Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Ալեքսան Վ.-ի գործի դատական քննությունը:

45-ամյա Ալեքսան Վ.-ին մեղադրանք էր առաջադրվել երեք երիտասարդների մահվան պատճառ դարձած վթարի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի մայիսի 1-ին, գիշերվա ժամը 2-ն անց 30-ի սահմաններում Ալեքսան Վ.-ն, Դիլիջանի կողմից դեպի Վանաձոր ընթանալով, ոչ սթափ վիճակում է վարել իր «ԲՄՎ» մեքենան, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում նա իրականացրել է մեքենայի ընթացքի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում՝ մեքենան դուրս է բերել հանդիպակաց երթևեկելի գոտի, իրականացրել է ձախակողմյան երթևեկություն, բախվել է այդ ուղեմասով ընթացող «ՎԱԶ-2106» մեքենային: Բախման հետևանքով «06»-ի 21-ամյա վարորդ Թաթուլ Ֆ.-ն, նույն մեքենայի 18-ամյա ուղևորներ Նարեկ Ա.-ն և Գրիշա Մ.-ն մահացել են, իսկ նույն մեքենայի ուղևորներ՝18-ամյա Մուշ Մ.-ի, 19-ամյա Սամվել Ս.-ի ու 20-ամյա Ռազմիկ Մ.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Գործի նախաքննության ընթացքում Ալեքսան Վ.-ն դիրքորոշում չի հայտնել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Դատարանում ամբաստանյալ Ալեքսան Վ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել և չի ընդունել տուժողների իրավահաջորդների կողմից իր դեմ ներկայացված քաղհայցերի պահանջները:

Ալեքսան Վ.-ն հայտնել է, թե մասնագիտությամբ ծրագրավորող է: Դեպքի նախորդ օրը՝ 2018 թվականի ապրիլի 30-ին, գտնվել է Դիլիջանում՝ նորաբաց խանութում կատարել է ծրագրավորման աշխատանքներ: Այնտեղ օգտագործել է ոգելից խմիչք՝ 2-3 բաժակ, Դիլիջանից գնացել է Սևան, հետո՝ Երևան, ապա ճանապարհ է ընկել դեպի Վանաձոր: Ըստ ամբաստանյալի՝ օրվա ընթացքում իր օգտագործած խմիչքի ազդեցությունը արդեն վերացել էր, բայց վթարից հետո երբ ստուգել են իր խմածությունը, արձանագրվել է ոչ սթափ վիճակ:

Վանաձոր վերադառնալու ճանապարհին՝ մինչև դեպքի վայր հասնելը, իր մեքենայի անվադողը ծակվել է, ինքը փոխել է այն, ապա շարունակել է ճանապարհը իր ուղեմասով, ժամում 60-70 կմ/ժ թույլատրելի արագությամբ:

Ինքը նկատել է, որ հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթանում է երկու մեքենա՝ 30-40 կմ/ժ արագությամբ: «06»-ը հետևից էր ընթանում՝ հեռահար լույսերը միացրած: Երբ «06»-ը համարյա հավասարվել է իր մեքենային, անսպասելի հայտնվել է իր ուղեմասում և ձախ մասով բախվել է իր մեքենային: Ամբաստանյալը պնդել է, թե իրականում վթարը այս մեխանիզմով է եղել… Բախումը եղել է ակնթարթորեն, ինքը չի հասցրել արգելակել կամ որևէ քայլ ձեռնարկել բախումից խուսափելու համար:

Բախումից հետո, ըստ ամբաստանյալի, իր մեքենան «իներցիայով» որոշ տարածություն անցել ու կանգնել է: Ինքը մեքենայից դուրս է եկել, տեսել է, որ շուրջ 7-10 մետրի վրա վթարված «06»-ն է: Գնացել է տուժողներին օգնելու: Իր մեքենայի «դամկրատով» բարձրացրել է «06»-ը՝ տուժողներին մեքենայի տակից հանելու համար՝ մինչև շտապօգնության տեղ հասնելը: Իրեն մոտեցել է վթարված «06»-ի ուղևորներից մեկը, հետո իմացել է՝ Ռազմիկը, իրեն ասել է. «Հոպա՛ր ջան, էս ի՞նչ էղավ, օգնի»: Նա քաշքշել է իրեն, մթության պատճառով իրենք գլորվել են ձորը… Ինքը փորձել է ձորից դուրս գալ, բայց վնասվածքների պատճառով չի կարողացել կանգնել: Իրեն մոտեցել է վթարված «06»-ի ևս մի ուղևոր՝ Սամվելը, ասել է, թե չի կարողանում շտապօգնությւոն զանգել: Իր օգնությամբ զանգել են…

Ամբաստանյալ Ալեքսան Վ.-ն պնդել է՝ ինքը հանդիպակաց ուղեմաս դուրս չի եկել, մեքենան վարել է բաժանարար գծի մոտով, ճանապարհը եղել է չոր, փոսեր չեն եղել:

Ամբաստանյալն ընդունել է, որ վարորդական իրավունքի վկայական չունի, բայց նշել է, թե 15 տարեկանից մեքենա է վարում, եթե վարորդական իրավունքի վկայական չունի, չի նշանակում, թե մեքենա վարելու համար համապատասխան գիտելիքներ էլ չունի…

Հարցին՝ եթե մեքենաները բախվել են ոչ թե հանդիպակաց, այլ՝ իր ուղեմասում, ինչո՞ւ մեքենաներից պոկված մասերն ու բեկորները հենց հանդիպակաց ուղեմասում են եղել, Ալեքսան Վ.-ն չի պատասխանել: Նա նշել է՝ եթե ինքը դուրս եկած լիներ իր ուղեմասից, առաջինը կբախվեր «06»-ից առաջ ընթացող մեքենային…

Ալեքսան Վ.-ն անհամաձայնություն է հայտնել դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության վերաբերյալ, նշել է, թե փորձագետին չի վստահում, քանի որ նա «բավարար փորձառություն չի ունեցել»: Ըստ ամբաստանյալի՝ փորձագետը հաշվի չի առել իր ցուցմունքը, նկատի ունենալով, որ մյուս կողմից «երեք երեխաները զոհվել են», փորձագետը եզրակացությունը տվել է ի վնաս իրեն, մինչդեռ ինքը վերլուծել է վթարի մեխանիզմն ու այլ հետևությունների է հանգել…

Դատարանը ամբաստանյալի պատճառաբանությունները գնահատել է որպես անհիմն՝ պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակ հետապնդող:

Տուժող երիտասարդները՝ Ռազմիկը, Սամվելն ու Մուշը, հայտնել են, որ 2018 թվականի ապրիլի 30-ին 6 ընկերներով Թաթուլի մեքենայով իրենց գյուղից մեկնել են Վանաձոր՝ ժամանակ անցկացնելու: Գնացել են շոգեբաղնիք: Շուրջ երկու ժամ այնտեղ մնալուց հետո ճանապարհ են ընկել դեպի իրենց գյուղ: Մեքենան վարում էր Թաթուլը: Պատահարի արդյունքում մահացած երիտասարդները՝ Գրիշան ու Նարեկը, ինչպես նաև ծանր վնասվածքներ ստացած Սամվելն ու Մուշը նստած են եղել մեքենայի հետևի նստատեղին, վարորդի կողքին նստած է եղել Ռազմիկը, որը նույնպես ծանր վնասվածքներ է ստացել:

Տուժողներն ասել են, որ Թաթուլը մեքենան վարում էր դանդաղ, երթևեկելի իր գոտիով: Պատահարի պահին իրենք վերելք էին հաղթահարում, մեքենայի մեջ վեց ուղևոր կար, ու «06»-ը չէր էլ կարող արագ ընթանալ: Հանկարծ տեսել են, որ իրենց հանդիման, իրենց ուղեմասով ուղիղ իրենց վրա մեծ արագությամբ ընթանում է մի մեքենա, այդ մեքենայի լույսերն ընկել են իրենց մեքենայի մեջ, ու ակնթարթորեն տեղի է ունեցել բախումը: Երիտասարդները նշել են, որ իրենցից առաջ որևէ մեքենա չկար, ճանապարհն ազատ էր մինչև այն պահը, երբ հանկարծակի դեմ-հանդիման է ելել մեծ արագությամբ ընթացող մեքենան…

Դատարանը հաստատված է գնահատել Ալեքսան Վ.-ին առաջադրված մեղադրանքը, հաշվի է առել, որ նրա խնամքին է մեկ անչափահաս երեխա: Որպես պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ դատարանը հաշվի է առել, որ պատահարի պահին Ալեքսան Վ.-ն ալկոհոլային հարբածության վիճակում է եղել:

Ալեքսան Վ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել է 9 տարի ազատազրկման՝ 3 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Պատժի սկիզբը կհաշվվի Ալեքսան Վ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, եթե այս դատավճիռը մտնի օրինական ուժի մեջ:

Դատարանը մասնակիորեն բավարարել է երեք տուժողների իրավահաջորդների ներկայացրած քաղհայցի պահանջները՝ 1 միլիոն 500 հազարական դրամի չափով՝ որպես հուղարկավորության ծախսերի հատուցում: Տուժողների իրավահաջորդների ներկայացրած քաղհայցերը՝ մնացած մասով, թողնվել են առանց քննության՝ նրանց հնարավորություն է տրվել պահանջները ներկայացնելու քաղաքացիական դատավարության կարգով:

Դատարանն ամբողջությամբ բավարարել է վնասվածքներ ստացած երկու տուժողի ներկայացրած քաղհայցի պահանջները՝ 1 միլիոն 100 հազար դրամի ու 200 հազար դրամի չափով՝ որպես բժշկական ծախսերի հատուցում:

Ալեքսան Վ.-ից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 168 հազար դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...