ԱԱԾ-ն զգուշացրեց. ինչ է լինելու

- in Կարծիք
aac

ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան առիթով ցավակցության տեքստում խոսել է նաեւ այն մասին, որ մահվան առիթով քրգործը վարող մարմինը, ինչպես նաեւ մյուս իրավապահները՝ այդ թվում ԱԱԾ-ն, կանեն ամեն ինչ Գեորգի Կուտոյանի մահվանն առնչվող բազմաթիվ հարցերի սպառիչ պատասխաններ տալու համար:

ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարի ցավակցությունն ու հայտարարությունը մի կողմից «պատվի կոդեքսից» բխող պարտք է՝ հասնել զինակցի սպանության բացահայտմանը, իսկ մյուս կողմից գուցե վկայում է նաեւ այն մասին, որ ԱԱԾ-ն էլ ունի տեղի ունեցածի առնչությամբ բազմաթիվ հարցեր:

Գեորգի Կուտոյանի դեպքը հանրության զգալի մասի համար ունեցել է շոկային ազդեցություն, առավել եւս բավական լարված հոգեբանական միջավայրում, որ ձեւավորվում է ներքաղաքական կյանքի առկա իրողությունների հետեւանքով:

Գեորգի Կուտոյանը գնահատվում է որպես բարձր պրոֆեսիոնալ, ու թերեւս այդ հատկանիշների բացակայության պայմաններում Սերժ Սարգսյանը 2016 թվականի պատասխանատու ներքին եւ արտաքին քաղաքական հեռանկարների շրջանում չէր նշանակի գերկարեւոր դիրքում: Դա իր հերթին պետք է նշանակի, որ Գեորգի Կուտոյանը որոշակիորեն կպատկերացներ իր շուրջ հասունացող որեւէ վտանգ, եթե իհարկե խոսքը հենց «հասունացող», եւ ոչ թե անսպասելի, կայծակնային վտանգի մասին է:

Ըստ այդմ, նա թերեւս կփորձեր նաեւ որոշակի անվտանգային հարցեր լուծել իր գործընկերների օգնությամբ, որքան էլ լիներ ԱԱԾ պաշտոնաթող ղեկավար: Այդ իմաստով, ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարի հայտարարության տողատակում որոշակիորեն նշմարվում են նաեւ հարցերն այդ առնչությամբ:

Որեւէ վարկած անշուշտ պետք է քննվի եւ հաստատվի կամ հերքվի քննությամբ: Ի զորու՞ է Հայաստանի իրավապահ համակարգը լուծել այդ խնդիրը: Այն, որ համակարգում կան այդ խնդրի լուծման կարողությամբ պրոֆեսիոնալներ, անկասկած է: Հարցն այն է, թե ովքեր են նրանց «դիմաց կանգնածները»:

2009 թվականին փոխոստիկանապետ Մհերյանի սպանությունից հետո պատվի խնդրի մասին հայտարարեց նաեւ ոստիկանությունը, բայց սպանությունն առ այսօր բացահայտված չէ: Կտարբերվի՞ ոստիկանությունից ԱԱԾ-ն: Իսկ կգա՞ մի փուլ, երբ ԱԱԾ-ն կպահանջի գործն իր վարույթ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments