Երևանի Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում անհատական ցուցահանդես էր՝ մեկ գործի ցուցադրմամբ:

Երևանում իր անհատական առաջին ցուցահանդեսին նման կերպ ներկայանալով՝ Վիգեն Ավետիսը յուրատիպ ավանդույթ է հաստատում մեզանում. կա՞ ցուցադրվելու, ներկայանալու առիթ, ստեղծվե՞լ է նոր արվեստի գործ, երաժշտական կամ գրական երկ, հեղինակը չպետք է հապաղի դրանք ներկայացնելու՝ չսպասելով ինչ-որ անհայտ ժամանակ, չհավաքելով ստեղծագործությունների մի ամբողջ զանգված: Այսպես ակնդրի կամ ունկնդրի, հանդիսականի ուշադրությունն ավելի է կենտրոնանում, ընդհանրական տպավորության փոխարեն կոնկրետ խոսելու տեղիք է տալիս, ենթադրում վերլուծական և հասցեական խոսք:

Այսպիսով, մեկ քանդակի ցուցադրությամբ նշանավորեց իր անհատական ցուցահանդեսը քանդակագործ Վիգեն Ավետիսը, որ թեև արդեն քսանից ավելի տարիներ բնակություն է հաստատել և ստեղծագործում է Իտալիայում, բայց վերջին տարիներին հայրենիքում մի քանի մշակութային ծրագրերի իրականացմանն է մասնակցում, նաև դասավանդում է: Գեղարվեստի ակադեմիայի պատկերասրահում այսօր բացված իր անհատական ցուցահանդեսում Փելեշյանի դիմաքանդակի շուրջն էր ձևավորվում օրվա ողջ մշակութային մթնոլորտը:

Մի քանի խոսք՝ Վիգեն Ավետիսի մասին:
1985-93 թվականներին մեծանուն քանդակագործ Արա Հարությունյանի արվեստանոցում եղել է քանդակագործի օգնական, սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, ուսումը շարունակել է Լեհաստանի Պոզնան, ապա՝ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքների գեղարվեստի ակադեմիաներում: 1998-ից բնակություն է հաստատել և ստեղծագործում է Ֆլորենցիայում: «Քառասուն ֆլորենտացիներ» միության, Ֆլորենցիայի Դոնաթելլոյի անվ. նկարիչների միության անդամ է, դոցենտ (Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում և Պալլացո Սպինելլիի արվեստի և վերականգնման ինստիտուտում դասավանդման փորձով):
Փելեշյանի դիմաքանդակը հեղինակն արել է վերջերս, և Վիգեն Ավետիսին հաջողվել է ներկայացնել համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասականների շարքը դասվող Փելեշյանի անհատականությունը՝ դիմագծերի ընդգծվածությամբ, հայացքի կենտրոնացվածությամբ, ռեժիսորի առաջացած տարիքի իմաստնությամբ: Հեղինակը նյութով հավերժացրել է կերպարը մի մարդու, որ դարակազմիկ դեր ունի գեղարվեստական և վավերագրական կինոյի ասպարեզում, որ արժեքավոր մրցանակների ու կոչումների է արժանացել թե՛ խորհրդային, թե՛ նորագույն ժամանակներում, որ ստեղծելուց բացի ուսուցանել է (մասնագիտական մի տասնյակի հասնող գրքերի հեղինակ է): Բայց քանդակում հասարակ մարդն է, ո՛չ դիրք բռնած մեկը, ու դրանով էլ է գործն առինքնող:

Հասմիկ Սարգսյան

На изображении может находиться: 1 человекНа изображении может находиться: 2 человека, в том числе Vighen Avetis, люди стоятНа изображении может находиться: 3 человека, в том числе Vighen Avetis и Седрак Ерканян, люди улыбаются, люди стоятНа изображении может находиться: 3 человека, в том числе Vighen Avetis, люди улыбаются, люди стоят, борода, костюм и в помещении