Առայժմ Հայաստանում գերիշխում են այլ շարժառիթներ

- in Վերլուծական

Ակնառու է, որ Հայաստանի ներքաղաքական դաշտը բացարձակապես չի համապատասխանում այն իրողություններին, որ տեղի են ունենում Հայաստանից դուրս և ծավալվում են նաև մեր անմիջական հարևանությամբ կարևորագույն ռեգիոնում՝ Մերձավոր Արևելքում:

Միևնույն ժամանակ, այստեղ, թերևս, փոքր-ինչ կենցաղայնացված կարող ենք ասել՝ իսկ ներքաղաքական դաշտ կա՞, որ համապատասխանի կամ չհամապատասխանի միջազգային իրողություններին կամ պարզապես քաղաքականություն հասկացության ամբողջ ծավալին: Հայաստանում ներքաղաքական դաշտ չկա և լինել չէր կարող՝ այն պարզ պատճառով, որ չկար դրա շարժառիթ, պատճառ:

Ներքաղաքական դաշտ լինում է այնտեղ, որտեղ կա մրցակցություն, այդ մրցակցության միջոցով իշխանության գալու հնարավորություն:

Հայաստանում դա չի եղել առնվազն քառորդ դար, հետևաբար, այդ քառորդ դարի ընթացքում առերևույթ ունենալով գոյության, առկայության բազմաթիվ ձևեր, գործնականում, խորքային իմաստով Հայաստանում քաղաքական դաշտ, ներքին քաղաքական կյանք գոյություն չի ունեցել: Ներկայումս Հայաստանում հանրությունը կանգնած է ոչ միայն նախահեղափոխական ժամանակաշրջանում, գործնականում անցնող առնվազն քառորդ դարում նենգափոխված, խեղված կառավարման համակարգի հետևանքների, տնտեսական խնդիրների, կուտակված և լուծում չստացած հիմնահարցերի հետևանքը վերացնելու հրամայականի առաջ: Հանրությունը ներկայումս կանգնած է նաև հենց քաղաքական դաշտի բացակայության, քաղաքականություն երևույթի հիմնահատակ իմաստազրկման հետևանքի առաջ: Այժմ Հայաստանում տեղի ունեցողը, որն առերևույթ դարձյալ պարունակում է ներքին քաղաքականության ձևեր, սակայն բովանդակային իմաստով գրեթե դատարկ է, իրականում նոր քաղաքական դաշտի ձևավորում էլ չէ:

Որովհետև նոր քաղաքական դաշտի ձևավորումից առաջ դեռ պետք է ձևավորվի նոր քաղաքական դաշտում լինելու, քաղաքականությամբ զբաղվելու շարժառիթը, շարժառիթային դաշտը, միջավայրը, համակարգը: Առայժմ Հայաստանում գերիշխում են այլ շարժառիթներ: Ամեն ինչ, կամ գրեթե ամեն ինչ, բացի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ շարժառիթներից: Ավելին, այստեղ նույնիսկ հարկ է նկատել, որ դրանք Հայաստանի հանրությանը երբևէ ծանոթ էլ չեն, քանզի, որպես այդպիսին, քաղաքականության պատմություն մենք գրեթե չենք էլ ունեցել, առնվազն պետականության՝ մեր ինքնիշխան պետականության շրջանակում քաղաքականության պատմություն:

Ո՞րն է նոր Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու շարժառիթը: Այդ խնդրի հանրայնորեն ձևակերպումից է կախված նաև, թե մենք, ի վերջո, ինչպիսի ներքաղաքական դաշտ կունենանք դրա արդյունքում, և ինչպիսի ներքաղաքական պատմություն կձևավորվի արդեն ավելի երկարաժամկետ ապագայի համար: Առայժմ, եթե, այսպես ասած, քաղաքականությունը նախկինում դիտարկվում էր լոկ իբրև տուն պահելու միջոց, հեղափոխությունից հետո մի կողմից դիտարկվում է այդպիսին՝ շարունակվում է դիտարկվել, մյուս կողմից էլ նաև որպես կուտակված տների և ունեցվածքի, ու նաև անձնական ազատության պահպանման միջոց: Ավելին՝ որպես շարժառիթ, մոտիվացիա, հանրայնորեն ձևակերպված դեռևս չկա, հետևաբար չկա ու չի լինի քաղաքականություն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...