Gagik Carukyan

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում բողոքեց, որ փորձում է ներդրումներ բերել Հայաստան, սակայն իշխանությունների կողմից խոչընդոտների է հանդիպում:

Նա անդրադարձավ Երեւանի կենտրոնում հյուրանոց կառուցելու պատմությանը, որը ձգվում է տարիներով. «Երեւանի քաղաքապետի եւ գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումը տեղի է ունեցել ընդամենը կես ժամ, մարդիկ հիասթափված դուրս են եկել, իրենց ներդրումների մասին մոռացել են, ժամանակավորապես սառեցրել են:

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը պնդում է, որ հեղափոխությունից հետո իր հրավերով Հայաստան են եկել Աբու Դաբիի թագաժառանգն ու Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը, որոնք ցանկություն են հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել, սակայն Երեւանի քաղաքապետի ու Երեւանի գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումը հաջող չի անցել:

«Կարող եք անձամբ ճշտել ճարտարապետից եւ քաղաքապետից: «Ռոտանա» հյուրանոցային ցանցի տերը երկու հյուրանոց էր ուզում կառուցել Երեւանի կենտրոնում, որ զբոսաշրջությունն ավելի զարգանար, իսկ թագաժառանգը հիվանդանոց էր ուզում կառուցեր, անվճար, որ կարիքավորները կարողանային դրանից օգտվել: Նրանք հանդիպել են քաղաքապետի ու ճարտարապետի հետ ու հանդիպումը կես ժամ է տեւել, մարդիկ հիասթափված դուրս են եկել, իրենց ներդրումենրի մասին մոռացել են, ներդրումները Հայաստանի հանդեպ սառեցրել են», – ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանը։

Նա  նշեց, թե Աբու Դաբիի թագաժառանգը ցանկացել է Երեւանում հիմնադրել կարիքավոր անձանց անվճար սպասարկող հիվանդանոց, իսկ հյուրանոցային ցանցի տերը՝ երկու հյուրանոց:

Հարցին՝ իր կարծիքով՝ ինչո՞ւ են մերժել այդ դիմումները, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն ասաց, թե այդ հարցով պետք է դիմել քաղաքապետին եւ ճարտարապետին:

«Ես կասեմ, որ ամեն մարդ պետք է իր աշխատանքին տիրապետելով՝ իր գնահատականը տա, ոչ թե ճարտար, դատարկ-դատարկ խոսելով»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:

Տնտեսական հեղափոխությունը կոռուպցիայի վերացման հետ ոչ մի կապ չունի: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հայտարարությանը, որ կոռուպցիայի բացակայությունն արդեն վկայում է տնտեսական հեղափոխության մասին:

Ծառուկյանի համոզմամբ՝ տնտեսական հեղափոխության համար ոլորտներում պետք է գումար դնեն, զարգացնեն, որ մարդիկ կարողանան գումար ստանալ: Նրա խոսքով՝ բյուջեում գրված կապիտալ ծախսերի համար 400 միլիոն դոլարը, որը պետք է դրվեր ոլորտները զարգացնելու համար, որպեսզի տարեկան 5-15 տոկոս աճ լիներ, բանկում տոկոսներով դրված է. «Վարկ են վերցնում բերում, բայց այն օգտագործելու փոխարեն, տանում դնում են բանկում: Կապիտալ ծախսերը չենք կատարել, ո՞նց կարող է տնտեսական հեղափոխություն լինել»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...