Քննարկվել է օպերային թատրոնի բարեփոխումների հարցը

- in Մշակույթ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կադրային, մասնագիտական որակավորման, դիրիժորների լուրջ խնդիր ունի:

Այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Նրա խոսքով` այժմ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ քննարկում են առաջիկա ծրագրերը և բարեփոխումները:

«Կոնստանտին Օրբելյանի հետ հրաշալի հարաբերություններ ունենք։ Ես խարիզմատիկ մշակութային քաղաքականության կողմնակից եմ: Կարծում եմ` կան դեմքեր, որոնց օգնությամբ Հայաստանն ավելի հեշտ դուրս կգա միջազգային ասպարեզ»,-շեշտեց նա:
Խզմալյանի համոզմամբ` նման մարդկանց նկատմամբ պետք է հնարավորինս զգույշ ու «խնայող» լինել։

Անդրադառնալով օպերային թատրոնում տիրող մթնոլորտին`փոխնախարարն ասաց, որ  հիմա ամեն ինչ խաղաղ է ու իր հունով առաջ է գնում։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի ոլորտում հատկացումներն ուղղվել են թատերական կառույցների հիմնանորոգումներին, տեխնիկական հագեցվածությանն ու անվտանգության համակարգի կատարելագործմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Ընթացիկ տարում մշակույթի ոլորտի ամենակարևոր ձեռքբերումը համարում եմ այն, որ վերջնականապես լուծվեց Երևանի մնջախաղի պետական թատրոնի շենքի հարցը: Վերջերս մեկնարկել են շինարարական աշխատանքները: Սա շատ լավ ընդունվեց թատերասեր հասարակության, լրատվամիջոցների կողմից: Եվ այս տարի շենքի կառուցմանը հատկացվել է 46 243 400 դրամ, իսկ հաջորդ տարի շինարարական աշխատանքների համար տրամադրվելու է 166 373 000 դրամ: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի հետ խոսել եմ այն մասին, որ թատրոնի նկատմամբ ներկայացվելիք պահանջներն ավելի բարձր են լինելու»,-շեշտեց փոխնախարարը:

Նա հիշեցրեց Երևանի կամերային թատրոնի նոր մասնաշենքի մասին, որը կիսակառույց վիճակում է, և տեղեկացրեց, որ նախարարությունը գումար է հատկացրել շինարարական աշխատանքների համար:

«Հայաստանի ազգային կինոկենտրոնի՝ Տերյան փողոցում գտնվող շենքը նույնպես կվերանորոգվի, որի համար էլ նախարարությունը տրամադրել է ավելի քան 4 մլն դրամ»,-հայտնեց նա:

Մարզային թատրոնները նույնպես դուրս չեն մնացել նախարարության տեսադաշտից. Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի վերանորոգման համար տրամադրվել է ավելի քան 24 մլն դրամ:

Խզմալյանը հայտնեց, որ հաջորդ տարի կվերանորոգվի Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, ինչի համար հատկացվել է 13.5 մլն դրամ:

Փոխնախարարի խոսքով` Մայր թատրոնի կաթսայատան և ջերմամեխանիկական մասի արդիականացման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար տրամադրել են 650 հազար դրամ, իսկ Հայաստանի ազգային կինոկենտրոնի վերանորոգման համար` ավելի քան 4 մլն դրամ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...