dzerbakalutyun

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվել է կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Թավադյանը բերման էր ենթարկվել այսօր՝ ժ. 14:00-ին:

Հիշեցնենք՝ քիչ առաջ հայտնի դարձավ, որ նույն քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանին, որը, ըստ Ոստիկանության տեսանյութի, Մարտի 1-ի գործով տուժողին գումարի եւ հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Արմեն Թավադյանը մեղադրյալի կարգավիճակ ունի մեկ այլ քրեական գործի շրջանակում, որն այժմ դատաքննության փուլում է: Նա մեղադրվում է 2019 թվականի մայիսի 13-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի վարչական շենքի առաջին հարկում քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կերպով հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու համար: Այս գործով տուժողի կարգավիճակ ունի քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը, սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից): «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով: Նշված քրեական գործի շրջանակներում նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմեն Թավադյանը: Վարուժան Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին»,- ասաց Օհանջանյանը:

Դեկտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով եւ արդյունքներով նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հանդիպում են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց և ականատես վկաների հետ ու նրանց փորձում են կաշառել, որպեսզի վերջիններս հրաժարվեն իրենց ցուցմունքներից։

«Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ, խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։ Քրեական գործի շրջանակներում ի թիվս այլ գործողությունների կատարվել են խուզարկություններ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դեկտեմբերի 21-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող անձը ձերբակալվել էր: Նրա կողմից «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին կաշառք առաջարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել էր Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությանը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •