Serzh Sargsyan

Խորհրդարանը երկարաձգում է ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքը, ինչը թերևս պայմանավորված է ոչ այնքան զուտ հանգամանքով, որ հանձնաժողովը չի հասցրել ինչ-ինչ հարցերի պատասխան ստանալ, այլ ավելի շուտ ներքաղաքական իրողությունների տրամաբանությամբ:

Ի վերջո, այդ հանձնաժողովը ստեղծվեց մի իրավիճակում, երբ ներքին զարգացումները մտան նոր փուլ և գեներացվեց դինամիկ գործընթաց՝ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումով, դատական համակարգի շուրջ ընդհուպ Ռուսաստանի դեսպանին հետաքրքրող զարգացումներով: Այդ համատեքստում էր, որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության երկրորդ փուլի մասին իր հայտնի ելույթում շոշափեց նաև ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողովի թեման: Եվ այն, որ խոսքը հենց խորհրդարանական հանձնաժողովի, ոչ թե քննչական կառույցի ֆորմատով ուսումնասիրման մասին էր, վկայում է կամ հասատում, որ խնդիրը գործընթացն է, մեխանիզմը:

Բանն այն է, որ ապրիլյան քառօրյա պատերազմը զուտ ռազմական գործողություն կամ ագրեսիա չէր: Ագրեսիան Ադրբեջանից էր, սակայն դրա շուրջ տարիներ շարունակ ծավալվում էր Հայաստանի ներսում և շուրջը բավականին բազմաշերտ քաղաքական զարգացումների մի ամբողջ ալիք, ներքին ու արտաքին դերակատարներով, ռուսական հովանավորությամբ, Հայաստանի հարցում երկու առանցքային գործընթացների ծավալումով և տապալումով՝ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտություն ու Եվրաասոցացման համաձայնագիր: Այդ ամբողջ համատեքստը անշուշտ կազմում է նաև ընթացիկ քաղաքական զարգացոմների որոշակի մեխանիկան, պարզապես ուժերի և դերերի այլ հարաբերակցությամբ, որտեղ սակայն էական նշանակություն են ունենում պատճառահետևանքային կապերը: Այդ առումով է, որ ապրիլյան քառօրյա հանձնաժողվի պարագան Հայաստանի իշխանության համար քաղաքական գործիքակազմի կարևոր տարր է, որի գործողության ժամկետը երկարաձգվում է: Ընդ որում, այստեղ հետաքրքիր է նաև հանգամանքը, որ հարցը զուգադիպել է Սերժ Սարգսյանին ներկայացված մեղադրանքի հետ, իհարկե բոլորովին այլ հարցի կամ գործի առնչությամբ:

Ինչպես հայտնի է, ապրիլյան հանձնաժողովը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանին լսելու են ամենավերջում: Խնդիրը թերևս այն է, թե ո՞վ է որոշելու այդ վերջը և վերջը առնչվելու է ապրիլյանի վերաբերյալ նյութերի հավաքագրման գործին, թե՞ կապ չունի դրա հետ և ներքին զարգացումները կորոշեն Սերժ Սարգսյանին հանձնաժողով հրավիրելու նպատակահարմարությունը: Իհարկե դեռ հարց է, թե կընդունի՞ նա այդ հրավերը: Մյուս կողմից, արդյո՞ք կդնեն նրան ընտրության առաջ՝ խոսել քրեական գործի՞, թե ապրիլյան քառօրյայի շրջանակում: Մյուս կողմից պարզ չէ, թե ինչն է Սարգսյանի համար ավելի ծանր ու դժվար, որ շրջանակում խոսելը: Մյուս կողմից էլ պետք չէ բացառել և այն, որ ապրիլյանի շրջանակում խոսելը Սերժ Սարգսյանի համար էապես թեթևացնի վիճակը քրեական գործի շրջանակում: