ԱԺ նիստը թեժ սկսվեց. ամբողջությամբ ընդունեց «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը

- in Կարծիք
AJ

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթ կրող խմբի և անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց 73 կողմ, 20 դեմ և 15 ձեռնպահ ձայներով:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ ձեռնպահ է քվեարկելու օրենքի նախագծին:

Նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու համար: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու համար:

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից,

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

3) զինված ուժերում կամ այլ զորքերում ծառայողի կողմից,

4) անչափահասի ներգրավմամբ,

5) քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում է համարվում քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորումը, որը գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին, և որի նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը կամ այլ անձանց հանցավոր արարքի կատարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը:

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող է համարվում այն անձը, ով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն` համարվում է հեղինակություն և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացման համար տալիս է հրահանգներ, ինչպես նաև կազմակերպում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կամ մասնակցում է դրանց կամ կազմակերպում կամ իրականացնում է դրամական միջոցների հավաքագրում (այդ թվում նաև մոլախաղերի միջոցով) կամ տնօրինում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը կամ կատարում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված այլ գործողություններ:

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը ՀՀ կառավարության նիստում ներկայացնելով օրենսդրական նախաձեռնությունը՝ նշել էր, որ որոշման նախագիծը մշակվել է՝ ելնելով կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունից, և հաշվի է առնվել միջազգային, մասնավորապես, սկանդինավյան երկրների փորձը:

Նրա խոսքով՝ գործող օրենսդրությամբ իրավապահ մարմինները սահմանափակված են այն սուբյեկտներով, որոնց առնչությամբ օրենսդրությունը հնարավորություն է տալիս ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությունը: Մասնավորապես, քրեական դատավարության օրենսդրության հիման վրա ներկայում հնարավոր է ստանալ միայն կասկածյալ և մեղադրյալ հանդիսացող անձանց առնչվող բանկային տվյալները, ինչը բազմիցս քննադատել են միջազգային կառույցները և բարձրաձայնվել է իրավապահ մարմինների կողմից՝ որպես խոչընդոտ ֆինանսական, մասնավորապես, կոռուպցիոն բնույթի հանցագործություններով գործերի քննության համար: Դա պայմանավորված է նրանով, որ հաճախ բանկային տվյալները, որոնք էական նշանակություն ունեն ֆինանսական հանցագործություններով գործերի քննության համար, կարող են առնչվել ոչ թե կասկածյալին կամ մեղադրյալին, այլ, օրինակ, վերջինիս հետ փոխկապակցված անձին: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում որոշման նախագծով ներկայացված հանցագործություններով հարուցված քրեական գործերով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար սահմանված սուբյեկտային սահմանափակումը կվերացվի, և առանձին դեպքերում կստեղծվի հնարավորություն՝ ստանալու բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբյեկտային սահմանափակման: Միաժամանակ, նախագիծն առաջարկում է հավելյալ երաշխիքներ և սահմանափակումներ, մասնավորապես, հանցագործությունների սպառիչ ցանկ, որոնցով հարուցված գործերով միայն կարող են իրականացվել որոշակի իրավապահ գործողություններ: Միաժամանակ չեն ստեղծվի անհամաչափ կամ անհաղթահարելի սահմանափակումներ հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտմանն ուղղված գործունեության ընթացքում:

Օրենքի նախագիծն ընդունվեց 73 կողմ և 37 դեմ ձայներով:

Ազգային ժողովում կայացավ 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երեւան համայնքին տրանսպորտային միջոցների եւ այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաեւ Երեւան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաեւ ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին քվեարկությունը:

Լուսավոր Հայաստան և Բարգավաճ Հայաստան կուսակցությունները կողմ քվեարկեցին, իսկ Իմ քայլը խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը: Իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովի անդամների թիվը հաստատելուն կողմ քվեարկեց 39, ձեռնպահ 2 պատգամավոր, որոշումը չընդունվեց: Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ այս հարցը պետք է քննվի Երևանի ավագանիում, իսկ ԱԺ-ում նման հանձնաժողովի ստեղծումը հակասում է Սահմանադրությանը:

Քվեարկությունից հետո բանավեճ սկսվեց Իմ քայլի և ԲՀԿ, ԼՀԿ միջև: Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ Իմ քայլը չունի քաղաքական կամք Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար: Մարուքյանի խոսքով, սա վատ նախադեպ է, նման նախադեպ չի եղել անգամ նախկին խորհրդարանում, որ ընդդիմության սահմանադրական լիազորությունները նման ձևով տապալվեն: Սա քաղաքական լուրջ հետևանքներ է ունենալու: Այսօր հեղափոխությունից հետո առաջին անգամ սահմանադրական մակարդակում նման ետընթաց է արձանագրվում, նշել է Մարուքյանը:

Իմ քայլի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը կոռեկտության կոչ արեց. «Պարոն Մարուքյան, եթե կարոտում եք նախկին խորհրդարանին, կարող եք գնալ, նախկին գործընկերների հետ սուրճ խմել»: Մարուքյանը ընդհատեց Ռուբինյանին, որից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նախազգուշացում հայտարարեց Մարուքյանին:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ քննիչ հանձնաժողովն արդեն ստեղծվել է, այլ բան է, որ թվաքանակը պետք է հաստատվի: «Հիմա անհասկանալի է, եթե թվաքանակը չենք հաստատել, բայց հանձնաժողովն ստեղծված է, ի՞նչ է բխում դրանից: Այս հարցը պետք է համակողմանի քննարկվի: Ստացվում է՝ հանձնաժողովն ստեղծված է, թվաքականը չկա», – ասաց Մելքումյանը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը համաձայնվեց Մելքումյանի հետ: «Այսպիսի սցենար, այսպիսի զարգացում որևէ կերպ նախատեսված չէ, պիտի ելնենք ողջախոհությունից և հնարավորություն ունենք կանոնակարգը փոխել: Թիվը սահմանելու մասին հարցը մնում է մեծ օրակարգում, պետք է հասկանանք սրա վերջնական իրավաբանական հանգուցալուծումը որը պետք է լինի», – ամփոփեց Միրզոյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments