«Ես որևէ մեկնաբանություն չեմ կարող անել, որովհետև եթե արձանագրվել է, որ անձը աշխատանքի չի գնում, կան համապատասխան ընթացակարգեր, դրանցով հնարավոր է ղեկավարվել: Կառավարությունն այստեղ անելիք չունի»,- Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորներին կամավոր վաղ թոշակի անցնելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հարցին, որ ՍԴ-ում կա դատավոր, ով աշխատանքի չի գնում, բայց աշխատավարձ է ստանում, այդ հարցն ինչպե՞ս պետք է լուծվի:

Նշենք, որ խոսքը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասին է:

Հարցին, թե կա՞ մեխանիզմ, որ աշխատանքի չհաճախող ՍԴ դատավորին կարող են աշխատանքից ազատել, Բադասյանը պատասխանեց. «Էական կարգապահական խախտման հիմքերը թվարկված են, և եթե կա նման խախտման հիմք, ԱԺ-ն իրավասություններ ունի այդ ոլորտում»:
Նախարարն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ հենց այս փուլում կառավարությունը որոշեց ներկայացնել ՍԴ դատավորներին կամավոր վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը: Բադասյանն ասաց, որ իր՝ պաշտոնն ստանձնելուց հետո հանձնառություն են ստանձնել ունենալ անկախ դատական համակարգ, հանրության վստահությունը բարձրացնել դատական համակարգի նկատմամբ:
«Եվ Սահմանադրական դատարանի մասով վաղ կենսաթոշակի ինստիտուտի ներդրումը դրանցից ընդամենը հերթական քայլն է: Այն ուղղված է 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված Սահմանադրական դատարանի մոդելը կյանքի կոչումն ապահովելուն»,- ասաց նա:

«Եթե երկրում իշխանության փոխոխություն տեղի ունենա, պարզվի՝ դուք երիտասարդ տարիքում պետք է գնաք կենսաթոշակի, դուք կգնա՞ք»,- այսօր ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորներին կամավոր վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի քննարկման ժամանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարցրեց Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Բադասյանն ասաց, որ Հայաստանում ուղղակի իշխանության փոփոխություն տեղի չի ունեցել, Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, որն արդյունք էր տարիներ շարունակ կուտակված խնդիրների, այդ թվում՝ կոռուպցիայի բարձր մակարդակի, այդ թվում՝ դատական համակարգի ձևավորման վրա կոռուպցիայի ազդեցության:

«Հետևաբար, սրանք տարբեր իրավիճակներ են, խորքային քաղաքական փոփոխություններ են երկրում: Եթե խնդիրը նրանում է, որ ես նշանակված լինեի ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ձևավորված ԱԺ կողմից, եթե չլիներ այն գնահատականները, որը Հայաստանի դատական համակարգի շուրջ տարիներ շարունակ եղել են, ես խնդիր կտեսնեմ վաղ կենսաթոշակի առաջարկի մասով: Սակայն այն խորքային խնդիրները, որոնք կան Հայաստանում, և հեղափոխությունից հետո ձևավորված նոր կառավարությունը խնդիր ունի դրանք լուծելու հերթականությամբ և կոռուպցիան արմատախիլ անելու նաև դատական համակարգից, ապա այս պարագայում պետության կողմից մեկնված ձեռքը սեղմելը, կարծում եմ, պատվով հեռանալու և սահմանադրական նոր մոդելի դատական համակարգ ունենալու հնարավորություն է: Ես որևէ խնդիր չեմ տեսնում պետության մեկնած ձեռքը սեղմելու»,- ասաց նախարարը:

Ըստ նրա՝ եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ միանգամից ՍԴ 7 դատավորնրը դիմեն վաղ կենսաթոշակի, ապա ֆինանսական գնահատականը 630 մլն դրամի շրջանակներում է: «Ինչ վերաբերում է հարկատուների գումարներից նման շռայլության գնալու խնդրին, ապա, կներեք, բայց եթե մենք նույն տրամաբանությամբ գնանք, հանրությունն ավելի անհանդուրժող կլինի, եթե մենք դատական համակարգում ընդհանրապես ոչ մի բան չփոխենք,  ամեն ամիս իրենց վճարած հարկերից աշխատավարձ վճարվենք այն դատավորներին, որոնց հանրությունը չի վստահում»,- ասաց նա: