Անսպասելի տեղեկություն մարտի 1-ի մասին. ո՞վ է տապալել բանակցությունը

- in Ով ով է ...

Մամուլում տեղեկություն է հայտնվել Մարտի 1-ի դեպքի առնչությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան նամակների առնչությամբ, որ այդ շրջանում ժամանակավոր հավատարմատար Յոզեֆ Փենինգտոնը հղել է Վաշինգտոն: Դրանցում նա խոսում է Հայաստանում 2008 թվականի մարտի 1-2-ի իրադրության մասին: Նամակները հայտնի են դարձել Վիկիլիքսի «շնորհիվ», այս օրերին էլ հայտնվել հայկական համացանցում:

Դրանցում ուշագրավ հանգամանքները շատ են, Փենինգտոնը պատմում է մարտի 1-ի կեսօրին Լեւոն Զուրաբյանի դիմումի մասին:

«Ժամը 17։00-ին Զուրաբյանը զանգահարել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին, խնդրել, որ ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն ուղարկի ՀՀ կառավարությանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է գալ հանրահավաքի վայր և վերահսկել ամբոխին, եթե իշխանությունները նրան թույլ տան դուրս գալ տնից և անհապաղ թույլտվություն տան 10 օր օրինական ցույցեր կազմակերպել։ ԱՄՆ ներկայացուցիչն այս մասին տեղեկացրել է Վիգեն Սարգսյանին, որը պատասխանել է, որ Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ չէ և ազատ է տնից դուրս գալ՝ երբ ցանկանա։ Կես ժամ անց Սարգսյանը հետ է զանգել, ու հայտնել, որ Քոչարյանը պատրաստ է կազմակերպել Տեր-Պետրոսյանի տեղափոխությունը, եթե նա պատրաստ է ցրել ցուցարարներին կամ տեղափոխել նրանց Դինամո մարզադաշտ։

Քոչարյանը նաև երաշխավորել է թույլ տալ անցկացնել ցանկացած այլ հանրահավաք Դինամո մարզադաշտի տարածքում։ Պատասխանն ուղարկվել է Լևոն Զուրաբյանին, սակայն շուտով նա տեղեկացրել է, որ Տեր-Պետրոսյանն ուղիղ կապ է հաստատել նախագահականի հետ և փորձում է Մատենադարանի մոտ 15 օր ցույցեր կազմակերպելու երաշխավորություն ստանալ», մեջբերված է Փենինգտոնի նամակագրությունից:

Այդ համատեքստում, մի շարք շրջանակներում ակնարկվում է, որ բախումը հրահրել է Նիկոլ Փաշինյանը: Այդ պնդումը բացահայտորեն անում են նաեւ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները:

Վիկիլիքսի մեջբերվող հրապարակումն առաջացնում է հարց՝ եթե Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը պայմանավորվում էին, ապա ո՞վ է արգելակել այդ պայմանավորվածության իրագործումը եւ փաստորեն այդպիսով զոհերից խուսափելը:

Եթե Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը պայմանավորվում էին, ապա բավական էր դրա արդյունքում Տեր-Պետրոսյանը գնար Մյասնիկյանի հրապարակ, եւ այնտեղ իրավիճակը աներկբա կառավարելու էր հենց նա, ոչ թե որեւէ այլ մեկը, թեկուզ Նիկոլ Փաշինյանը:

Հետեւաբար առավել սուր է հարցը՝ ով է խանգարել Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի միջեւ արդյունավետ բանակցությանը եւ վերջնարդյունքին: ԱՄՆ գործերի ժաանակավոր հավատարմատարի խոսքը պարունակում է մի բավական ուշագրավ երանգ: Նա ասում է, որ միջնորդության համար դիմել է Լեւոն Զուրաբյանը, իրենք իրականացրել են միջնորդությունը, բավական արդյունավետ, Վիգեն Սարգսյանը զանգահարել եւ փաստորեն հուսադրող խոսք է փոխանցել Ռոբերտ Քոչարյանի անունից: Հետո Փենինգտոնը գրում է. «Պատասխանն ուղարկվել է Լևոն Զուրաբյանին, սակայն շուտով նա տեղեկացրել է, որ Տեր-Պետրոսյանն ուղիղ կապ է հաստատել նախագահականի հետ և փորձում է Մատենադարանի մոտ 15 օր ցույցեր կազմակերպելու երաշխավորություն ստանալ»:

Այդպիսով, ստացվում է, որ ԱՄՆ միջնորդությունը մնացել է կիսատ, Լեւոն Զուրաբյանն իր հերթին պատասխանի փոխարեն փաստորեն հայտնել է՝ ըստ Փենինգտոնի, որ իրենք ուղիղ կապ են հաստատել նախագահի նստավայրի, այսինքն Քոչարյանի հետ: Այսինքն՝ ԱՄՆ դեսպանատան միջնորդությունն այլեւս պետք չէ:

Ո՞վ եւ ինչպե՞ս է հաստատել Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի միջեւ այդ ուղիղ կապը: Արդյոք այդ կապը հաստատվել է այն բանից հետո, երբ այդ որեւէ մեկը իմացել է ԱՄՆ դեսպանատան միջնորդությամբ իրականացվող արդյունավետ բանակցության մասին, որը կարող էր իրավիճակը հանգուցալուծել առանց զոհերի: Ինչու՞ է Տեր-Պետրոսյանի թիմը փաստորեն հրաժարվել ԱՄՆ դեսպանատան օգնությամբ իրականացվող միջնորդությունից, հատկապես որ այն ընթանում էր արդյունավետ: Այն դեպքում, երբ միջնորդի պատասխանատու կարգավիճակը իր մեջ կպարունակեր որոշակի երաշխիք:

Հարցերը անշուշտ չեն սահմանափակվում այդ ամենով: Դրանց բոլորի պատասխանը պետք է տա մարտիմեկյան գործի դատավարությունը, որը, ինչպես մի առիթով բնորոշել էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ նախկին երեք նախագահների միջեւ գործ է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments