Ակուտագավա Րյունոսկե. «Կեսան և Մորիտոն»

- in Մշակույթ

Կիրակնօրյա ընթերցումներ.

Գիշեր է: Մորիտոն, ցանկապատի ետևից դիտելով նորալուսինը, տրորում է թափված տերևները և սուզվում մտքերի մեջ:
Արդեն լուսինը դուրս է եկել: Ես միշտ սպասել եմ նրա դուրս գալուն, բայց այժմ այս պայծառությունն ինձ սարսափի է մատնում: Երբ մտածում եմ, որ այս գիշերվա մեջ կորչելու եմ և վաղը դառնալու մարդասպան, մարմնովս սարսուռ է անցնում:
Պատկերացրե՛ք՝ այս ձեռքերը արյունով կարմիր են ներկված լինելու: Այդ ժամանակ ես ինքս ինձ ինչքան ատելի կթվամ: Եթե սպանեի մեկին, որին ատում եմ, այսքան չէի տառապի, բայց այս գիշեր ես պետք է սպանեմ մի մարդու, ում չեմ ատում:
Ես այդ տղամարդուն վաղուց գիտեմ: Թեև նոր եմ իմացել, որ նրա անունը Վատարու Սաեմոննո-ջո է, չեմ հիշում, թե քանի տարի առաջ եմ տեսել իր ճերմակ, տղամարդու համար շատ բարի դեմքը: Ես խանդեցի, երբ իմացա, որ ինքը Կեսայի ամուսինն է: Բայց այժմ այդ խանդի զգացումն անհետ կորել է: Եվ չնայած Վատարուն սիրո հարցում մրցակիցս է, նրա հանդեպ ատելություն կամ զայրույթ չեմ զգում: Ո՛չ, նույնիսկ կարելի է ասել` նրան կարեկցում եմ: Երբ Կորոմոգավայից լսեցի, թե Վատարուն ինչքան ջանք է թափել Կեսայի սիրտը գրավելու համար, նրա հանդեպ նույնիսկ համակրանք զգացի: Վատարուն Կեսայի հետ ամուսնանալու համար նույնիսկ պոեզիայի դասերի է գնացել: Երբ պատկերացնում եմ այդ ազնիվ սամուրայի գրած սիրային բանաստեղծությունները, ակամայից ժպտում եմ: Ո՛չ, դա քմծիծաղ չէ: Ես հուզվում եմ, երբ մտածում եմ, թե այդ տղամարդն ինչեր է արել կնոջը հաճոյանալու համար: Կամ էլ միգուցե իմ սիրած կնոջը հաճոյանալու նրա հոժարակամությունը ինձ՝ այդ կնոջ սիրեկանին, մի տեսակ բավարարվածություն է պարգևում:
Սակայն ես արդյո՞ք կարող եմ ասել, որ սիրում եմ Կեսային: Իմ և Կեսայի սիրային կապը երկու շրջանի է բաժանված՝ ներկայի և անցյալի: Ես Կեսային սիրում էի մինչև նրա՝ Վատարուի հետ ամուսնանալը: Կամ էլ մտածում էի, որ սիրում եմ: Բայց երբ հիմա եմ մտածում դրա մասին, իմ զգացմունքներն այնքան էլ մաքուր չէին: Ի՞նչ էի ուզում ես Կեսայից: Ես այդ ժամանակ դեռ կին չէի ունեցել և ուզում էի Կեսայի մարմինը: Եթե մի քիչ չափազանցնեմ, կարելի է ասել, որ Կեսայի հանդեպ իմ սերն իրականում այդ ցանկության գեղեցկացված, սենտիմենտալ արտահայտությունն էր: Ճիշտ է, իսկապես չկարողացա մոռանալ նրան այն երեք տարվա ընթացքում, երբ մենք չէինք շփվում, բայց արդյոք ես կշարունակեի՞ նրա մասին մտածել, եթե իր մարմինն իմացած լինեի: Ընդունում եմ՝ համարձակություն չունեմ ասել՝ այո: Կեսայի հանդեպ տածած սիրո մեջ մեծ էր ափսոսանքը, որ ես երբեք նրան չեմ տիրացել: Ինձ տանջում էին այդ մտքերը, երբ մտա ինձ համար այդքան սարսափելի և միաժամանակ այդքան սպասված {ցանկալի} կապի մեջ: Իսկ հիմա՞: Հիմա ես կրկին ինձ պետք է հարցնեմ՝ սիրու՞մ եմ արդյոք Կեսային:
Սակայն մինչ այդ հարցին պատասխանելը, ինչքան էլ տհաճ լինի, ես պետք է վերհիշեմ ամբողջ պատմությունը: Այն օրից, երբ Վատանաբե կամրջի օրհնման արարողության ժամանակ երեք տարի ընդմիջումից հետո տեսա Կեսային, ես մոտ կես տարի ամեն ինչ անում էի, որպեսզի կարողանամ նրա հետ թաքուն հանդիպել: Այնուհետև ինձ հաջողվեց անել դա: Եվ ոչ միայն: Ես այդ ժամանակ, ոնց երազում էի, կարողացա ճանաչել նրա մարմինը: Բայց այդ ժամանակ ինձ իշխողն այն ափսոսանքը չէր, որ ես չէի կարողացել նրա հետ քնել: Երբ Կորոմոգավայի տանը Կեսային հանդիպեցի, նկատեցի, որ այդ ափսոսանքն արդեն խամրել է: Երևի իմ տենչանքը պակասել էր նաև այն պատճառով, որ արդեն կանանց հետ հարաբերվելու փորձ ունեի: Սակայն գլխավոր պատճառն այն էր, որ Կեսան այլևս գեղեցիկ չէր:
Այժմյան Կեսան իրականում երեք տարի առաջվա Կեսան չէ: Նրա մաշկը կորցրել է փայլը, իսկ աչքերի շուրջ սև շրջանակ է ստեղծվել: Նրա գեղեցիկ դեմքն ու վիզը կարծես չորացել են: Միայն այն հպարտ, կենդանի, սև աչքեն են, որ չեն փոխվել: Այս փոփոխությունը կարծես մեծ հարված էր իմ տենչանքին: Երբ երեք տարի ընդմիջումից հետո այդ կնոջը տեսա, հստակ հիշում եմ, այնպես ցնցվեցի, որ չէի կարողանում նրան ուղիղ նայել:
Այդ դեպքում ինչու՞ սիրային կապ սկսեցի մի կնոջ հետ, ում այլևս չէի տենչում: Նախ և առաջ, ինձ մոտ նրան նվաճելու տարօրինակ ցանկություն ծագեց: Կեսան նստած էր իմ դիմաց և դիտմամբ չափազանցնելով պատմում էր, թե որքան է Վատարուին սիրում: Բայց ինձ համար դա դատարկ էր հնչում: Ես մտածեցի. «Այս կինն իր ամուսնու նկատմամբ ոչինչ չի զգում»: Այդ պատճառով ես միայն ավելի ու ավելի էի ցանկանում նրա ստերը երևան հանել: Ինչո՞ւ էի մտածում, որ ստում է: Եթե ինձ ինչ-որ մեկն ասեր, որ այդ կասկածն ընդամենը իմ երևակայության արդյունք է, ես չէի կարողանա հակաճառել: Չնայած դրան, ես մտածում էի, որ նա ստում է: Եվ մինչև հիմա էլ այդպես եմ մտածում:
Բայց ինձ միայն նվաճելու այդ ցանկությունը չէր համակել: Դրանից բացի ուրիշ բան էլ կար, որի մասին հիշատակելիս ես կարմրում եմ: Այդ ժամանակ ինձ իշխում էր հասարակ տռփանքը: Դա այն ափսոսանքը չէր, որ ես նրա հետ չեմ քնել: Դա մի վուլգար ցանկություն էր, երբ միևնույն էր, թե դիմացիդ կինն ով է: Երևի նույնիսկ մարմնավաճառ գնող տղամարդիկ այդքան պիղծ չեն, ինչպես ես էի այդ ժամանակ:
Ինչևէ, ես այդ դրդապատճառներով Կեսայի հետ կենակցեցի: Ավելի ճիշտ, ես նրան բռնությամբ տիրացա: Իսկ հիմա վերադառնամ իմ առաջին հարցին. ո՛չ, հիմա նույնիսկ կարիք չկա հարցնելու՝ նրան սիրո՞ւմ եմ թե ոչ: Ես ժամանակ առ ժամանակ նրան նույնիսկ ատում եմ: Հատկապես երբ ամեն ինչ վերջացավ, և նա պառկած լաց էր լինում, իսկ ես փորձում էի նրան բարձրացնել. այդ ժամանակ նա ինձ ավելի անարգ էր թվում, քան ես: Թե՛ գզգզված մազերը, թե՛ քրտնքից լղոզված դիմահարդարանքը,- ամեն ինչ ցույց էր տալիս այդ կնոջ հոգու և մարմնի տգեղությունը: Եթե նույնիսկ մինչ այդ նրան սիրում էի, ապա այդ օրը սերը հավերժ անհետացավ: Կամ եթե մինչ այդ ես նրան չէի սիրել, ապա կարելի է ասել՝ այդ օրն իմ սրտում ատելություն ծնվեց: Եվ հիմա, չսիրած կնոջ համար պատրաստվում եմ սպանել մի տղամարդու, որին չեմ ատում:
Դա ոչ մեկի մեղքն էլ չէ: Ես իմ բերանով առաջարկեցի դա: «Արի՛ սպանենք Վատարուին»,- շշնջացի ես նրա ականջին, և մինչև հիմա երբ հիշում եմ դա, մոտս կասկածանք է առաջանում, թե ես խելագար եմ: Բայց ես այդպես շշնջացի, շշնջացի ատամներս սեղմելով, իմանալով, որ չպետք է այդպես վարվեի: Երբ հիմա մտածում եմ դրա մասին, չեմ հասկանում՝ ինչու դա արեցի: Բայց եթե փորձեմ պատասխանել այդ հարցին, կարող եմ ասել, թե որքան արհամարհում էի այդ կնոջը, որքան ատում, այնքան ուզում էի նրան անարգած լինեի: Իսկ այդ նպատակի համար ինչն ավելի լավ կլիներ, քան ստիպել նրան համաձայնել սպանել ամուսնուն, ում հանդեպ սերն ինքը այդքան ցուցադրում էր: Եվ այդպես՝ մղձավանջերից հետապնդվող մարդու պես, ես նրան ստիպեցի համաձայնվել մի սպանության, որը չէի ուզում կատարել: Եթե դա էլ բավարար դրդապատճառ չէ, ապա այդ կարելի է բացատրել միայն նրանով, որ ինչ-որ անհայտ ուժեր՝ ասենք չար ուժերն էին ինձ խելքահան անում: Ինչևէ, ես համառորեն կրկին և կրկին դա շշնջացի Կեսայի ականջին:
Քիչ անց Կեսան հանկարծ ինձ նայեց և հնազանդորեն իր համաձայնությունը տվեց: Եվ զարմանալին միայն այն չէր, որ նա այդքան հեշտ այդ պատասխանը տվեց: Երբ նայեցի Կեսայի դեմքին, նրա աչքերում տարօրինակ մի փայլ կար: Շնացո՛ղ. այդպես երևաց նա ինձ: Միևնույն ժամանակ մի հուսահատություն ու իմ մտադրության հանդեպ վախ հայտնվեց աչքերիս առաջ: Նույնիսկ կարիք չկա ասելու, թե որքան էի ես ատում այդ լկտի, թառամած տեսքով կնոջը: Եթե կարողանայի, հենց այդ պահին իմ խոստումը կդրժեի: Այնուհետև այդ դավաճան կնոջը խայտառակության անդունդը կնետեի: Միգուցե այդ ժամանակ, անգամ եթե նրա զգացմունքների հետ խաղացել էի, խիղճս կարող էր այդ ցասման ետևում թաքնվել: Բայց ես չկարողացա դա անել: Ասես հասկանալով իմ մտադրությունը՝ նա կտրուկ փոխեց դեմքի արտահայտությունը և սկսեց անթարթ նայել իմ աչքերին: Ես ազնվորեն խոստովանում եմ: Պատճառը, որ ես նշանակեցի օրը և ժամը և խոստացա Վատարուին սպանել, վախն էր, որ եթե այդպես չվարվեմ, Կեսան ինձնից վրեժ կլուծի: Մինչև հիմա էլ այդ վախն ինձ համառորեն ճնշում է: Ինչքան ուզում են, թող ծիծաղեն, թե ես վախկոտ եմ: Նրանք այդ ժամանակ Կեսային չեն տեսել: «Եթե ես Վատարուին չսպանեմ, Կեսան կսպանի ինձ, եթե նույնիսկ դա իր ձեռքերով չանի: Եթե այդպես է, ես կսպանեմ Վատարուին»,- հուսահատված մտածեցի՝ նայելով անարցունք լացող նրա աչքերին: Ավելին, վախս հաստատվեց, երբ իմ երդումից հետո նրա գունատ դեմքին ժպիտից այտփոսիկ առաջացավ:
Եվ հիմա այդ անիծյալ խոստման պատճառով ես պատրաստվում եմ իմ մեղքերին ավելացնել նաև մարդսպանությունը: Եթե միայն խախտեի՜ այն խոստումը, որ տանջում է ինձ այս գիշեր: Չնայած ես դրան էլ չէի դիմանա: Նախ և առաջ, ես երդվել եմ: Հետո ես սարսափում եմ վրեժից: Սակայն դրանից բացի ուրիշ բան էլ կա:
Ի՞նչ է դա: Ի՞նչն է այդ մեծ ուժը, որ ինձ՝ վախկոտիս, ստիպում է անմեղ մարդ սպանել: Ես դա չգիտեմ: Չգիտեմ, բայց միգուցե… Ո՛չ, դա հնարավոր չէ: Ես արհամարհում եմ այդ կնոջը:
Սարսափում եմ նրանից: Ատում եմ: Չնայած դրան, ես միգուցե նրան սիրում եմ:
Մորիտոն, շարունակելով ետ-առաջ քայլել, կրկին լռեց: Լուսնի լույս: Ինչ-որ տեղից լսվում էր իմայո երգող ձայնը:
Մարդու հոգին նման է խավարի,
Եվ միայն երկրային կրքերի հուրն է
Այրվում և հանգչում կյանքի հետ:
Երկրորդ մաս
Գիշեր է: Կեսան, մեջքը դեպի լամպի լույսը, նստած է վարագուրված մահճակալի քով և զգեստի թևը ծամծմելով՝ մտածմունքների մեջ է ընկել:
Նրա մենախոսությունը:
Հետաքրքիր է՝ նա կգա՞ թե ոչ: Կարծում եմ՝ հաստատ կգա, բայց տեսնելով, որ լուսինն արդեն հանգչում է, և ոտաձայներ չեն լսվում, սկսում եմ մտածել, թե արդյոք նա միտքը չի՞ փոխել: Եթե հանկարծ չգա… Ես պետք է մարմնավաճառ կնոջ նման ամոթահար դեմքս բարձրացնեմ և արևին նայեմ: Ես կարո՞ղ եմ այդպես անպարկեշտ և անզգամ լինել: Այդ ժամանակ փողոց նետված դիակից ոչնչով չեմ տարբերվի: Ստորացված, տրորված, իմ ամոթը բոլորին հայտնի դարձած: Ու դեռ պետք է համրի նման լուռ մնամ: Եթե այդպես լինի, նույնիսկ մահն ինձ բավական չի լինի: Ո՛չ, ո՛չ, նա անպայման կգա: Երբ բաժանվելիս նայեցի նրա աչքերին, համոզվեցի, որ կգա: Նա ինձնից վախենում է: Ինձ ատում է, արհամարհում և միաժամանակ ինձնից վախենում: Իհարկե, եթե ես միայն ինձ վրա հույս դրած լինեի, չէի կարողանա համոզված ասել, որ նա կգա: Բայց ես հույսս դրել եմ նրա վրա, նրա եսասիրության վրա: Ո՛չ, ես հույս եմ դրել այն գռեհիկ վախի վրա, որ արթնացնում է նրա եսասիրությունը: Ահա ինչու ես կարող եմ այդպես ասել: Նա անկասկած գողունի կգա:
Սակայն ի՜նչ թշվառ մարդ եմ, որ հույսս ինձ վրա չեմ կարողանում դնել: Երեք տարի առաջ ես հավատում էի ինքս ինձ, իմ գեղեցկությանը: Երեք տարի ասելու փոխարեն ավելի ճիշտ կլինի ասել մինչև այն օրը, երբ մորաքրոջս տան մի սենյակում հանդիպեցի նրան և ընդամենը մի հայացքով տեսա նրա հոգում արտացոլված իմ տգեղությունը: Նա ձևացնում էր, թե ոչինչ չի փոխվել և փորձում բարի խոսքերով գայթակղել ինձ: Սակայն երբ կինը գիտե իր տգեղությունը, ինչպե՞ս կարելի է նրան բառերով մխիթարել: Ես ինձ թշվառ էի զգում: Վախեցած էի: Տխուր էի: Դա շատ ավելի վատ զգացում էր, քան այն սարսափը, որ զգացի երեխա ժամանակ, երբ դայակիս գրկում տեսա լուսնի խավարումը: Իմ ունեցած բոլոր երազանքները միանգամից ինչ-որ տեղ անհետացան: Եվ միայն միայնությունն էր անձրևոտ արշալույսի պես ինձ պատել: Ես այդ միայնությունից դողալով մեռյալի նման մարմինս հանձնեցի նրան: Մի մարդու, ում չեմ սիրում, մի մարդու, որն ինձ ատում է, արհամարհում է, վավաշոտ այդ մարդուն: Մի՞թե չկարողացա դիմանալ միայնությանը կամ նրան, որ ինձ ցույց տվեց իմ իսկ գեշությունը: Թե՞ ուզում էի ինչ-որ մեկին խաբած լինել, երբ կրքի պոռթկման ժամանակ գլուխս սեղմեցի նրա կրծքին: Թե՞ նրա նման ես էլ էի կեղտոտ տռփանքով տարված: Միայն դրա մասին մտածելիս ես ամաչում եմ: Ամաչում եմ: Ամաչում եմ: Հատկապես երբ ազատվեցի նրա գրկից, ինչքա՜ն զզվեցի ինձնից:
Ինչքան էլ մտածում էի, որ չպետք է լացեմ, բարկությունից և մենությունից արցունքներս անդադար թափվում էին աչքերիցս: Բայց այդ տխրությունը միայն նրանից չէր, որ ես դավաճանել էի:
Ինչ ամենից շատ տանջում էր այն, որ ես ոչ միայն անհավատարիմ էի, այլև արհամարվա՛ծ էի, ատվա՛ծ, ճնշվա՛ծ, ինչպես բորոտ շունը: Իսկ դրանից հետո ես ի՞նչ արեցի: Երբ հիմա մտածում եմ, դա հեռավոր անցյալի տարտամ հուշ է ինձ թվում: Միայն հիշում եմ, որ երբ հեկեկում էի, նրա բեղերը դիպան ականջիս, և նա տաք շնչելով ցածր ձայնով շշնջաց. «Ե՛կ սպանենք Վատարուին»: Երբ դա լսեցի, ինձ համար մի անսովոր տարօրինակ խանդավառություն զգացի: Խանդավառությո՞ւն:
Եթե լուսնի լույսը կարող է պայծառ լինել, դա էլ է խանդավառություն: Բայց դա լուսնի լույսից տարբերվող խանդավառություն էր: Բայց արդյո՞ք այդ սարսափելի խոսքերը չէին, որ ինձ մխիթարեցին: Մի՞թե ես՝ կինս, այդքան ուրախ եմ ինչ-որ մեկի կողմից սիրվելու համար, եթե նույնիսկ դրա համար պետք է սպանեմ սեփական ամուսնուս:
Ես, լուսնի լույսի նման մենությամբ և խանդավառությամբ լի, դեռ որոշ ժամանակ արտասվեցի: Իսկ դրանից հետո՞: Դրանից հետո: Այդ ե՞րբ էր, որ ես խոստացա ամուսնուս սպանությանը մասնակցել: Այդ խոստումը տալիս էր, երբ հիշեցի ամուսնուս: Ազնվորեն եմ ասում, միայն այդ ժամանակ: Մինչ այդ ես մտածում էի միայն իմ մասին, իմ նվաստացման մասին: Իսկ հետո ամուսինս, այն ամաչկոտ, զուսպ ամուսինս … Ո՛չ, ոչ թե նա, այլ նրա ժպտացող դեմքը հայտվեց աչքերիս առջև: Այդ վայրկյանին էր, որ մտքովս անցավ այս գաղափարը: Ես պատրաստ էի մեռնել: Եվ ուրախ էի իմ որոշման համար: Սակայն երբ դադարեցի լացել և նայեցի այն մարդու դեմքին, նրա հոգում տեսա իմ տգեղության արտացոլանքը, և ուրախությունս միանգամից չքացավ: Այդ ժամանակ ես կրկին հիշեցի դայակիս հետ տեսած լուսնի խավարման մթությունը: Կարծես իմ ուրախության ետևում թաքնված բոլոր չար հոգիներին ազատ արձակեցին: Արդյո՞ք ես այնքան էի սիրում ամուսնուս, որ պատրաստ էի մեռնել նրա փոխարեն: Ո՛չ, դա ընդամենը արդարացում էր այն մարդու հետ քնելու մեղքս քավելու համար:
Ես այնքան համարձակություն չունեմ, որ ինքնասպան լինեմ: Ես, որ ողորմելի կերպով ուզում եմ մարդկանց աչքին թեկուզ մի քիչ բարետես երևալ: Այս ամենը ինձ միգուցե ներվեր, բայց ես ինձ ավելի ատելի կթվայի: Ավելի տգեղ: Ամուսնուս փոխարեն ինձ զոհաբերելով՝ ես արդյոք չե՞մ փորձում վրեժ լուծել այն մարդուց, որն ինձ ատում է, արհամարհում, խաղում զգացմունքներիս հետ իր անզգամ տռփանքով: Կարծես դրա ապացույցն էր այն, որ երբ նրա երեսին նայեցի, լուսնի լույսի նման խանդավառությունս կորավ, և սիրտս տխրությունից սառույց կտրեց: Ես չե՛մ մեռնելու ամուսնուս համար: Ես մեռնելու եմ ինքս ինձ համար: Ես ուզում եմ մեռնել, որովհետև դառնություն եմ զգում սրտիս վերքերի համար, որովհետև զայրույթ եմ զգում իմ պղծված մարմնի նկատմամբ: Ես ոչ միայն ապրելու պատճառ չունեի, չունեի նաև մեռնելու պատճառ:
Բայց միգուցե ավելի լավ է մեռնել, քան ապրել: Ես, տխրությունս թաքցնելով կեղծ ժպիտի ետևում՝ նորից ու նորից խոստացա նրան օգնել սպանելու ամուսնուս: Նա բավականին խելացի է, որպեսզի հասկանա, թե ես ինչ կանեմ, եթե նա իր խոստումը չպահի: Հնարավոր չէ, որ նա, ով նույնիսկ երդվել է, այսօր թաքուն չգա: Ի՞նչ է սա, քամու ձա՞յնը: Ես մի տեսակ հանգստություն եմ զգում, երբ մտածում եմ, որ տանջանքներս այսօր վերջանալու են: Վաղը արշալույսի աղոտ լույսը կընկնի իմ անգլուխ դիակի վրա: Ամուսինս երբ դա տեսնի… Ոչ, չեմ ուզում մտածել ամուսնուս մասին: Նա ինձ սիրում է: Բայց ես նրա սիրուն չեմ կարողացել պատասխանել: Ես միշտ սիրել եմ միայն մի տղամարդու: Եվ այդ տղամարդը այս գիշեր գալու է ինձ սպանելու: Նույնիսկ լամպի լույսն է շողշողում: Սիրած տղամարդու կողմից տանջվող ինձ համար:
Կեսան փչելով հանգցնում է լամպի կրակը: Քիչ անց մթության մեջ լսվում է բացվող շարժապատի ձայնը: Նրա միջով երևում է լուսնի դժգույն լույսը:
Ճապոներենից թարգմանությունը՝ 
Աստղիկ Հովհաննիսյանի
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...