Ադրբեջանը խայտառակեց Պուտինի ակտը

- in Ով ով է ...
Putin Vladimir

Դրեզդենի օպերային բալի բացման առիթով ծագած սկանդալը շարունակվում է, որ սկսվել էր ադրբեջանցի օպերային երգիչ Յուսուֆ Էյվազովից: Մի քանի օր առաջ հայաստանցի երգչուհի Ռուզան Մանթաշյանի գործակալությունը տարածեց տեղեկություն, որ ադրբեջանցի երգիչը հրաժարվել է բեմ բարձրանալ Մանթաշյանի հետ, ինչպես ծրագրել էին բալի կազմակերպիչները:

Թեեւ երգչուհու գործակալության հայտարարությունից հետո Դրեզդենի օպերային բալի կազմակերպիչները փորձեցին քողարկել իրավիճակը, ասելով, թե չի եղել հայ երգչուհու հետ որեւէ պայմանավորվածություն, այդուհանդերձ օպերային երաժշտության աշխարհը շարունակում է փոթորկվել, այդպիսով վկայելով, որ բալի կազմակերպիչները ընդամենը փորձել էին քողարկել սկանդալը, բայց՝ անհաջող: Օպերային երաժշտարվեստի եվրոպացի հայտնի ներկայացուցիչները պարսավանքի խոսքեր են հղում երգիչ Էյվազովին, նրա խտրական մոտեցման համար, այդ մոտեցումը մշակույթի վրա տարածելու համար:

Ընդ որում, առերեւույթ զուտ օպերային սկանդալը գործնականում թերեւս քաղաքական-քաղաքակրթական է: Այն էլ երկու էական հանգամանքի բերումով:

Նախ, ակնառու է, որ, եթե չլիներ հայատյացության Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունը, ադրբեջանցի էրգիչը հազիվ թե իրեն «պարտավորված» զգար գործել այդ քաղաքականությունից բխող տրամաբանության շրջանակում: Ըստ այդմ, Էյվազովի քայլը Ադրբեջանի պաշտոնական քաղաքականության շարունակություն է, իսկ այդ քաղաքականությունն էլ իր երանգներով՝ քաղաքակրթական խնդիր:

Միեւնույն ժամանակ, Դրեզդենի օպերային բալը 2020 թվականին նվիրված էր լինելու Երկրորդ աշխարհամարտի ավարտի 75-ամյակին, եւ բալը Դրեզդենից բացի նաեւ Սանկտ-Պետերբուրգում էր կազմակերպվելու՝ Հայրենական պատերազմի հաղթանակի 75-ամյակի առիթով:

Անկասկած է, որ Ռուսաստանի ղեկավարության, մասնավորապես նախագահ Պուտինի համար այդ հոբելյանն ունի քաղաքական մեծ նշանակություն, թե ներքին եւ թե արտաքին իրողությունների առումով:

Պուտինի 75-ամյակի ակտի առիթով նրա բարեհաճությունը փնտրող Ալիեւը փաստորեն խայտառակեց այդ ակտի փուլերից մեկը՝ Դրեզդենի օպերային բալն ու դրա սանկտ-պետերբուրգյան շարունակությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments