«Ռուս-թուրքական ընդհանուր հաղթանակ». Բացահայտումներ Նժդեհի հուշատախտակի շուրջ

- in Կեղտոտ լվացք

Yugsn.ru կայքի տեղեկացմամբ, Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել Վերափոխումի Սուրբ Աստվածածնի հայկական եկեղեցու տարածքում:

Կայքը հրապարակել է փաստաթուղթ, ըստ որի հայ եկեղեցու երիցապետ Տեր Մակար ավագ քահանա Տերտերյանը, ի պատասխան Արմավիրի փոխքաղաքապետի պահանջի, տեղեկացրել է ապամոնտաժման մասին: Փաստաթղթի իսկությունը հաստատվել է նաեւ հրապարակված այլ վկայություններով:

 

Նոյեմբերի 13-ին հուշատախտակի դեմ վանդալիզմի ակցիա էր իրականացրել Արմավիրի Քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը, որը սև ներկով պղծել էր Նժդեհի հուշատախտակը եւ Մոսկվայում կայանող Ռուսաստանի հայոց միությունից պահանջել քանդել այն:

Հուշատախտակի ապամոնտաժման կապակցությամբ ռուս փորձագետ Եվգենի Միխայլովն ասել է, որ դա «ռուսական եւ ադրբեջանական իշխանությունների ընդհանուր հաղթանակն է»: Նշենք, որ ռուսական իշխանությունները հրաժարվում են դեռ երեկ խաղատների դռնապան, այժմ հայ-ռուսական հարաբերությունների գծով առանցքային այս քաղաքագետի՝ ազգամիջյան ատելություն հրահրելու նշանների հիմքով քրեական հետապնդումից, չնայած տեղի հայ համայնքների բազմաթիվ դիմումներին:

Ավելի վաղ ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել էր, որ «հուշատախտակը կարծես կարմիր լաթ լինի, եւ չի հանգստանա, մինչեւ այդ հուշատախտակը չապամոնտաժվի»:

Պատահական չէ, որ Նժդեհի կապակցությամբ ռուսական պաշտոնական թեզերին ակտիվորեն ձայնակցում է ապշերոնյան վարչակազմի ղեկավար Իլհամ Ալիեւը եւ Բաքվի նրան ենթակա մամուլը:

Այս կապակցությամբ բազմիցս նշել ենք, որ պաշտոնական Մոսկվայի համար խնդիրը բնավ Նժդեհը չէ, այլ 1921 թ. ռուս-թուրքական մոսկովյան պայմանագրի չեղարկման հարցի ակտուալացմանը հակազդելը: 2021-ին՝ ազգավեր այդ պայմանագրի եւ կից գաղտնի արձանագրությունների 100-ամյակին ընդառաջ, դեպքերի ծավալումը անկասկած ռուս-թուրքական ճնշում է:

Մնում է միայն տարակուսանք հայտնել, որ ռուս-հայկական եկեղեցական ամուր կապերով հպարտ ուղղափառ Հայ Առաքելական Եկեղեցին ենթարկվում է ինչ-ինչ հանգամանքների եւ ռուսական պրոպագանդայի «յաններից» մեկի՝ Գեւորգ Միրզայանի հրապարակային խորհրդով հորդորել է Սբ. Էջմիածնի կրասնոդարյան սպասավորին իրականացնել ազգային հերոսի հուշատախտակի ապամոնտաժումը:

2021-ին ընդառաջ ծավալվող հակահայ ընթացքի այս բոլոր կողմերը լուրջ հետեւությունների առիթ են տալիս թե միջպետական, թե ներքին հայկական, այդ թվում պետություն-եկեղեցի հարաբերության, առհասարակ մեր եկեղեցու փափագելի դերի եւ վիճակի առումով: Ըստ ամենայնի, ցավով պիտի արձանագրենք, որ հայաբնակ Կամիշլիից Դեր Զոր սրբավայր ճանապարհին կաթոլիկ հայ հոգեւորականների սպանության առիթով Սբ. Էջմիածնի զարմանալիորեն կրավորական արձագանքը ընդամենը մեկ դրսեւորում էր լիակատար ինքնամեկուսացման արատավոր միտումի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...