Առեղծվածային սպանություններ, բռնաբարություն՝ տղամարդը վրեժխնդիր էր եղել ծնողներին սպանելու համար

- in Իրավունք
brnabarutyun

1968 թվականի ամառն  էր: Հիվանդանոցից Երևանի Սպանդարյանի շրջանի ՆԳ բաժնում ահազանգ ստացվեց, որ մարմնական ծանր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-35   տարեկան մի տղամարդ, որն ի վիճակի չէ խոսելու:

Տղամարդուն անհապաղ վիրահատեցին, նրա կյանքը հաջողվեց փրկել:

Պարզվեց նրա ինքնությունը՝ «Շըգըռ» մականունով Սուրենն էր: Նախկինում չորս անգամ դատապարտված էր եղել, մի քանի ամիս առաջ էր ազատություն դուրս եկել:

Երբ «Շըգըռն» ուշքի եկավ, հիվանդանոց գնացած իրավապահներին փորձեց համոզել, թե վնասվածքը ստացել է վայր ընկնելու արդյունքում: Նրա հարցաքննությունները շարունակվեցին, ի վերջո նա խոստովանեց, որ իրեն ծեծել է… հարսնացուի եղբայրը:

Ազատություն դուրս գալուց հետո Սուրենը, ընդառաջելով մոր խնդրանքներին, նշանվել էր հարևանի եղբոր աղջկա հետ, բայց շուտով աղջկա ընտանիքը, մասնավորապես՝ եղբայրը, տեղեկություններ ձեռք բերելով Սուրենի անցյալի վերաբերյալ, մտափոխվել էր: Սուրենը վիճել էր նշանածի եղբոր հետ, բանը հասել էր միմյանց հարվածելուն:

ՆԳ բաժին բերման ենթարկվեց Սուրենի նշանածի եղբայր Գարիկը: Նա չժխտեց, որ Սուրենի հետ վիճել է, բայց պնդեց, որ միմյանց մեկական հարված են հասցրել բռունցքով, իր մեկ հարվածի արդյունքում Սուրենը չէր ստանա այն բազմաթիվ վնասվածքները, որոնք ստացել էր: Իրենց վիճաբանությունից հետո Սուրենն ինքնուրույն հեռացել էր…

Գարիկի ասածները հաստատեցին նաև հարևանները:

Ակնհայտ էր, որ Սուրենը ցանկանում է թաքցնել իր՝ ծանր վնասվածքներ ստանալու իրական հանգամանքները: Սուրենի առողջական վիճակը գնալով լավանում էր: Իրավապահները սպասում էին բժիշկների թույլտվությանը՝ նրան ավելի հանգամանորեն հարցաքննելու համար:

Սակայն իրադարձություններն այլ ընթացք ստացան:

Հուլիսյան շոգ օրը հիվանդանոցում արթնացած Սուրենը հերթապահ բուժքրոջից ջուր ուզեց: Այդ պահին հիվանդասենյակ մտավ  մի տղամարդ ու բացականչեց. «Սուրո՛, էս ի՞նչ խաբար ա, ախպեր»: Սուրենը անակնկալի եկավ. «Քաչա՛լ, որտեղի՞ց իմացար, ա՛յ տղա»: Տեսնելով, որ Սուրենն ու «Քաչալը» ընկերներ են, բուժքույրն ասաց, թե գնում է Սուրենի համար ջուր բերելու: Տղամարդն ասաց, թե ընկերոջն ինքը ջուր կտա, իսկ բուժքրոջը փող մեկնեց ու խնդրեց նեղություն քաշել ու մոտակա կրպակից Սուրենի համար շոկոլադ ու հյութ գնել:

Բուժքույրը տեսնելով, որ ընկերոջ գալով Սուրենն ուրախացել է, չմերժեց ու դուրս եկավ հիվանդասենյակից:

Նա արագ իջավ կրպակ, կարճ ժամանակում գնումներ կատարեց ու բարձրացավ հիվանդասենյակ: Սակայն  հիվանդին այցելած տղամարդն արդեն հեռացել էր: Սենյակում տհաճ հոտ էր տարածվել, իսկ Սուրենը ցավից գալարվելով՝ խնդրում էր փրկել կյանքը:

Բուժքույրն անմիջապես կանչեց բժշկին, բայց երբ բժիշկը եկավ, Սուրենն արդեն մահացել էր…

Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվեց, որ Սուրենին թունավորել էին սուլեմա կոչվող թույնով…

Սուրենի տանը խուզարկություն կատարվեց գործի քննության շրջանակներում: Եվ բոլորի համար անսպասելի՝ մեծ քանակությամբ ոսկե զարդեր հայտնաբերվեցին, որոնց գոյության մասին ընտանիքի անդամներն անտեղյակ էին: Տարօրինակ էր՝ Սուրենը նախկինում չորս անգամ դատապարտվել էր, բայց ոչ մի անգամ ոսկեղենի գողության «գործ» չէր արել, վերջին շրջանում որևէ հաղորդում չէր եղել մեծ քանակությամբ ոսկե զարդերի գողության վերաբերյալ:

Խճճված գործի քննությունը սկսեց դոփել տեղում:

Սուրենի մահից մեկ օր անց Երևանի Լենինյան շրջանի ՆԳ բաժին ներկայացավ մի կին ու հայտնեց, որ հարևանուհին մի քանի օր առաջ երեք տարեկան երեխային թողել է իր մոտ՝ ասելով, թե մի քանի ժամից կվերադառնա, բայց մինչ օրս չի վերադարձել:

Կինը հայտնեց, որ հարևանուհին նախկինում էլ պատահել է՝ երեխային իր մոտ թողել ու մի քանի օրով բացակայել է, դրա համար է ինքը սպասել, բայց արդեն անհանգստանում է: Հարևանուհին՝ Նորան, 25 տարեկան կին է, ամուսին չունի, թեթև վարքի տեր է: Նախկինում Նորան երեխային հարևանուհու մոտ թողնելով՝ միշտ զգուշացնում էր, թե երկու-երեք օրով կբացակայի, իսկ այս անգամ ասել էր, թե գնում է գնումներ կատարելու…

Նորայի անհետացումը հետաքրքրեց իրավապահներին: Սուրենի գործի քննության ընթացքում պարզվել էր, որ Սուրենը Նորա անունով մի սիրունիկ սիրուհի ուներ: Ավելին՝ ծեծվելու և ծանր վնասվածքներ ստանալու օրը Սուրենին տեսել էին Նորայի հետ «Փարվանա» ռեստորանում: Ռեստորանի աշխատողները հիշեցին, որ Սուրենը ռեստորանում հանդիպել է մի նեղճակատ, տգեղ, իր տարիքի տղամարդու  հետ: Մի քիչ խոսել ու բաժանվել էին:

Իրավապահները սկսեցին տեղեկություններ հավաքել Նորայի մասին: Պարզվեց՝ ծանր ճակատագրով կին է, երևանամերձ շրջաններից մեկից էր երեխայի հետ եկել, հաստատվել մայրաքաղաքում: Պարզվեց՝ դեռ 17 տարեկանում Նորային բռնաբարել էին: Մի օր ընկերուհու տանը երկար էր մնացել, ուշ ժամի էր դուրս եկել տուն գնալու: Ճանապարհին մի երիտասարդ հարձակվել էր աղջկա վրա, քարշ տվել ճամփեզրի թփերի տակ ու բռնաբարել:

Աղջկան չանվանարկելու համար հայրը պահանջել էր կատարվածի մասին ոչ ոքի չասել: Աղջիկն էլ ինչ-որ բան էր փսփսացել հոր ականջին:

Այդ դեպքից երեք տարի անց Նորայի հորը հայտնաբերել էին սպանված, դաշտում ընկած: Նորան մորն ասել էր, որ իրեն բռնաբարողն ու հորը սպանողը նույն մարդն է, քանի որ բռնաբարող երիտասարդը Նորային ասել էր, թե բռնաբարում է՝ նրա հորից վրեժ լուծելու համար, մի օր էլ հոր վերջն է տալու…

Տարիներ առաջ Նորայի հայրը դատապարտվել էր: Ինչ-որ մութ պատմություն էր, նա կնոջն անգամ ոչինչ չէր ասել ու արգելել էր դատական նիստերին ներկայանալ: Մարդիկ խոսում էին, թե նա հրդեհել է ինչ-որ մեկի տունը, բայց նրա մեղքը չէր ապացուցվել, նրան դատապարտել էին միայն խուլիգանության համար:

Նորայի հոր սպանությունը մնացել էր չբացահայտված: Նորան հոր սպանությունից հետո արագ ամուսնացել, երեխա էր ունեցել, շուտով բաժանվել էր ու երեխայի հետ տեղափոխվելով Երևան՝ սկսել էր թեթևաբարո կյանքով ապրել:

Սուրենի սպանության ու Նորայի անհետացման գործերի քննությամբ անհրաժեշտություն առաջացավ Նորայի հոր սպանության կասեցված գործն ուսումնասիրելու: Պարզվեց ՝ քրեական գործից կարևոր էջեր են պակասում…

Շուտով հայտնի դարձավ, որ Սուրենի սպանությունից կարճ ժամանակ առաջ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն է կատարվել ոսկե զարդեր վաճառող խանութներից մեկից, բայց խանութի վարիչը, որ լավ «թիկունք» ուներ, այնպես էր արել, որ հափշտակության մասին հաղորդում չէր տրվել:

Հափշտակված ոսկեղենի արժեքը հատուցել էին խանութի աշխատողները՝ միահամուռ ուժերով, պակասորդը փակել ու պարտակել էին կատարված հափշտակությունը: Պարզվեց, որ ոսկու խանութի վարիչը յուրացումներ էր կատարել, պակասորդի տակ ընկել ու կազմակերպել էր խանութի կեղծ կողոպուտը: Նա դիմել էր նախկինում դատված «Շըգըռին»՝ Սուրենին: Վերջինս ներգրավել էր գողության «մասնագիտացմամբ» մի քանի ընկերների, պայմանավորվել էր, որ որոշակի վճարի դիմաց նրանք պիտի մտնեին ոսկու խանութ, խառնեին զարդերը, բայց ոչինչ չհափշտակելով՝ պիտի դուրս գային, քանի որ խանութի վարիչի կողմից արդեն իսկ հափշտակությունը կատարված էր:  Սուրենն ինքը խանութ չէր մտել: Իսկ նրանք, որ մտել էին, չնայած ոչինչ չգողանալու պայմանավորվածությանը, գայթակղվել էին ոսկե զարդերի փայլով ու իրենց հերթին մեծ քանակությամբ զարդեր էին գողացել:

Այդ մասին նրանք անկեղծորեն հայտնել էին Սուրենին,  նույնիսկ նրան էլ բաժին էին հատկացրել, բայց Սուրենը, իրեն հատկացված բաժինը վերցնելով, միաժամանակ շատ էր բարկացել, որ պայմանավորվածությունը չէր հարգվել, ու սպառնացել էր, թե մի օր կատարվածի մասին կհայտնի ում պետք է…

Դրանից օրեր անց էլ Սուրենը դաժան ծեծի էր ենթարկվել…

Խանութի վարիչն ու աշխատողները շուտով ամեն բան խոստովանեցին, հայտնաբերվեցին նաև խանութից ոսկե զարդեր գողացած տղամարդիկ, որոնք խոստովանեցին, որ Սուրենին իրենք են ծեծել, քանի որ և՛ վերցրել էր իրենց հատկացրած ոսկեղենի բաժինը, և՛ անպատվել էր իրենց ու սպառնացել…

Բայց Սուրենին թունավորելու մասին այս խումբը որևէ տեղեկություն չուներ: Նրանք պնդում էին՝ եթե սպանելու նպատակ ունենային, ոչ թե կծեծեին, այլ միանգամից կսպանեին: Բայց ծեծել են՝ վախեցնելու համար, Սուրենի սպանության  հետ առնչություն չունեն:

Երկու շաբաթ անց Սևան քաղաքի ՆԳ բաժնից տեղեկություն ստացվեց, որ Սևանա լճի ափամերճ մացառուտներում կնոջ դիակ է հայտնաբերվել: Անհետ կորած կանանց մեջ դիակի տարիքին ու արտաքին նշաններին համընկնում էր… Նորան:

Իրոք՝ Նորայի դիակն էր: Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվեց, որ Նորային սպանել էին բազմաթիվ հարվածներով:

Նորայի և Սուրենի սպանությունը հնարավոր է՝ նույն մարդու արածն էր: Առավել ևս, որ անհետանալուց առաջ Նորային տեսել էին Սուրենի հետ «Փարվանա» ռեստորանում…

Իրավապահների ուշադրությունը սևեռվեց այն հանգամանքին, որ հիվանդանոցում Սուրենին թունավորած այցելուի և ռեստորանում Սուրենին հանդիպած տղամարդու արտաքինի նկարագրությունների մեջ շատ ընդհանրություններ կային:

Ի վերջո, քննությամբ պարզվեց այդ տղամարդու ինքնությունը.  Պետրոսն էր՝ Սուրենի հեռու բարեկամը: Ռեստորանում պատահաբար էր հանդիպել  Սուրենին, մի քանի խոսք էին փոխանակել: Եվ հանկարծ Պետրոսն ուշադիր նայել էր Սուրենի հետ ռեստորանում գտնվող Նորային: Նորան էլ նրան էր նայել: Ճանաչել էին իրար: Դա այն տղամարդն էր, որը տարիներ առաջ բռնաբարել էր Նորային ու սպառնացել էր, որ սպանելու է հորը: Նա պատանի էր եղել, երբ Նորայի հայրը ինչ-որ խմբի կազմում հրդեհել էր նրանց տունը, նրա ծնողները զոհվել էին, իսկ պատանին երդվել էր վրեժխնդիր լինել ու եղել էր…

Հիմա՝ տարիներ անց, ռեստորանում նա դեմ առ դեմ էր ելել Նորային: Սուրենին ոչինչ չէին ասել: Իսկ Սուրենը Պետրոսին հրավիրել էր իր աշխատավայրը՝ պահակատուն, ասել էր՝ մի երկու ժամից այնտեղ  է լինելու, թող գա, նստեն, խոսեն, մի-մի բաժակ խմեն: Նորան ոչինչ չէր ասել, բայց Սուրենի հետ գնացել էր պահակատուն ու սպասել էր Պետրոսին:

Վերջինս խմիչք էր գնել, գնացել էր պահակատուն: Երեքով նստել, խմել էին: Սուրենը շատ էր խմել, գլուխը դրել էր սեղանին ու քնել էր: Պետրոսը դուրս էր եկել թարմանալու: Նորան սուսուփուս սեղանից վերցրել էր դանակը, Պետրոսի հետևից դուրս էր եկել, բայց Պետրոսը լսել էր նրա մոտենալը: Նորայի հարվածը չէր ստացվել, Պետրոսը դանակը խլել ու հարվածներ էր հասցրել Նորային: Վերջնականապես նրան սպանելու համար գլխին խփել էր նաև ձեռքի տակ ընկած ծանր գործիքով: Հիմա արդեն նա իր վրեժը համարում էր վերջնականապես լուծված:

Գնացել էր պահակատուն. Սուրենը գլուխը սեղանին դրած՝ քնած էր: Պետրոսը մեքենայով էր, Նորայի մարմինը տեղափոխել էր Սևան…

Սուրենը ժամեր անց արթնացել ու տեսել էր՝ ո՛չ Նորան կա, ո՛չ Պետրոսը: Պահակատունը փակել ու շարժվել էր դեպի տուն: Ճանապարհին էլ հանդիպել էր ոսկու խանութի գողերին, որոնք դարանակալել ու սպասել էին նրան, որ ծեծելով վախեցնեն…

Պետրոսն իմացել էր, որ Սուրենը հայտնվել է հիվանդանոցում՝ իրավապահների ուշադրության կենտրոնում:

Իմանալով, որ նրան հարցաքննելու, պարզելու էին՝ ում հետ և որտեղ է եղել, բացի այդ՝ անհետացած Նորային փնտրելով՝ պիտի պարզեին՝ ում սիրուհին է եղել, դարձյալ Սուրենին պիտի հարցաքննեին, այդպես՝ ի վերջո՝ իր հետքին էին ընկնելու, Պետրոսը որոշել էր Սուրենին էլ հեռացնել իր ճանապարհից: Նա գործել էր արագ, մտածել էր՝ Սուրենին վերացնելով՝ ընդմիշտ կորցնում է իր հետքը, բայց այս բազմադրվագ, բուռն գործի վերջին ակորդը հենց Պետրոսի բացահայտումը եղավ:

Պետրոսը մեղադրվեց երեք մարդու սպանության, մեկ բռնաբարության համար: Վրեժի շարժառիթը նրա մեղքը չէր թեթևացնում: Նա դատապարտվեց պատժի առավելագույն չափի…

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments