Hovik Abrahamyan

Սերժ Սարգսյանի և ՀՀԿ տիրույթում դիրքավորված խմբերը նրան առաջադրված մեղադրանքի համատեքստում աշխուժորեն թիրախավորում են նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանին:

Բանն այն է, որ, ըստ մամուլում տարածված տեղեկության, հենց Կարապետյանի ցուցմունքի հիման վրա է մեղադրանք ներկայացվել Սերժ Սարգսյանին՝ գյուղացիական տնտեսություններին հատկացված սուբսիդիոն դիզվառելիքի գործով: Ավելին, համենայնդեպս առայժմ Սերգո Կարապետյանը թիրախավորվում է ոչ միայն իշխանությանը հավասար, այլ նույնիսկ ավելի: Նրան որակում են դավաճան: Թե որտեղ է դավաճանությունը, իհարկե, ավելի մանրամասն կներկայացնեն թերևս մեղադրողները, սակայն հանգամանքը իսկապես շատ հատկանշական է և ինտրիգային, եթե նկատի ենք առնում մի փոքրիկ մանրուք՝ Սերգո Կարապետյանը Հովիկ Աբրահամյանի թիմակիցն է և նրա հետ գյուղնախարարի պաշտոնի է եկել այն բանից հետո, երբ ոչիշխանական բևեռի միջոցով Հովիկ Աբրահամյանը զբաղեցրեց կառավարության ղեկավարի պաշտոնը:

Հովիկ Աբրահամյանին հեռացնելուց հետո էլ Սերգո Կարապետյանը հեռացավ: Եվ ահա հիմա, երբ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատը կամ, ավելի շուտ, նրան սատարողերի շրջապատը թիրախավորում է Սերգո Կարապետյանին, արդյոք այստեղ բուն թիրախը Հովիկ Աբրահամյա՞նը չէ: Հատկապես նկատի ունենալով մեկ այլ հանգամանք էլ, որի մասին հիշատակել ենք նախօրեին՝ Սերժ Սարգսյանին ուղղված մեղադրանքի վերաբերյալ տեղեկատվության տաք հետքով: Խոսքն այն մասին է, որ դիզվառելիքի հայտնի սուբսիդավորման գործընթացում գլխավոր շահողներից մեկը եղել էր Աբրահամյանների ընտանիքը, որը լինելով խոշոր հողատեր, ստացել էր նաև սուբսիդիոն վառելանյութ, այսինքն՝ էժան վառելանյութ՝ իրականում չունենալով դրա սոցիալական անհրաժեշտությունը:

Ահա այդ համատեքստում, Սերժ Սարգսյանի պաշտպանների մեղադրանքն ու թիրախավորումը ստանում է իսկապես հետաքրքիր երանգ ոչ միայն զուտ, այսպես ասած, պաշտպանական զգայական տեսանկյունից, այլ նաև այն, թե արդյոք Սարգսյանի դաշտից կհետևի՞ հարվածը Հովիկ Աբրահամյանին, որևէ տեղեկատվության տեսքով, որը կարող է ոչ պակաս խնդիրներ առաջացնել նախկին վարչապետի համար: Համենայնդեպս, Սերգո Կարապետյանին թիրախավորումը, ըստ երևույթին, զգուշացումն է Հովիկ Աբրահամյանին, որ նա կամ «կստանձնի Սերժ Սարգսյանի մեղադրանքի» գործի պատասխանատվությունը, կամ կլինի հաջորդը Սերգո Կարապետյանից հետո՝ և արդեն ոչ թե պիտակավորումների, այլ հնարավոր է՝ որոշակի ինֆորմացիաների տեսքով: