ու Սարգսյանը, կարծես թե, նույն աշխատանքն են անում, բայց նրանք միասնական չեն։ Ավելին՝ նույնականացումը ո՛չ տեղին է և ո՛չ էլ հիմնավորված։ Քայքայիչ այս աշխատանքում երկրորդ և երրորդ նախագահները անզիջում հակառակորդներ են, իսկ իրերի դասավորությունն էլ հուշում է, որ առավելությունը երրորդի կողմն է։ Բայց էականը ոչ թե այդ երկուսի մրցակցությունն է, այլ պետության շուրջ ծավալվող քայքայիչ քարոզչությունը։ Իսկ ավելի կոնկրետ՝ Սարգսյանի կողմից վերահսկվող լրատվամիջոցներն ու պրոպագանդիստները փորձում են ժողովրդին ահաբեկել պատերազմի սպառնալիքով՝ իբրև թե Նիկոլ Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունը հանգեցնելու է անխուսափելի բախման, և Բաքվին այլ ելք չի մնալու, քան լայնամասշտաբ հարձակման անցնել։ Բայց բուն խնդիրն այդքան էլ պատերազմի մեջ չէ, այլ ակնկալիքի։ Տպավորությունն այնպիսին է, թե նրանք երազում են ադրբեջանական ագրեսիայի մասին։ Նրանք նույնիսկ ուղղակի մեսիջներ են հղում ուժային տարբեր կենտրոններին, իսկ նպատակը վարչապետ Փաշինյանի կաբինետի ռազմաքաղաքական ջախջախումն է, որի հետևանքով հնարավոր կլինի նրան մեկուսացնել և հեռացնել իշխանությունից։ Կանխատեսվում է մոտավորապես հետևյալ ճանապարհային քարտեզը․ պատերազմի սանձազերծում, ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների կորուստ, Հայաստանի ռազմաքաղաքական պարտություն, իսկ դրան էլ հաջորդելու է զինված ապստամբությունը, որը հեռացնելու է Փաշինյանին իշխանությունից՝ մեղադրելով պետական դավաճանության ու Ղարաբաղը հանձնելու մեջ։

Այս ամենի մեջ դավադրություն պետք չի փնտրել, ընդամենը ուշադրություն դարձրեք իրերի և երևույթների կարգին, ու ամեն ինչ պարզ կլինի։ Ի դեպ, ժամանակին հենց այս նույն սցենարի միջոցով փորձում էին իշխանությունից հեռացնել նաև Սերժ Սարգսյանին, բայց ինչպես տեսանք՝ 2016 թ․ Երևանն ու Ստեփանակերտը ոչ միայն չջախջախվեցին, այլ նաև հետ շպրտեցին ագրեսորին։

Այս քարոզչության մեջ արտառոց ոչինչ չկա։ Ընդհակառակը՝ դա օրինաչափություն է՝ բնորոշ նախորդ իշխանություններին։ Արձանագրենք նաև, որ վերջին 25 տարիներին Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանական դիսկուրս երբևէ չի կառուցվել, ավելին՝ դրա անհրաժեշտությունը մղվել է հետին պլան։ Փաստորեն ռացիոնալ դիսկուրսի փոխարեն տիրապետող դիրքեր է զբաղեցրել ազգայնական դեմագոգիան ու մանիպուլյացիոն աղմուկ-աղաղակը, որը նաև հետհեղափոխական Հայաստանի ամենահրատապ խնդիրներից մեկն է։

Արատավոր այս իրավիճակի առաջնային պատասխանատուները նախկին իշխանություններն են՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Երկրորդ ու երրորդ նախագահներն իշխանության են եկել Ղարաբաղյան հակամարտության միջոցով ու շահարկմամբ։ Այս նույն տրամաբանությամբ համակարգի շարունակականությունն էլ նրանք ապահովել են հենց այդ նույն հիմնախնդրի շահարկման հաշվին: Այսինքն՝ այս երկուսը պատերազմի տրամաբանական արտադրանքներն են ու իրենց քաղաքական գոյությունն էլ մշտապես արդարացրել են պատերազմով կամ էլ դրա սպառնալիքով: Այլ առաքելություն ու գոյության, այլ իմաստավորում նախորդ երկու ռեժիմները երբևէ չեն ունեցել: Պարզապես ուրիշ ելք չկար, Քոչարյանն ու Սարգսյանը իշխանության մնալու այլ տարբերակ չունեին ու տրամաբանորեն ժողովրդին պետք է կերակրեին քաղաքական այդ միֆերով: Իսկ ի՞նչ է կատարվում ներկայումս։ Բանն այն է, որ Ղարաբաղյան հակամարտության գաղափարական ներգործությամբ գոյություն ունեցող իշխանությունները հիմա էլ դիրքավորվել են ընդդիմադիր տիրույթում ու իրենց ընդդիմադիր գոյությունը փորձում են հիմնավորել նորից պատերազմով ու Ղարաբաղին սպառնացող թվացյալ վտանգով: Այսինքն՝ նրանք ընդդիմադիր են, քանի որ Ղարաբաղին վտանգ է սպառնում, ընդդիմադիր են, քանի որ կառավարությունը «հող հանձնող» է: Ինչպես տեսնում ենք՝ նորից ու նորից հակամարտությունը դառնում է մանիպուլյացիայի ու ազգայնական դեմագոգիայի առարկա՝ հանրությանն էլ ավելի հեռացնելով բանական դիսկուրսից: Փաստորեն, Ղարաբաղի շահարկման հաշվին իշխանության եկած ու գոյության շարունակականությունը ապահոված ռեժիմը հիմա էլ այդ նույն Ղարաբաղի շահարկման միջոցով հիմնավորում է իր ընդդիմադիր լինելու անհրաժեշտությունը:

Վերջաբանի փոխարեն միայն նշենք հետևյալը․ խաղասեղանին դրված է Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցը, որը չի կարող պայմանավորվել հերոս հորջորջվող ինչ-որ անհատների կեղծ ու ինքնասիրահարված ջղաձգումներով։ Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա ստիպված է լինելու Արցախի վերահսկողությանը հանձնել ևս մի քանի շրջաններ, որից հետո 7 շրջանների փոխարեն բանակցությունների առարկա են դառնալու արդեն 9-10 շրջաններ։ Իսկ պատերազմը չի փրկելու քաղաքական հանցագործներին, պատերազմի, թե խաղաղության պայմաններում, միևնույն է, նրանք կանգնելու են արդարադատության առջև։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...