Ռոբերտ Քոչարյանն անցավ գործի. նոր կուսակցության հասցեն

- in Ով ով է ...

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին ուղերձով դիմել է իր համակիրներին, նշելով, որ սկսվում է նոր քաղաքական փուլ: Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ բանտախուցը դիտարկում է որպես աշխատասենյակ՝ պայքարի ուղղությամբ աշխատելու համար:

Երկրորդ նախագահի հայտարարությունը ընթերցել էր նրա կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը, որն օրերս հայտարարել էր նոր կուսակցություն ստեղծելու հավանականության մասին: Ռոբերտ Քոչարյանը նշելով, որ կալանատունը դիտարկում է որպես աշխատասենյակ, դե ֆակտո, պայմանականորեն հռչակում է թերեւս նոր կուսակցության շտաբ-բնակարանի հասցեն:
Երկրորդ նախագահի այդ հայտարարությունը նշանակու՞մ է արդյոք, որ նա թողել է տեսանելի ապագայում բանտախցից դուրս գալու հույսը եւ այդ իսկ պատճառով ազդարարում է, որ այն դիտարկում է որպես աշխատասենյակ, զուգահեռ նշելով քաղաքական նոր փուլի մեկնարկի մասին: Եվ նշանակու՞մ է դա արդյոք, որ Ռոբերտ Քոչարյանն այլեւս իր պաշտպանական թիմին կհրահանգի դադարեցնել տարաբնույթ միջնորդություններով մարտիմեկյան գործի դատավարության բուն մեկնարկը ձգձգելու մարտավարությունը եւ անցնել անմիջական դատավարական պաշտպանության:

Ի վերջո, երկրորդ նախագահն ինքն է հայտարարել, թե դատավարությունն ու գործի բացահայտումը ամենից շատ պետք է իրեն, դրանով ամենից շատ շահագրգռված է ինքը, իսկ Լեւոն Քոչարյանն էլ հայտարարել է, որ մարտիմեկյան տուժողներից հետո երկրորդ տուժողը իրենց ընտանիքն է:

Ինչո՞վ է բնորոշում Ռոբերտ Քոչարյանը քաղաքական այն նոր փուլը, որ ազդարարում է համակիրների առաջ՝ անկախ նրանից, թե այդ համակիրներն ինչ շարժառիթով են նրա կողքին:

Ինչո՞վ է այդ փուլը նոր: Երկրորդ նախագահի համար այն կարող է տարբերվել մի բանով, սկզբունքորեն նոր լինելու համար: Այդ փուլը նրա համար նոր կարող է լինել, եթե դրա առանցքում Քոչարյանի պայքարն է ոչ թե իր ազատության, այլ իր մեղադրանքի բովանդակությունը հերքելու եւ մարտիմեկյան գործի բացահայտման համար: Եթե երկրորդ նախագահը դադարեցնում է ազատության համար պայքարն ու իր գործունեության հիմքում դիտարկում այլեւս մեղադրանքները ոչ միայն իրավական, այլ նաեւ բարոյա-քաղաքական հարթությունում համոզիչ կերպով հերքելու ուղղությամբ պայքարը, ապա դա նրա համար կարող է լինել իսկապես քաղաքական նոր փուլ:

Այլ հարց է, թե այդ փուլը որքանով կհաջողի եւ Ռոբերտ Քոչարյանին որքանով կստացվի լուծել այդ խնդիրը: Բայց, եթե նրա մոտ չի ստացվում լուծել այդ խնդիրը, ապա չի ստացվելու նաեւ որեւէ այլ խնդիր լուծելը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...