Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքու կատարած այցի ընթացքում անդրադարձել է Հայաստանի վարչապետի բարձրացրած խնդրին՝ Ադրբեջանին զենք չվաճառելու և փաստորեն, այսպես ասած, ռազմատենչությունը չխրախուսելու առումով:
Դրա վերաբերյալ հարցին, որ նրան հղվել է Բաքվում, ՌԴ արտգործնախարարը պատասխանել է, որ ռազմա-տեխնիկական գործակցությունն Ադրբեջանի հետ ՌԴ ռազմավարական գործընկերության կարևոր բաղկացուցիչ է, և իրենք դա անում են միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան:
Խնդիրն այն է, որ Ռուսաստանը խախտում է դաշնակցային տրամաբանությունը, ընդ որում՝ ոչ միայն երկկողմ, այլ նաև բլոկային: Ի վերջո, հարկ է հիշել, որ Նիկոլ Փաշինյանը հարցը բարձրացրել էր օրերս ՀԱՊԿ պետությունների ղեկավարների բիշքեկյան հավաքի ընթացքում: Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը դրել էր հարցը ՀԱՊԿ բլոկային տրամաբանության համատեքստում: Եվ ուրեմն, Սերգեյ Լավրովը Ադրբեջանում իր պատասխանով պարզապես հերքում է ՀԱՊԿ բլոկային տրամաբանությունը, գործնականում հրաժարվում ՀԱՊԿ կոչվող բլոկից: Առերևույթ, դա Հայաստանի վարչապետի բարձրացրած խնդրի անտեսում է, մերժում, պատասխան՝ որ վաճառել ենք և վաճառելու ենք: Միաժամանակ, իհարկե, կարևոր է, երբ նա խոսում է այսպես ասած՝ հավասարակշռության մասին: Իհարկե, դրա մասին էին խոսում նաև Ապրիլյան պատերազմից առաջ՝ հինգ միլիարդ դոլարի սպառազինություն վաճառելիս և փաստացի պատերազմը ռազմական և քաղաքական իմաստով հովանավորելիս: Բայց պարզվեց, որ գործնականում չկա խոսք որևէ հավասարակշռության մասին, և Ռուսաստանն ուղղակի խախտել է որևէ հավասարակշռություն: