Հայկական արտադրության նոր տեսականիները

- in Տնտեսական

Համային և որակական բարձր հատկանիշների շնորհիվ, Երևանի Շամպայն գինիների գործարանում արտադրված, հայկական քաղցրահամ խաղողից ստացված՝ շամպայնի, կոնյակի, գինու, օղու տեսականիները, այսօր մեծ պահանջարկ են վայելում աշխարհի բազմաթիվ երկրներում:

Գործարանը հիմնադրվել է 1939 թվականին, արտադրվել է՝ քաղցր և չոր գինիներ, 1954 թվականին գործարանի արտադրանքը մեծացել է ընդգրկելով նաև փրփրուն գինիներ: 1995թ. գործարանը սեփականաշնորհվել է՝ բաց բաժնետիրական ընկերության:

Սկզբնական շրջանում գործարանի աշխատանքները ղեկավարել է գործարանի նախագահ Ֆրանսիկ Հակոբյանը, ներկայումս գործարանի նախագահն է նրա որդին՝ Հրայր Հակոբյանը:

Գործարանում իրականացվող աշխատանքների, արտադրված տեսականիների, համագործակցությունների մասին զրուցեցինք՝ Երևանի Շամպայն գինիների գործարանի նախագահ՝ փորձառու ղեկավար Հրայր Հակոբյանի հետ:

– Պարոն Հակոբյան, Երևանի շամպայն գինիների գործարանում, ի՞նչ տեսականիներ են արտադրվում այսօր:

– Այսօր մեր գործարանում արտադրվում է 47-50 տեսակի խմիչքներ՝ սկսած շամպայինից, գինուց, կոնյակից, օղուց, մանկական շամպայն, արդեն 3 տարի արտադրվող նռան շամպայն և այդպես ամեն ինչից մի քանի տեսականիներ: Նորությունը «Նազենի» գինիներն են, որոնք բավականին լավ պահանջված են սպառողի կողմից: Համատեղ բրենդը՝ ՀՀ-ի և ՌԴ-ի մեջ «Լյուդինգ» ընկերության հետ է: Բրենդի սեփականատերը ՌԴ-ն է, իսկ շշալցման սեփականատերը մենք ենք:

– Որտե՞ղ է սպառվում պատրաստի արտադրատեսականին:

– Ռուսաստան, Եվրոպա ենք ուղարկում մեր արտադրած խմիչքների տեսականիները, հիմա արդեն Էմիրատներն է հետաքրքրված: Ամենամեծ սպասելիքը Չինաստանն է, այս տարի արտահանել ենք 11 տեսականի, հույս ունենք, որ հաջորդ տարվանից մեծ թափով կսկսենք արտահանումը:

Ունենք շատ լավ գործընկեր Չինաստանում, նրանց կողմից բավականին հետաքրքիր առաջարկ ենք ստացել: Իրենց մոտ կա 4 – 7 տոկոսանոց գինիների մեծ պահանջարկ, մենք նման արտադրանք չենք արտադրել մինչև այսօր: Օրինակները ուղարկել ենք, դրանք արժանացել են իրենց հավանությանը, կլինեն և շամպայնի և գինու տեսակներ: Հույս ունենք, որ հաջորդ տարվանից նոր տեսականիները կարտահանենք չինական շուկա, դա էլ կլինի հաջորդ տարվա նորույթը, որը կհամեմատվի գարեջրի 4 – 7 տոկոսի հետ:

Այս տարվա կոնյակի նոր արտադրատեսականիները՝ «Մեծ Սյունիք», «Նարե», «Իքսո» արտադրել ենք Սյունիքի «Տատնի» ջրերի գործարանի համար: Իրենք են կազմակերպելու վաճառքը և’ Ռուսաստանի Դաշնությունում, և’ Հայաստանի Հանրապետությունում /իրենց իրավունքն է վաճառելու/:

Ցանկություն ունենք լցնովի գինի դուրս բերել վաճառքի, բավական պահանջարկ կա ռեստորաններում և մեծ սուպերմարկետներում: Այս ամիս կսկսենք փորձնական, հիմնական աշխատանքները կիրականացնենք հաջորդ տարի:

Մեր արտադրանքը ոչ մեծ քանակությամբ արտահանվել է նաև ԱՄՆ: Մենք օղիներ ենք սկսել վերականգնել, մեր արտադրատեսականիների շուրջ 12 անուն գրանցված է՝ մեկ շաբաթ առաջ գրություն ստացանք ԱՄՆ-ից, որով մեզ իրավունք է տրվում ԱՄՆ արտահանելու, այս տարի չենք հասցնի, հաջորդ տարվանից կարտահանենք:

– Որտեղի՞ց եք ձեռք բերում հումքը՝ խաղողը, անհրաժեշտ պարագաները:

– Այս տարի լավ բերք էր եղել՝ փառք Աստծո, մենք մեր ուզածի չափ կարողացանք ընդունել, նախորդ տարիներից ավելի շատ ընդունեցինք՝ լավ, որակով խաղող էր: Հուսով ենք, որ այդ հումքից բարձրակարգ արտադրանք կստանանք:

Շամպայնի ստացման համար նախատեսված խաղողը հիմնականում գալիս է Նոյեմբերյանի տարածաշրջանից, իսկ գինու արտադրության համար՝ խաղողը ընդունում ենք Արտաշատից, Հոկտեմբերյանից, Արենիից:

Գումարի 90 % վճարել ենք տնտեսություններին, մնացած 10 % կվճարենք մինչև դեկտեմբերի 30-ը:

Նշեմ, որ Չինաստանը ամբողջ աշխարհին մատակարարում է իրենց մոտ արտադրված պահածոներով, Հայաստանում արտադրված պահածոների, գինիների մեծ պահանջարկ է զգացվում իրենց երկրում, որովհետև հայկական մրգից և բանջարեղենից ատադրվում է էկոլոգիապես մաքուր սննդամթերք՝ պահածոներ, խմիչքներ:

– Առաջիկայում, ի՞նչ ծրագրեր ունեք, որո՞նք պետք է իրականացնեք:

– Մենք մտադրություն ունենք ֆինանսական ներդրում կատարել Հայաստանում: Հիմնական մասը կներդնենք մեր գործարանն ավելի ժամանակակից դարձնելու և, ինչու ոչ, մի մասն էլ գյուղատնտեսության՝ անասնապահության զարգացման մեջ կներդնենք: Չնայած մեր գինեգործության հետ կապ չունի, սակայն այդ գործընթացը կօգնի, որպեսզի գյուղերում բնակվող մեր ազգաբնակչությունն ավելի լավ ապրի:

Ես ցանկանում եմ ստեղծել տոհմային ինստիտուտ և այդ ինստիտուտը կգտնի նման մարդիկ, ովքեր կցանկանան այդ ընտանիքների հետ համագործակցել որպես գործընկեր:

– Սննդի անվտանգության հետ կապված, մինչև սպառողին հասնելը պատրաստի արտադրանքը, որտե՞ղ է ստուգվում, ի՞նչ սարքավորումներ և հոսքագծեր են օգտագործվում արտադրությունում:

– Արտադրված տեսականիները մինչև սպառողին հասնելը, մեր ուժերով ենք ստուգում՝ լաբորատորիայում: Արտադրությունում տեխնիկական հագեցվածությունը չէի ասի, որ 100 տոկոսանոց է, բայց այսօրվա բոլոր պահանջներին համապատասխանեցված է: Նոր հոսքագծեր, սարքավորումներ ենք ձեռք բերելու, հիմնականում օգտագործում ենք իտալական, գերմանական սարքավորումներ, որոնցից մի քանիսը հայ – ռուսական են: Ունենք երկու ընդունման կետեր՝ Նոյեմբերյանում ու Քանաքեռավանում, որտեղ մենք՝ խաղողից մինչև կոնյակ, խաղողից մինչև գինի, այդ ամենը մեր միջոցներով ենք կատարում:

Հ.Գ. Հուսանք, որ Երևանի Շամպայն գինիների գործարանի նախագահ Հրայր Հակոբյանի մտահղացումները՝ խմիչքների արտահանման, գյուղատնտեսության մեջ ներդրումների հետ կապված հնարավոր կլինի իրականացնել առաջիկայում:

Մանվել Կիրակոսյան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...