ԱԱԾ-ն բռնել է մի թելից, որը տանում է շատ հեռու

Ռուսական պրոպագանդայի հայազգի «աստղ» Մարգարիտա Սիմոնյանը բավականին ծանր է տարել Հայաստանում «Դիանա Հարությունյան» կեղծ անունով ֆեյսբուքյան էջի օգտատիրոջ բացահայտումն ու կալանավորումը, որը տեղի էր ունեցել այդ էջում հրապարակված կեղծ ու վտանգավոր տեղեկությունից հետո:

Տեղեկությունը, ինչպես հայտնի է, վերաբերում էր ամերիկա-իրանյան սուր խնդրին, որ առաջացել էր գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո: Ըստ տեղեկության, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իբր թե շնորհավորել է ԱՄՆ նախագահ Թրամփին՝ սպանության կապակցությամբ: Այդ տեղեկությունը լայնորեն տարածեցին ադրբեջանական ԶԼՄ-ներ, այդ թվում՝ իրանալեզու տիրույթում: Սակայն տեղեկության կամ դրա ազդեցության, ընդհանրապես տեղեկատվական խնդրի մասին չէ, որ ուզում եմ խոսել: Այդ մասին անդրադարձերի առիթ եղել է, գուցե կլինի ապագայում:

Տվյալ պարագայում խիստ հատկանշական է, որ առաջին հայացքից ավելի շատ հայաստանյան տիրույթի համար հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունը և զարգացումը դարձել է ռուսական պրոպագանդայի «աստղի» ուշադրության առարկա, որը գրել է, թե սիրում է դեմոկրատական հեղափոխությունները: Իհարկե, գրել է հեգնանքով՝ խոսքի ազատության ոտնահարման թափանցիկ ակնարկով: Երբ այդ առնչությամբ որևէ հեգնանք կամ անգամ լուրջ ընդդիմախոսություն է ներկայացնում ռուսական պաշտոնական պրոպագանդայի թեկուզ հայազգի «աստղը», դա ինքնին արդեն զավեշտ է, եթե հիշենք, թե Ռուսաստանում քանիսն են օրինակները պարզապես իշխանության հասցեին ընդդիմախոսության համար հետապնդման դեպքերով՝ ընդհուպ կալանավորում ու ազատազրկում: Բայց բանն, իհարկե, Մարգարիտային դա հիշեցնելն էլ չէ: Նրա ուշադրությունը հատկանշական է թերևս բոլորովին այլ պատճառով:

Օրինակ՝ երբ ամիսներ առաջ բացահայտվեց ֆեյսբուքյան մեկ այլ կեղծ օգտատեր՝ «Դուխով Հայաստան» էջը վարող, Մարգարիտա Սիմոնյանը կարծես թե դրանից չանհանգստացավ: Իսկ հիմա նա հեգնում է, կամ ավելի շուտ՝ անհանգստանում, որովհետև, ըստ ամենայնի, ԱԱԾ-ն բռնել է մի թելից, որը տանում է շատ հեռու: Մյուս կողմից, հայազգի «աստղը», առերևույթ հեգնելով, ծաղրելով, իրականում թերևս ծառայություն է մատուցում Հայաստանին, իր գրառումով առնվազն ցույց տալով թելի ծայրի հեռավորությունը, գոնե առերևույթ հեռավորությունը: Եթե առանց նրա ամեն ինչ կարող էր լինել ենթադրությունների, դիտարկումների տիրույթում, ապա Սիմոնյանը ամեն բան վերածեց այսպես ասած՝ փաստի, ինչի համար Հայաստանի հանրությունն ըստ երևույթին պետք է շնորհակալություն հայտնի ռուսական պրոպագանդայի հայկական «աստղին»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...