Սերժ Սարգսյանին ներկայացվում է մեղադրանքը՝ հետաքրքիր ճյուղավորումների հեռանկարով

- in Ով ով է ...
Serj Sargsyan

Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին, որը, ըստ հաղորդագրության, կապված է նրա նախագահության շրջանում գյուղացիական տնտեսություններին էժան դիզվառելիքով ապահովելու ծրագրին՝ պետական սուբսիդավորման միջոցով:

Ըստ մեղադրանքի, Սերժ Սարգսյանի որոշումով վառելիքի մատակարար ընտրվել է «Ֆլեշ» ընկերությունը, այն դեպքում, երբ եղել է ավելի էժան առաջարկ և, ըստ դրա, կխնայվեր մոտ կես միլիարդ դրամ: Սերժ Սարգսյանի մեղադրանքի թեման հեղափոխությունից հետո պարբերաբար շրջանառվող հանրային հարցերից կամ մամուլի անանուն հրապարակումներից էր:

Ի վերջո, մեկուկես տարի անց մեղադրանք ներկայացվում է, սակայն մի գործով, որը, թերևս, հանրային ընկալումների տեսանկյունից շատ փոքր է Սերժ Սարգսյանի գործունեության ծիրում: Առավել ևս, որ խափանման միջոց է ընտրվել ոչ թե կալանքը, այլ ստորագրություն չհեռանալու մասին:

Իրադարձությունը այդուհանդերձ տեղի է ունենում բավականին հետաքրքիր ներքաղաքական իրավիճակում, երբ բավականին թեժանում է մրցակցությունը նախկին իշխող համակարգի շրջանակում, այսպես ասած, նոր իշխանության հանդեպ ընդդիմադիր գերակա դիրքում տեղավորվելու համար:

Այդ համատեքստում խիստ հատկանշական կամ խորհրդանշական է մեղադրանքի թեման: Բանն այն է, որ դիզվառելիքային այդ հայտնի գործընթացը բավականին աղմկոտ պատմություն էր դարձել նաև հենց այն շրջանում, երբ ծավալվում էր: Իհարկե, այլ էր աղմուկի կոնտեքստը և այն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև էր, որի հանդեպ Հովիկ Աբրահամյանը կազմակերպում էր բավականին հոծ գրոհներ, և որը գտնվում էր Աբրահամյանին վարչապետի պաշտոնի հասցնելու ոչիշխանական բևեռի թիրախում:

Տիգրան Սարգսյանը պաշտպանական մարտավարության շրջանակում ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայության միջոցով բարձրաձայնեց, որ սուբսիդիոն դիզվառելիքի մեծ ծավալ է ստացել Աբրահամյանների ընտանիքը, որպես խոշոր հողատեր: Աբրահամյանները պատասխանեցին, թե ստացել են ըստ օրենքի, սակայն պարզ է, որ ամեն ինչ կարգին էր, այսպես ասած, թղթերով, սակայն ոչ բարոյականությամբ, որովհետև Աբրահամյանների խոշոր հողատեր ընտանիքը մեղմ ասած չպետք է ունենար սուբսիդիոն դիզվառելիքի կարիք, իսկ դրա իրական կարիքավորները շատ էին: Կշոշափվեն այդ «անցած-գնացած» թվացող շերտերը գործի քննության ընթացքում այժմ, քանի որ, ուղղակի թե անուղղակի, ակնառու է, որ խոսքն, այսպես ասած, նախկին համակարգի մեջ տարալուծված կես միլիարդ դրամի մասին է: Հարցը, իհարկե, փողի չափը չէ, որը նախկին իշխող համակարգի համար չափազանց փոքր ծավալ է: Խնդիրը, անշուշտ, գործի բնույթն է, որով Սերժ Սարգսյանին ներկայացվում է մեղադրանքը՝ հետաքրքիր ճյուղավորումների հեռանկարով, ինչն էլ իր հերթին կարող է խթանել հետաքրքիր «հաշիվներ» նախկին համակարգի տարբեր ճյուղերի միջև:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...