Նորացված պայմաններով արվեստի կրթօջախը – Լուսանկարներ

- in Կրթություն

Դիլիջանում, 1945 թվականին հիմնադրված երաժշտական դպրոցի հենքի վրա է ստեղծվել Դիլիջանի արվեստի պետական քոլեջը: Այս կրթօջախը երեխաներին ու պատանիներին տալիս է ճիշտ և նպատակային կրթություն, պատրաստելով ապագա արվեստագետներ:

Քոլեջը՝ 1997 թվականից ղեկավարում է փորձառու մանկավարժ Հասմիկ Մկրտումյանը: Ծնվել է Մոսկվայում, ծառայողի ընտանիքում։ 1986 թ. Մկրտումյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, և միանգամից աշխատանքի է անցել Դիլիջանի երաժշտական դպրոցում:

Քոլեջի ուսումնական գործընթացի, կատարված աշխատանքների մասին զրուցեցինք քոլեջի տնօրեն Հ. Մկրտումյանի հետ:

Տիկին Մկրտումյան, ի՞նչ մասնագետներ եք պատրաստում տարածաշրջանի  համար, ի՞նչ ամբիոններ են գործում քոլեջում:

Մենք պատրաստում ենք երաժիշտ կատարողներ, դասավանդողներ, ըստ տարբեր գործիքների և երգիչկատարողներ։ Այսօր մենք սպասարկում ենք ամբողջ սահմանամերձ Տավուշի մարզը: Քոլեջում գործում են դաշնամուրային, լարային, ժողովրդական, փողային գործիքների և երգեցողության ամբիոններ:

Մեր շրջանավարտները շատ լավ են իրենց դրսևորում մարզի 11 երաժշտական դպրոցներում, որպես դասատուներ, բացի այդ աշխատում են նաև մանկապարտեզներում, որպես երաժշտության դաստիարակներ: Մի մասը շարունակում է կրթությունը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում: Մենք պայմանագրեր ունենք կնքած նշված բուհերի, ինչպես նաև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարանի  հետ

Շատ լավ արդյունքներով մեր շրջանավարտներն ընդունվում և կրթությունը շարունակում են նշված բուհերում, ոմանք վերադառնում են մեզ մոտ աշխատանքի, ոմանք էլ տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս:

Որտե՞ղ  են անցկացնում ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկան:

Մեր ուսանողներն իրենց պրակտիկան անց են կացնում քոլեջի կազմում գործող  երաժշտական դպրոցում: Քոլեջի ուսանողները հիմնականում Տավուշի տարածաշրջանից են՝ Բերդից, Նոյեմբերյանից, Իջևանից և Դիլիջանից: Ունեցել ենք ուսանողներ  այլ մարզից, ինչպես նաև ՌԴից և Վրաստանից: 

Այս ուսումնական տարում ի՞նչ համերգների, փառատոնների են մասնակցել Ձեր ուսանողները և ովքե՞ր են  դասավանդում:

Մեր քոլեջում դասավանդում են բարձրակարգ դասախոսներ, մանկավարժներ։ Ամեն տարի ունենում ենք բազմաթիվ մրցանակակիրներ, դափնեկիրներ: Մեր սաները մասնակցում են միջքաղաքային, միջմարզային փառատոների, հանրապետական և միջազգային մրցույթներին և մրցանակային տեղերի արժանացած վերադառնում:

Դպրոցում և քոլեջում գործում է նաև ժողգործիքների անսամբլ, ուսանողական և մանկական  երգչախմբեր, փոքր խմբեր՝ տրիոներ, կվարտետներ, անհատ կատարողներ: Կայացած են ժողովրդական և փողային գործիքների, երգեցուղության և դաշնամուրային ամբիոնները, մշտապես մրցանակային տեղերի և այլ խրախուսանքների են արժանանում թե ուսանողները, և թե աշակերտները։ 

Օրերս «Մեղեդի» հանրապետական մրցույթ փառատոնում մեր սաներն արժանացան երկու առաջին և երեք երկրորդ մրցանակների:

Նրանք որակական առաջընթաց են գրանցում նաև պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, հայ կոմպոզիտոր, երգիչ մանկավարժ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Արզաս Ոսկանյանի ներկայության շնորհիվ, քանի որ նա հանդիսանում է քոլեջի կոլեգիալ կառավարման խորհրդի նախագահ, որի հետ հաճախակի շփումները նպաստում են դասախոսների և ուսանողների պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը։ 

Դասախոսներից կցանկանայի առաձնացնել 80-ամյա բազմավաստակ դասախոս Մելսիդա Սարդարյանին, որը ոչ միայն տեսական առարկաներ է դասավանդում, նաև մեր փոխտնօրենն է՝ ուսումնական գծով։ Դպրոցի ուսումնական մասի ղեկավար, կրկին բազմավաստակ դաշնակահարուհի Լամարա Միրզոյանին, Անահիտ Սարգսյանին՝ քանոնջութակահարուհի՝ Գոհար Այունցին, շեփորի դասախոս՝ Սերյոժա Գրիգորյանին, դաշնակահարուհիներ Գրետա Սահակյան և Նինա Սարգսյան նրանք մեր քոլեջի սյուներն են:  

Ձեր ղեկավարած քոլեջում, այս տարի կատարվել է վերանորոգման աշխատանքների՞նչ աշխատանքներ են դրանք, ում կողից են կատարվել և դրական ազդեցություն կունենա՞ կրթության գործընթացի և զարգացման հարցում:

Մեր ամենամեծ ձեռքբերումն էր՝ ՀՕՖի /Հայ օգնության ֆոնդի/ աջակցությամբ իրականացված քոլեջի շենքի հիմնանորոգումը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համաձայնեցված: Բարձր որակով է վերանորոգվել ուսումնական մասնաշենքը և 200 տեղանոց համերգային մեծ դահլիճը: Ներկայումս աշխատանքներ են տարվում, հարակից տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Բացումը նախատեսում ենք ապրիլին։ Վերանորոգումից բացի մենք շարունակում ենք որպես նվիրատվություն ստանալ՝ գույք և երաժշտական  գործիքներ: Մեր աշխատանքները շատ բարեկարգ պայմաններում են ընթանում, իհարկե դա եղել է ԿԳՄՍ նախարարության հետ համաձայնեցված:

Նմանատիպ ուսումնական հաստատությունների հետ՝ Հայաստանում և նրա սահմաններից դուրս, այդ թվում զորամասերի հետ, համագործակցո՞ւմ եք     

Մենք շատ սերտ կապերի մեջ ենք մեր մարզի սահմանամերձ երաժշտական դպրոցների հետ, միասին փառատոներ ենք անցկացնում, քանի որ ես նաև Տավուշի մարզի երաժշտական, արվեստի դպրոցների համակարգողն եմ և՝ բացի այդ, մեր դպրոցը համարվում է հենակետային հանրապետության հյուսիս արևելյան շրջանի  երաժշտական դպրոցների համար։ Հետևաբար, ինքս այդպիսի պարտականություն ունեմ ինձ վրա:  

Տավուշի մարզում գործող 6 քոլեջները տարբեր բնույթի են, չնայած դրան, մեր բոլոր քոլեջներն էլ համագործակցում են միմյանց հետ:     

Մենք մեր զորամասի հետ միջոցառումների հաստատված ծրագիր ունենք, որոշակի համագործակցություններ ենք ունենում փոխադարձ համերգների ձևով: Երբեմն երաժիշտներ ենք ուղարկում տոնակատարություններին մասնակցելու

Վերջերս մեզ այցելել էր աշխատանքային խմբով ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը Ա Խզմալյանը, ծանոթանալու քոլեջի շենքային պայմաններին, բեմական հարթակներին և նրանց հնարավորություններին։ Նպատակն էր, հետագայում այդ հարթակները օգտագործել  ըստ նշանակության։ 

Վերջերս, Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայից  ժամանած պատվիրակությունը ցանկանում էր մեր քոլեջի բազայի հիման վրա՝ շնորհաշատ երեխաների համար, ամառային և ձմեռային ճամբար ստեղծել, որտեղ լավագույն մասնագետները կանցկացնեն վարպետաց դասեր, տարաբնույթ միջոցառումներ, էքսկուրսիաներ և այլն: Նպատակ կա 2020 թ. առաջին ամիսներին այդ ամենն իրականացնել: Այդպիսի պլաններ շատ ունենք: Նաև համագործակցում ենք երևանյան՝ Ա. Հեքիմյանի. Ալ. Սպենդիարյանի, Բ. Կանաչյանի անվան  դպրոցների հետ, կազմակերպում փոխայցելություններ։ Եվ ընդհանրապես մեր համերգային դահլիճը բաց է լավագույն խմբերի և կատարողների  համար: Շատ անվանի կատարողներ են մեր համերգային դահլիճում հանդես եկել՝ Կոմիտասի անվան քառյակը, Խաչատրյանի անվ. տրիոն, բազմաթիվ այլ խմբեր՝ Թաթուլ Ալթունյանի անվան Երգիպարի վաստակավոր անսասմբլը, անհատ կատարողներ՝ պրոֆեսորներ Սվետլանա Նավասարդյանը, Անահիտ Ներսիսյանը և շատ ու շատ ուրիշներ։ Վերջերս անմոռանալի հանդիպում կազմակերպեց Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ միության նախագահ Արամ Սաթյանի ղեկավարությամբ,  քոլեջի դասախոսների և ուսանողների համար: Անկաշկանդ մթնոլորտում իրար էին հաջորդում հյուրերի կատարումները, կատակները։ 

Անցյալ տարի մեր հյուրերն էին Վրաստանի և Հայաստանի արդի կոմպոզիտորները, որոնք ներկայացրեցին իրենց ստեղծագործությունները, դրանով իսկ կապ ստեղծելով տարբեր մշակույթների միջև։ 

Առիթն օգտագործելով, հանրության, աշակերտության, ուսանողության ու մանկավարժական կոլեկտիվի անունից՝  ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՕՖին, մասնավորապես երևանյան գրասենյակին և <ԿԱՆԱԿԱ> շինարարական կազմակերպությանը մեզ համար հեքիաթը՝ մեր տասնամյա երազանքն իրականացնելու համար:

Մանվել Կիրակոսյան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments