Քոչարյանական դավադրություն. Դատախազությանը հաջողվե՞ց կանխել նրա ազատ արձակումը

- in Կեղտոտ լվացք

Վերաքննիչ դատարանում երեկ մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունն ընդդեմ առաջին ատյանի դատարանի որոշման՝ գրավի դիմաց Քոչարյանին ազատ չարձակելու վերաբերյալ:

Մինչ կալանքի քննության անցնելը մեղադրող Գևորգ Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն է հայտնել նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին: Երբ առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանն այս տարվա մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում կայացրեց, ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, իսկ հետո նաև լրատվամիջոցները գրեցին, թե որոշումը այլ դատավորների հետ միասին գրել է Մխիթար Պապոյանը:

Պապոյանը հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին և ներկայումս ԱԱԾ-ում գործով նախաքննություն է ընթանում: Ըստ մեղադրողի, այս ամենը դատավորի անաչառությունը կասկածի տակ կարող է դնել:

Ինքնաբացարկի միջնորդությանը միացել են նաև տուժողները, տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները: «Ես ասում եմ, որ Դուք, Ազարյանը, պարոն Ռշտունին, դուք երեքդ էլ իրականում ունեք այն, էսպես ասեմ, ուղղորդված համակրանքը Ռոբերտ Քոչարյանի գործի նկատմամբ, և կոնկրետ Ազարյանը դա իր որոշումում արտահայտել է, և դա վտանգ է արդեն ստեղծել», – նշել է փաստաբան Սաֆարյանը:

Դատավորի ինքնաբացարկի միջնորդությանը դեմ են եղել միայն երկրորդ նախագահի փաստաբանները։ Ամբաստանյալ Քոչարյանն էլ միջնորդությունը որակել է որպես իշխանությունների համար անցանկալի դատավորից ազատվելու փորձ:

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, նրա որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին:

Քոչարյանի գործն, ըստ էության, գտնվում է կարևոր մի հանգրվանում, երբ հերթական անգամ կարող է վիժեցվել բուն դատավարության ընթացքը՝ ճանապարհ բացելով երկրորդ նախագահի ազատության համար։ Իհարկե, դա չի ենթադրում իրավիճակ, երբ առաջին ատյանի դատարանը դադարեցնելու է բուն գործի քննությունը, սակայն եթե Քոչարայանը հայտնվի ազատության մեջ, ապա նրա պաշտպանական մարտավարությունը շատ ավելի մանիպուլյատիվ կդառանա, ինչն ամբողջական կդարձնի դատական գործընթացի փակուղին։ Առանց այն էլ հասարակությունը հիասթաված է գործընթացից, որովհետև ամիսներ շարունակ դատավարությունն ըստ էության չի մեկնարկում՝ գտնվելով խափանման միջոցի ու ինքնաբացարկների քննարկման հորձանուտում։

Սական ավելի էական է խնդրի քաղաքական, հասարակական ընկալումը։ Քոչարյանի հնարավոր ազատարձակումը հերթական անգամ բորբոքելու է հանրային տրամադրությունները ու քարոզչական սաբոտաժի էֆեկտ է ստեղծելու՝ պատրանք ձևավորելով ներկա իշխանության քաղաքական տկարության ու նախկինների անպատժելիության վերաբերյալ։

Իրադարձությունների նման ընթացք թույլ տալ չի կարելի ու դատախազությունը երեկ արեց, ըստ էության, այն նվազագունը, որի միջոցով հնարավոր կլինի հերթական անգամ կանխել դավադրությունը։

Եթե ինքնաբացարկի միջնորդությունը մերժվի, մեծ է հավանականությունը, որ հերթական անգամ կփոխվի Քոչարյանի խափանման միջոցը։ Մյուս կողմից՝ եթե Մխիթար Պապոյանն ընդունի ինքնաբացարկի միջնորդությունն, ապա դաշտ է բացվելու քաղաքական շահարկումների համար։ Բնավ պատահական չէ, որ Քոչարյանը երեկ մանիպուլյատիվ հնարք կիրառեց՝ խոսելով «անցանկալի դատավորից ազատվելու փորձ»-ի մասին։

Գլոբալ հարթության վրա նախկին համակարգի առանցքային ներկայացուցիչներին վերաբերող դատական գործընթացները կարող են հայտնվել փակուղում և այս հարցում իրապես շատ մեծ է գործող իշխանությունների քաղաքական պատասխանատվությունը, որոնք հեղափոխության հաղթանակին հաջորդած գրեթե երկու տարիների ընթացքում այդպես էլ ձեռնամուխ չեն եղել դատական ռեֆորմին, գեղեցիկ խոսքերը մնացին վեթինգի ու անցումային արդարադատության մասին ելույթները։ Այս համատեքստում դատարանների որոշումները օբյեկտիվորեն զուրկ են քաղաքական ու իրավական լեգիտիմությունից։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...