Հայաստանի ներքաղաքական շրջանառության մեջ ավելի ու ավելի զգալի տեղ է զբաղեցնում գույժը՝ որպես քաղաքական հռետորաբանության առանցք:

Իշխանության հանդեպ ընդդիմախոսությունը գերակշռող, ճնշող մեծամասնությամբ կառուցվում է դրա շուրջ՝ գույժ որքան հնարավոր է շատ, կամ կառուցվում է այսպես ասած «գույժկու հռետորաբանություն»:

Միմյանց են հաջորդում գրառումները, ելույթները, հարցազրույցները, բարձրաձայն մտորումները այն մասին, որ իշխանությունը Հայաստանը տանում է կործանման, աղետի, քանդում է պետությունը: Տպավորություն է, որ նախկին իշխող համակարգի տարբեր խմբեր մրցակցում են, թե ով ավելի մռայլ ու չարագուշակ պատկեր կմատուցի հանրությանը:

Տարիներ շարունակ դա եղել է իհարկե բավականին վաճառվող «քաղաքական» արտադրանք: Տարբեր տարիների ընդդիմությունները նույն չարագույժ հռետորաբանությունը արտադրել ու սպառել են անխնա: Ու թեեւ բուն թավշյա հեղափոխության ընթացքում հռետորաբանությունն այլ էր՝ բավականին ողջունելի տրանսֆորմացիայով, այդուհանդերձ հեղափոխության «բաղադրության» մեջ իր էական դերն ունեցել է նաեւ տարիների չարագույժ հռետորաբանության իրացումը:

Ներկայում, նույնն արտադրում եւ փորձում է իրացնել արդեն նախկին նախկին իշխող համակարգը՝ «դե ստացեք» տրամաբանությամբ:

Բայց, արդյոք գործ ունենք իրացվելի «քաղաքական ապրանքի» հետ: Ու դա այն պարագայում, երբ նույնիսկ նախկինում՝ մինչեւ հեղափոխությունը այն աստիճանաբար կորցրել էր իր լիկվիդայնությունը, արժեզրկվել: Ի վերջո, նաեւ դա էր պատճառներից մեկը, որ հեղափոխության գործընթացը ծավալվում էր էապես այլ հռետորաբանության ուղեկցությամբ, թեեւ կոշտ «համեմունքով»:

Առավել եւս այժմ, կիրացվի՞ անասելի արժեզրկված «քաղաքական ապրանքը», այն էլ հանրային վստահությամբ ձեւավորված իշխանության հանդեպ:

Ի՞նչ է դա՝ «նոր ընդդիմության» երեւակայության բացակայությու՞ն, թե՞ պարզապես անձնական հաշիվների մաքրում: Որովհետեւ, «հայելային արտացոլումը» կարող է բացատրելի եւ հասկանալի լինել թերեւս այդ՝ անձնական շարժառիթի համատեքստում:

Հակառակ պարագայում, կնշանակի, որ հին իշխանություն-նոր ընդդիմությունը ոտքը դնում է հին ընդդիմությունների «փոցխին», եթե լուծվում են քաղաքական, ոչ թե անձնական խնդիրներ:

Թեեւ, քաղաքական իմաստով կարող է թերեւս լինել մեկ այլ դիտարկման արժանի մոտիվ կամ նպատակ: Վարվելով նոր իշխանության հանդեպ այնպես, ինչպես հին իշխանության հանդեպ ընդդիմությունն էր վարվում, նախկին իշխող համակարգը թերեւս ակնկալում է ընդդիմության հանդեպ այնպիսի պատասխան, ինչպիսին ինքն էր տալիս:

Այդտեղ արդեն իրավիճակը հանգում է մի կետի, որտեղ իհարկե քաղաքական հեռանկարի առումով լայն իմաստով ավելի էական կորցնելու բան է ունենում նոր, ոչ թե հին իշխանությունը:

Եթե նոր իշխանությունը չտրվի «գայթակղությանը», ապա այդ դեպքում իհարկե վաղուց սպառված «գույժկու հռետորաբանությունը» գործնականում արագորեն սպառելու եւ իմաստազրկելու է այն սուբյեկտներին, որոնք ապավինելու են դրան:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...