Վերջապես մեկն անկեղծ խոստովանեց. Ով է հաջորդը

- in Ով ով է ...
Pnakalezner

«Ավարտվում է 2019 թվականը, և կա մեկ անձ, ում ես ի սրտե ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Նիկոլ, ես շնորհակալ եմ քեզ. Շնորհակալ եմ, որ ի վերջո պատռեցիր բոլորի դիմակները, շնորհակալ եմ քեզ, որ արթնացրիր մեր մեջ հայրենասիրությունը, որը կարծես թե հանգչում էր։ Այն ամեն վատը, որ անում ես իրականում, միայն օգուտ է բերելու մեզ բոլորիս», Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, ներկայում քրեական գործով անցնող Արա Վարդանյանը։

Սա նախկին վարչակարգից առաջին անկեղծ խոստովանությունն է ու իրավիճակի քիչ թե շատ համարժեք գնահատական: Հետհեղափոխական շրջանում իշխանության գործունեության գնահատականները կարող են տարբեր լինել, միեւնույն ժամանակ պետք է նկատի առնել օբյեկտիվ հանգամանքները, որոնք պայմանավորված են հենց հեղափոխության օրինաչափություններով:
Այդ առումով, իսկապես պատռվում են դիմակներ, եւ բացվում է մեր իրականությունն իր ամենատգեղ պատկերներով, որը նախկինում խնամքով քողարկված ու արդարացվում էր ազգային առասպելաբանության ամենատարբեր՝ քաղաքական ու կենցաղային «գաղափարաբանությամբ»: Զուր չէ, որ ներկայում մեծ աղմուկ է ազգի, ավանդական արժեքների, ընտանիքի, հայրենասիրության ու այլնի շուրջ, որոնց տակ նախկինում տեղի էր ունենում կոռուպցիա, իրավունքների ոտնահարում, ընտրական համակարգի ու սահմանադրական կարգի ոչնչացում եւ այլն: Ընդ որում, այս ամենը մետաստազներ էր տվել հանրային ամենատարբեր ոլորտներում ու շերտերում:

Արա Վարդանյանն առաջին է այդ համակարգից, որ ընկալել է նոր իրավիճակի ողջ հմայքը: Եվ իսկապես, հայրենասիրությունը Հայաստան հիմնադրամի գումարներով խաղադրույքներ անելը չէ, ավելին, դա առնվազն անբարոյականություն է: Հայրենասիրությունը ամեն ինչ թղթերով կարգինը չէ, երբ բոլորը ոչ միայն գիտեն, այլեւ տեսել են, թե ինչ է կատարվել: Հայրենասիրությունը ազգային նվիրական զգացումների շահագործումը չէ ամենացածր նպատակներով:

2020-ն այս առումով կլինի՞ անկեղծության պահ բոլորի համար: Առայժմ բոլորը միայն արդարանում են, եւ երեւում է Նիկոլը դեռ շատ «վատ բան» պետք է անի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...