Putin Vladimir

Նախօրեին իրադարձությունների զարգացումը Ռուսաստանում ստացել է բավականին դինամիկ ու անսպասելի բնույթ:

ՌԴ Պետդումային ուղղված Պուտինի ամենամյա ուղերձից հետո, որում նա խոսել է Սահմանադրության փոփոխության, նախագահի լիազորությունը որոշակի նվազեցնելու և խորհրդարանի լիազորությունը բարձրացնելու անհրաժեշտության մասին, հրաժարական է ներկայացրել ՌԴ կառավարությունը: Մեդվեդևը այդ հրաժարականը բացատրել է նախագահին իր մտահղացումները անելու հնարավորություն ընձեռելու նկատառումով: Պուտինն էլ իր հերթին հայտարարել է, որ Մեդվեդևի համար ստեղծելու է Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոն:

Պուտինի ուղերձը, ինչպես և մենք դիտարկել էինք, գործնականում Ռուսաստանում իշխանության կամ առնվազն նախագահի փոփոխության մեկնարկի ուղերձ էր: Եվ, փաստորեն, այդ փոփոխությունը գործնականում սկսվել է անմիջապես, ավելի արագ, քան կարող էր թվալ: Արդյո՞ք Մեդվեդևը հերթական անգամ կդառնա Պուտինի ժառանգորդը, թե՞ նա, այսպես ասած, պատվավոր ինչ-որ տեղ կզբաղեցնի, իսկ Պուտինի ժառանգորդը կդառնա նա, ով կզբաղեցնի Մեդվեդևի տեղը: Ռուսաստանում կարծես թե ավանդույթ է, որ նախագահ դառնում է վարչապետը:

Այդպես է Պուտինը փոխարինել Ելցինին, այդպես է Մեդվեդևը փոխարինել Պուտինին, և Պուտինն ինքն էլ մնաց վարչապետի պաշտոնում և վերադարձավ այդպես: Կխախտվի՞ ավանդույթը Ռուսաստանում, թե՞ ոչ: Միաժամանակ, ակնառու է, որ այս անգամ Ռուսաստանում որևէ դեպքում գործ չեն ունենա այն փոխանակման հետ, որը տեղի ունեցավ Պուտին-Մեդվեդև տանդեմի մոտ 2008 թվականին: Եթե անգամ ժառանգորդը Մեդվեդևն է, ինչը քիչ հավանական է, միևնույն է, այս անգամ Պուտինի վերադարձի սխեման չի գործելու և այն, որ ՌԴ նախագահը, փաստորեն, որոշակիորեն ապակենտրոնացնում է իշխանությունը, վկայում է դրա մասին:

Ռուսաստանում զարգացումներն անշուշտ նշանակելու են նոր իրավիճակ հետխորհրդային տարածքում, առնվազն: Ինչպիսին է լինելու այդ իրավիճակը, պարզ կլինի, երբ հասկանալի դառնա, թե ինչպիսին է լինելու ՌԴ նոր իշխանությունը: Միևնույն ժամանակ սպասել, որ այդ իշխանության բնույթը ենթարկվելու է արագ փոփոխության, թերևս պետք չէ, սակայն ազդակները շատ կարևոր են, քանի որ դրանք իրենց հերթին փոփոխության անհրաժեշտություն են առաջացնելու հետխորհրդային գոտու կամ եվրասիական տարածության սուբյեկտների համար, այդ թվում՝ բնականաբար, Հայաստանի, եթե իհարկե չարձանագրենք այն, որ այդ տարածությունում առանցքային փոփոխություններն ըստ էության մեկնարկել են հենց Հայաստանից՝ թավշյա հեղափոխությամբ, որն իբրև երևույթ գործնականում խորթ է ռուսական ազդեցության գոտում: Այդ իմաստով, հայ-ռուսական հարաբերությունը գործնականում կարող է դառնալ եվրասիական տարածության որոշակի վերափոխման տրենդային հարաբերություն: