Օլիգարխների կողմից հեռախոսները լսելու տեխնիկական միջոցների ձեռքբերման գործընթացի մասին

- in Ով ով է ...

Պետք է ուսումնասիրվի նախկինում օլիգարխների կողմից հեռախոսային խոսակցությունների վերահսկման տեխնիկական միջոցների ձեռքբերման գործընթացը: Այս մասին Ազգային ժողովում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նշենք, որ այս օրենքի նախագծի հեղինակը նույն խմբակցության պատգամանոր Արմեն Խաչատրյանն է, նախագծին կառավարությունը բացասական եզրակացություն է տվել: Գործող օրենքով «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում է միայն ԱԱԾ-ն՝ այդ օպերատիվ հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա: Նախագծով առաջարկվում է ոստիկանության կողմից հեռախոսային խոսակցությունների վերահսկման ինքնուրույն իրականացումը՝ սեփական օպերատիվ տեխնիկական ենթակառուցվածքներով:
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ճիշտ պահին ճիշտ նախագիծ է ներկայացվում, որը կարգավորում է կարևոր ծառայության՝ ոստիկանության գործիքակազմի ընդլայնման խնդիրը, որն այսօրվա պարտիզանական գործողությունների ֆոնին շատ կարևոր նախաձեռնություն է:

«Իմ կարծիքով՝ պատահական չէ, որ 2007 թվականին ոստիկանությանը զրկել էին այդպիսի հնարավորություն ունենալուց: 2008-ին տեղի ունեցավ Մարտի 1-ը, և վերջերս շրջանառության մեջ հայտնվեց ԱԱԾ գեներալ-մայոր Տիգրան Բաղդասարյանի խոստովանական ցուցմունքները նախաքննական մարմնին առ  այն, որ Մարտի 1-ի գործով ԱԱԾ մարմինները կեղծել են փաստաթղթեր: Եվ եթե ոստիկանությունն այդ ժամանակ ունենար նման գործառույթ, ես համոզված եմ, որ նման կեղծումները կլինեին անհնար»,- ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանը հավելեց, որ ժամանակին նման գործունեությամբ ապօրինի կերպով զբաղվել են նաև այլ կառույցներ: Խոսք էր գնում օլիգարխների կողմից նման տեխնիկան հնարավորություն ունենալու փաստի մասին: «Իմ կողմից մի քանի անգամ հնչեցվել է, որ այդ թվականներին գոնե Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի կողմից ձեռք էին բերվել նման տեխնիկական միջոցներ, որը դրվել էր կիրառության մեջ՝ համոզված եմ նաև այն ժամանակվա քաղաքական ղեկավարության համաձայնությամբ կամ թողտվությամբ: Այսօր էլ այս ամբիոնից կոչ եմ անում, որ ոչ միայն ուսումնասիրվի այդ թվականներին նման տեխնիկական հնարավորություններ ապօրինի ձևավորած կառույցների գործունեությունը, այլ նաև այն օլիգարխներին, որոնք նման հնարավորություն էին ստեղծել՝ իրենց թիկնազորային կառույցների մեջ ներգրավելով մասնագետների, որոնք նախկինում աշխատել են այդ ծառայություններում»,- ասաց Քոչարյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...