Սերժ Սարգսյանն ամեն ինչ արել է իր, իր փեսայի, իր չգիտեմ ում համար

- in Տնտեսական
Khachatur Sukiasyan

Գործարար Խաչատուր Սուքիասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵԺԿ ամբիոնից ՀՀ իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատություններին:

«Ես հարգում եմ ցանկացած պաշտոնյայի, ով նախկինում գործել է: Եվ Սերժ Սարգսյանն է շատ դրական գործել, որովհետև ունեցել ենք Սահմանադրություն, ինչ-որ սահմաններ պահել է: Բայց Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է եղել, ամեն ինչ արել է իր, իր փեսայի, իր չգիտեմ ում համար: Սերժ Սարգսյանին ես շատ լավ ճանաչում եմ, իր հետ շատ լավ զրույց եմ ունեցել տարբեր ժամանակներում»,- ասաց Սուքիասյանը:

Լրագրողները նկատեցին՝ նաև լավ հարաբերություններ ուներ ժամանակին Սերժ Սարգսյանի հետ: «Լավ հարաբերություններ ունենալը դուք եք ինձ ասում, դուք պետք է լսեք, թե ինչ եմ ասում ես: Եթե Սերժ Սարգսյանն ինձնից գործարան է խլել, ես չեմ կարծում, որ իր հետ լավ հարաբերություններ եմ ունեցել: Ես նախկինում ասել եմ՝ բարիդրացիական հարաբերություններ եմ ունեցել, չեմ ասել՝ լավ»,- ասաց Սուքիասյանը: Նա շարունակեց. «Սերժ Սարգսյանը նաև շատ վատ ընկեր է, որովհետև երբ ՀՀ-ն կառուցվում էր, երբ ինքը Ղարաբաղից եկավ, բոլոր իր հին ընկերներին մոռացավ: Մինչև անգամ նրան էլ մոռացավ, ումից ընդունեց նախագահությունը: Խաբելը շատ վատ բան է էս երկրում, եթե առաջին դեմքի մակարդակով մարդը կարա սուտ խոսի, կործանված է և այն մարդը, և այդ միաջավայրը, որտեղ ինքն ապրում է»:

Սուքիասյանը նաև ասաց, որ եվրոպացիները շատ լավ գիտեն, որ այս երկրում մեծ կոռուպցիա է եղել, և երբ այդ մարդուն ամբիոն են տալիս, որպեսզի նա Եվրոպայում խոսա, դա նշանակում է, որ եվրոպական երաշխիքներ են տալիս: «Ես պետք է հասկանամ՝ Եվրոպայում այդ պաշտոնյաները երկու ստանդարտ ունե՞ն, հասկանանք, ինչ ձևով են իրենք առաջնորդվում, տրամաբանում»,- հավելեց նա:

Խաչատուր Սուքիասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ ճի՞շտ է, որ ցանկանում է հետ վերցնել Բջնի գործարանը: «Ես կարծում եմ, այդ հարցը տեղին չէ, որովհետև գործարանը խլվել է անօրինական, այդ գործարանը պետք է հետ վերադարձվի իրավական ճանապարհով: Ես կարծում եմ, նրանք իրավական ճանապարհով չեն վերցրել, այլ ամբողջը կեղծ փաստաթղթերով, ամեն ինչը կեղծ է: Դրանով զբաղվում են փաստաբանները, որոնք ժամանակին մեզ տեղեկացրել են: Դա շատ մեծ զայրույթ է: Այն, ինչ եղել է տարիներ շարունակ, այս ամեն ինչը, ինչ տեսնում եք այսօր, դրա հակառակի արդյունքն է»,- ասաց նա:

Անդրադառնալով կոռուպցիոն բացահայտումներին, Խաչատուր Սուքիասյանն ասաց, որ բացահայտումներ լինում են, բայց ամեն ինչ օրենքով պետք է լինի: «Երբ ես հիշում եմ Սաակաշվիլիի ժամանակահատվածը, 36 հազար սեփականության իրավունք էր խախտվել: Եթե մտածում եք, որ պետք է այդ նույն ճանապարհով գնան, ոչ, դա շատ սխալ ճանապարհ է:

Ճանապարհը միայն ու միայն պետք է լինի իրավական, ոչ թե կոշտ մեթոդներով: Եթե կոշտ մեթոդներով է, դա նշանակում է հին ավանդույթների շարունակություն: Իսկ այս պարագայում, ինչ 1.5 տարի է կա երկրում, նման գործողությունների մինչև անգամ փոքր բաղադրիչ չենք տեսել»,- ասաց Սուքիասյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ իրեն գոհացնո՞ւմ է հեղափոխական իշխանության աշխատանքը: «Իհարկե, գոհացնում է այն սկզբունքը , որը դրված է: Եվ ես ուզում եմ ձեզ մի բան հիշեցնել: Կարծում եմ՝ մինչև 1998 թվականը այդպիսի քաղաքական համակարգ է եղել, որն ունեցել է նման ցանկություն, բայց միաժամանակ կատարել է բավական մեծ սխալներ: Այդ մեծ սխալների կատարումից հետո, երբ քաղաքական համակարգը փոխվել է, լրիվ ուրիշ ճանապարհով է գնացել Հայաստանի Հանրապետությունը: Եվ 2018 թվականի հեղափոխությունից հետո նոր հնարավոր դարձավ հասկանալ, որ նորից հնարավոր է, որ քաղաքական համակարգ լինի, հավասար պայմաններ լինեն, օրենքը գործի, իրավական ճանապարհով լինեն բոլոր գործողությունները: Ոչ մի ուժ, թաղային հեղինակություն չպետք է լինի»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը:

Նա հավելեց, որ օրերս ադամանդագործներ են եկել իր հետ հանդիպման և պատմել, թե նախկինում, երբ ուզեցել են Հայաստանում ներդրումներ անել, ինչեր են կատարվել: «Բոլորն ուզեցել են փայ մտնել, ում դուռը գնացել են, ուզեցել են խոսեն, պայմանավորվեն, որ գան ՀՀ-ում նույն գործով զբաղվեն, տարբեր պայմաններ են դրել: Անուն չեմ ուզում տամ, բայց իրական վիճակն եմ ուզում ձեզ ներկայացնել»,- ասաց նա: Իսկ այսօր, ըստ Սուքիասյանի, Հայաստանում գործարարությամբ զբաղվելու համար նախկինում առկա խնդիրները չկան: «Եթե կոռուպցիան վերացած է, դա արդեն հեղափոխություն է, եթե հավասար պայմաններ են, դա արդեն հեղափոխություն է, եթե հակամենաշնորհային գործիքները գործում են, դա արդեն հեղափոխություն է: Դրանից բացի, այն ազատությունը, որն արդեն կա, ուղղակի մարդիկ պետք է համոզվեն, որ այդ ազատությունը կա ու սկսեն խոշոր ներդրումներ անել: Այստեղ պետք է բազմազան ներդրումներ լինեն, որովհետև դաշտը շատ ազատ է: Հայաստանը փոքր երկիր է, հնարավոր չէ միանգամից մեծ ներդրումներ անել»,- ասաց նա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...