Երևանի քաղաքապետարանի շուրջ ներդրումա-շեյխային աղմուկը ունեցավ ոչ միայն տեսարանա-ժամանցային, այլ նաև շատ կոնկրետ քաղաքական ազդեցություն կամ հետևանք, էական հարված հասցնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Ծառուկյանի «համաշխարհային կապերի» իմիջին:

Պարզվեց, որ այդ կապերը այնքան էլ գահաժառանգային մակարդակի չեն, կամ գահաժառանգային մակարդակի կապերն այնքան էլ չեն արտացոլվում կամ հենվում կոնկրետ ներդրումային հեռանկարների վրա: Ինչպես ամեն փայլուն բան ոսկի չէ, այդպես էլ ամեն արաբական հագուստ կրող ֆունկցիոներ շեյխ կամ գահաժառանգ չէ:

Քաղաքապետարանի շուրջ աղմուկը ԲՀԿ սխալ հաշվարկն էր, որը հավակնում է լինել ընդհուպ ճակատագրական սխալ: Դրա գիտակցումն է պատճառը, որ կուսակցությունը բավականին արագ և կտրուկ դադարեցրեց դիմակայությունը, թե՞ նաև վարչապետ Փաշինյանի կոշտ հակադարձումը Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնցեռնի տնօրենի ձերբակալության ու «Հյուսիս-հարավ» մայրուղին կթու կովի նման քամելու վերաբերյալ, այդուհանդերձ ակնառու է, որ «Բարգավաճ Հայաստանը» կանգնել է ներքաղաքական առանցքային առերեսման իրողության առաջ:

Միևնույն ժամանակ, ներքաղաքական այդ առերեսումներին զուգահեռ, պետք է ընդունել, որ հեղափոխությունից առաջ էլ, հետո էլ շարունակում է ներդրումների անհրաժեշտության՝ կենսական անհրաժեշտության հանգամանքի հետ առերեսման մեջ լինել Հայաստանի տնտեսությունը: Եվ եթե հեղափոխությունից առաջ պարզ էր, թե ինչու չկային խոշոր ներդրումներ, և որտեղից էր հնարավոր ինչ-որ բան սպասել Կարեն Կարապետյանի ռուսաստանահայ ներդրող աջակիցներից, ապա հեղափոխությունից հետո, իհարկե, բոլորովին այլ իրողություններ են, միաժամանակ ներդրումների նույն կենսական անհրաժեշտությունը, և նույնիսկ ավելին:

Ավելին, որովհետև խորքային առումով հեղափոխությունից հետո օբյեկտիվորեն բարձրացել է Հայաստանի միջազգային վարկը, միջազգային դերակատարումը, ըստ այդմ նաև միջազգային պատասխանատվությունը՝ հնարավորություններին զուգահեռ: Իսկ դա էլ ավելի է բարձրացնում կարողությունների անհրաժեշտությունը, որովհետև Հայաստանի աճող դերն ու հեղինակությունը պաստառներ չեն, որ փակցվում են միջազգային ասպարեզում: Դրանք գործոններ են մեր պետական-ազգային խնդիրների և անվտանգային հարցերի լուծման ճանապարհին, որոնք, սակայն, կենսունակ լինելու համար պահանջում են էական սպասարկում: Իսկ էական սպասարկումը պահանջում է տնտեսական կարողություններ: Իհարկե, դրանք ամենևին չեն նշանակում ներդրումներ ամեն գնով, ասենք՝ Երևանի կենտրոնի հետ կապված որևէ քմահաճույքի կամ կարծրատիպի գնով:

Այդուամենայնիվ, ներդրումների հարցը ամենահրատապներից է նոր Հայաստանի համար, և այստեղ պետք է նկատի առնել, որ խոսքը խոշոր ներդրումների անհրաժեշտության մասին է: Այն տնտեսական էֆեկտը, որ ստացվում է բյուջեն չգողանալուց, կոռուպցիայի դեմ պայքարից, ստվերի դեմ պայքարից, անկասկած շոշափելի է, ողջունելի, այն վերածվում է մի շարք սոցիալական և տնտեսական գործողությունների, որոնք չեն իրականացվել տարիներով, թեև տարիների կուտակման հետևանք են:

Այդուհանդերձ պետք է արձանագրել, որ այդ ռեսուրսը բավականին սուղ է իր ժամկետային էֆեկտի առումով և մուլտիպլիկատիվ էֆեկտով հանդերձ, ինքնին Հայաստանի տնտեսա-քաղաքական, ռազմա-քաղաքական և անվտանգային մարտահրավերների, գլոբալ մրցունակության տեսանկյունից պահանջվում է շատ ավելի մեծ տնտեսական ներարկում և ծավալ: Դա պետք է լինի մեր ներքաղաքական օրակարգի թիվ մեկ թեմաներից մեկը, մեր քաղաքական բանավեճի թիվ մեկ առարկաներից մեկը: Ընդ որում, ինչպես Արցախի հարցում, այստեղ էլ պոպուլիզմի և շահարկումների հանգամանքը խիստ վտանգավոր է և դրա փոխարեն անհրաժեշտ է առարկայական քննարկում: Դա նշանակում է, որ քաղաքական կյանքի մասնակիցները պետք է ներդրումների մասին տրաֆարետային դիտարկումները փոխարինեն գաղափարական, արժեհամակարգային, քաղաքակրթական հայեցակարգերի հետ փոխկապակցված մոդելների շրջանառությամբ: Որովհետև Հայաստանի պարագայում տնտեսական դասական տեսությունները չեն աշխատելու, մի շարք քաղաքական և անվտանգային իրողությունների բերումով: Հայաստանի պարագայում ներդրումային հոսքը պահանջելու է ոչ միայն տնտեսական, այլ տնտեսա-ռազմա-քաղաքական մոդելավորում առնվազն: Մի բան, որը գործնականում բացակայում է հայաստանյան ներքաղաքական օրակարգից, տեղը ինչպես միշտ զիջելով ոչինչ չասող տրաֆարետներին: Այդ իմաստով, հանրային-քաղաքական կյանքի առողջացման տեսանկյունից քաղաքապետարանի շուրջ առաջացած տեսարանային պատմությունը, այդուհանդերձ, ունի թերևս իր էֆեկտը, սակայն հաստատապես անբավարար, որովհետև պայթած փուչիկներին զուգահեռ, Հայաստանին անհրաժեշտ են գազով լեցուն օդապարիկներ: