Փող հրաժարականի դիմաց. եւ ո՞վ է առաջին ձրիակերը

- in Կեղտոտ լվացք

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ ՍԴ դատավորների համար վաղ կենսաթոշակի մասին օրենքի հայտնի նախագիծը որեւէ կերպ նվաստացուցիչ չէ եւ նրանց համար պատվով հեռանալու հնարավորություն է:

Արդեն հայտնի է, որ կառավարությունն այդ նախագծով ՍԴ դատավորներին առաջարկում է հրաժարական ներկայացնել պաշտոնավարման ժամկետի սպառումից առաջ, դրա դիմաց երաշխավորելով աշխատավարձի պահպանում այն ժամկետով, որքան որ նրանք պետք է պաշտոնավարեին:

Այդպիսով, կառավարությունը ստեղծում է մեխանիզմ, որը պետք է վաղաժամ հրաժարականի հարցում շահագրգռի այսպես ասած նախկին սահմանադրական կարգավորմամբ դատավոր դարձած ՍԴ անդամներին, այդպես տեսնելով ՍԴ շուրջ առաջացած խնդրի լուծումը:

Փաստացի, խոսքն այսպես ասած «գույք հրաժարականի դիմաց» պայմանական մի տրամաբանության մասին է, իսկ եթե փոքր ինչ ավելի կոպիտ բնորոշվի մոտեցումը՝ պետականորեն երաշխավորվող «ձրիակերության» մասին: Կարո՞ղ է արդյոք Սահմանադրական դատարանի որեւէ դատավորի համար պատվաբեր լինել այդպիսի առաջարկի ընդունումը: Եվ դա այն պարագայում, երբ նրանք չեն ընդունել այս ընթացքում կամավոր հրաժարականի այլ ուղղակի թե անուղղակի առաջարկներ:

Դրանից հետո ընդունելով վերահիշյալ առաջարկը, նրանք փաստորեն հանրությանն են ներկայանալու կամ հրապարակավ խոստովանվելու են որպես մարդիկ, որոնք դատավորի բարձր պատմուճանի ներքո զբաղված են ընդամենը փող աշխատելով, եւ բավական է անել շահեկան առաջարկ, եւ հրաժարականը պատրաստ է:

Ստացվում է, որ առաջարկվող բանաձեւը Սահմանադրական դատարանի դատավորների համար ոչ միայն պատվով հեռանալու հնարավորություն չէ, այլ կլինի հեռանալու առավել անպատիվ տարբերակ:

Կամ էլ, դա չհեռանալու, այլ կերպ ասած դատավորներին «թասիբի գցելու» քողարկված եւ բավական հետաքրքիր տարբերակ է: Ընդ որում, դրա ֆոնին կամա թե ակամա կընդգծվի ՍԴ-ում առկա մեկ այլ իրողություն, կապված այսպես ասած «նոր Սահմանադրության կարգավորումներով» դատավոր ընտրված երկու դատավորներից մեկի՝ Վահե Գրիգորյանի հետ:

Բանն այն է, որ օրենքը դեռեւս չկա, բայց Գրիգորյանը գրեթե ամբողջությամբ գտնվում է այն իրականության մեջ, որ երաշխավորվում է օրենքի նախագծով հրաժարական տվող դատավորների համար: Պարզապես Վահե Գրիգորյանը դեռեւս նախագծի տեսք ունեցող օրենքի կարգավորման դաշտում է առանց հրաժարականի, կամ այլ հրաժարականով՝ նա հրաժարվում է մասնակցել ՍԴ աշխատանքին, բայց փաստորեն վարձատրվում է լիարժեք:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...