ԱՄՆ-ն ցույց է տալիս Թուրքիայի տեղը

- in Միջազգային

ՆԱՏՕ-ն պետք է ավելի մեծ դերակատարում ունենա մերձվորարեւելյան զարգացումներում, Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Օրերս ԱՄՆ նախագահ Թրամփն էր խոսել այդ մասին, դիտարկելով անգամ մերձավորարեւելյան երկրների ներգրավումը ՆԱՏՕ-ի կազմ: Թե հատկապես ինչ երկրներ է դիտարկում կամ կարող է դիտարկել ԱՄՆ-ն, պարզ չէ: Միեւնույն ժամանակ, գաղափարը թերեւս ունի ոչ այնքան պրակտիկ իրագործման, որքան քաղաքական քննարկումների խթանման, գործընթացի նախաձեռնման, օրակարգի կառավարման նպատակ:

Այդ տեսանկյունից Թուրքիայի հետ խոսակցությունը հատկանշական է, նկատի ունենալով այն, որ Անկարան մի կողմից դաշինքի անդամ է, մյուս կողմից վարում է ՆԱՏՕ-ի հետ հակոտնյա քաղաքականություն, հատկապես մերձավորարեւելյան ռեգիոնում: Շաբաթներ առաջ ՆԱՏՕ Վեհաժողովում Թուրքիան անգամ պայման էր դնում, որ կաջակցի արեւելաեվրոպական անվտանգությանն առնչվող ծրագրերին, եթե դաշինքն էլ աջակցի Անկարայի մերձավորարեւելյան քաղաքականությանը:

Ըստ ամենայնի, դա տեղի չի ունենա, եւ ԱՄՆ-ն այդ մասին ակնարկում է Թուրքիային: Ռեգիոնում ՆԱՏՕ-ի դերի ընդլայնման հարցը թերեւս Վաշինգտոնի հստակ ակնարկն է Թուրքիային. Անկարան կամ հայտնվում է մերձավորարեւելյան նոր խաղի լուսանցքում, կամ խաղում է հյուսիսատլանտյան քաղաքականության համատեքստում, որ կներդնի ԱՄՆ-ն:

Իրանի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության որոշումով եւ իրականացումով Միացյալ Նահանգները մերձավորարեւլյան ռեգիոնում ձեւավորել է բոլորովին նոր մեկնակետ, որտեղ առանցքային դեր ունի Իրանը:

Իրանն այդ դերը իրացնելու է առաջին հերթին Ռուսաստանի եւ Անկարայի հաշվին: ԱՄՆ-ն ըստ ամենայնի հակված է պայմանավորվել Ռուսաստանի հետ եւ այդ հարցում էական նշանակություն ունի Հայաստանը՝ մի կողմից Ռուսաստանի հետ ձեւավորված տարաբնույթ հաղորդուղիների, մյուս կողմից ավելի քան քառորդ դար ռեգիոնալ նոր ռազմա-քաղաքական ճարտարապետության հեղինակ լինելու առումով, որը փոխարինում է ռուս-թուրքական ռեգիոնալ ճարտարապետությանը:

Վաշինգտոնը ամերիկա-իրանյան մեծ խաղի նոր խաղափուլում Մոսկվայի որեւէ դերակատարում կշարունակի դիտարկել, եթե իհարկե Մոսկվան Հայաստանի այդ նշանակությունը գնահատի համարժեք: Խոսքն այդ դեպքում Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ հավակնության, այդ միջոցով Թուրքիայի հետ ռեգիոնալ առեւտրով խնդիրներ լուծելու ավանդույթից հրաժարվելու մասին է:

Այդ իսկ պատճառով ԱՄՆ Ռուսաստանին օգնում է ահաբեկություն կանխել Սանկտ-Պետերբուրգում, իսկ Թուրքիայի համար պարզորոշ սահմանագծում, որ Անկարան չունի ռեգիոնալ ինքնուրույն խաղի հեռանկար, եւ խաղը կարող է լինել միայն ՆԱՏՕ կազմում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...